Շվեդական Gripen E-ներ՝ Ուկրաինայի համար. ԵՄ վարկից 2,5 միլիարդ եվրոն կուղղվի նոր ինքնաթիռներին

Ուկրաինան Եվրամիության նոր վարկից 2,5 միլիարդ եվրո կուղղի շվեդական 16 Gripen E կործանիչների գնմանը։ Այդ միջոցները կդառնան Կիևին տրամադրվող ԵՄ-ի ընդհանուր 90 միլիարդ եվրոյի պաշտպանական խոշոր վարկի մաս, հայտնում է «Европейская правда»-ն։

Ինչպես լրատվամիջոցներին հայտնել են եվրոպական կառույցների աղբյուրները, ԵՄ-ի առաջին՝ 3,47 միլիարդ եվրոյի տրանշից, որը «պաշտպանական վճարների» շրջանակում Ուկրաինային է փոխանցվել հուլիսի 30-ին, մոտ 2,5 միլիարդ եվրոն կօգտագործվի շվեդական Saab ընկերության արտադրության ինքնաթիռների ձեռքբերման համար։

Եվրոհանձնաժողովի ներկայացուցիչ Բալաժ Ույվարին հաստատել է, որ հատկացված միջոցների մի մասը նախատեսված է Gripen կործանիչների գնման համար, սակայն ինքնաթիռների քանակը և պայմանագրի ճշգրիտ արժեքը չի հստակեցրել։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ խոսքը 16 միավոր Gripen E կործանիչների մատակարարման մասին է։

Քանի որ նոր ինքնաթիռների արտադրությունը զգալի ժամանակ է պահանջում, Շվեդիան ծրագրում է 2026 թվականին Ուկրաինային փոխանցել նախկինում շահագործված մի քանի ինքնաթիռներ, որոնք արդեն գտնվում են Շվեդիայի ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ։ Առաջին նոր Gripen E-ները Կիևն ակնկալում է ստանալ 2027 թվականից սկսած։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել էր 16 կործանիչների մատակարարմանն աջակցելու համար 300 միլիոն եվրո հատկացնելու մասին, որոնք պետք է ուժեղացնեն օդային տարածքի պաշտպանության Ուկրաինայի կարողությունները։

2026 թվականի մայիսին Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը հայտարարել էր Ուկրաինային նախկինում շահագործված 16 Gripen փոխանցելու և 20 նոր ինքնաթիռների հնարավոր վաճառքի նախապատրաստման ծրագրերի մասին։

Եվրոմիությունը հայտնել է նաև 90 միլիարդ եվրոյի վարկի շրջանակում պաշտպանական նոր տրանշների նախապատրաստման մասին, որոնք Ուկրաինային պետք է հատկացվեն առաջիկա շաբաթներին։ Միջոցները նախատեսված են երկրի պաշտպանական ներուժի ամրապնդման և անհրաժեշտ սպառազինության ձեռքբերման համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *