ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ հարվածել է Հորդանանում գտնվող ամերիկյան Ալ-Ազրակ բազային

Ի պատասխան Իսլամական Հանրապետության վրա հինգշաբթի գիշերը հասցված ամերիկյան հարվածների՝ իրանական կողմը բալիստիկ հրթիռներով թիրախավորել է Հորդանանում տեղակայված «Ալ-Ազրակ» ամերիկյան ռազմաբազան։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մամուլի ծառայությունը հայտնում է, որ հարձակման հետևանքով ոչնչացվել է երեք F-35 ինքնաթիռ, կան նաև սպանված ամերիկացի զինվորականներ։

«Ի պատասխան այս հանցագործությանը և աջակցելով Հորդանանի իսլամական հողն ամերիկյան օկուպանտների լծից ազատագրելու գործին՝ ԻՀՊԿ ստորաբաժանումներն այսօր առավոտյան բալիստիկ հրթիռներով հարվածել են «Ալ-Ազրակ» ռազմաօդային բազայում տեղակայված F-35 կործանիչների կայանատեղիին ու սպասարկման անգարին։ Արդյունքում՝ լիովին ոչնչացվել է երեք F-35, իսկ ևս երեք ինքնաթիռ ստացել է լուրջ վնասվածքներ», — Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը մեջբերում է ԻՀՊԿ հայտարարությունը։

Ավելի վաղ ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) տեղեկացրել էր, որ ամերիկյան զորքերը հինգշաբթի գիշերն ավարտել են Իրանին հասցված հարվածների հերթական ալիքը։ Խոցվել են Իսլամական Հանրապետության տասնյակ թիրախներ, այդ թվում՝ ռազմական հրամանատարական կենտրոններ, հրթիռային ու ԱԹՍ համակարգեր, ափամերձ դիտակետեր, պաշտպանական դիրքեր և ծովային տեղակայման օբյեկտներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *