Գանայում մահացել է «Գամբագիի հսկան». մահվան պատճառը դարձել են Մարֆանի համախտանիշին առնչվող բարդությունները

Աբդուլ Սամեդը մահացել է երկուշաբթի օրը Գանայի հյուսիսում գտնվող Թամալե քաղաքի հիվանդանոցում։ Նա հոսպիտալացվել էր ոտքերի վերքերի վարակման պատճառով, հայտնում է BBC News-ը։

Հարազատների պատմելով՝ բժիշկները բուժման ընթացքում նշում էին նրա վիճակի բարելավումը, սակայն նրան փրկել չհաջողվեց։

Սուլեմանա Աբդուլ Սամեդը ծնվել է Գամբագի գյուղում՝ Թամալեից մոտ 160 կմ հեռավորության վրա: Նա իր հասակի շնորհիվ դարձել էր տեղական հայտնի անձնավորություն։ 2022 թվականին BBC-ի չափումները ցույց էին տվել, որ նրա հասակը 223 սմ էր (7 ֆուտ 4 դյույմ)։ Ենթադրաբար, մահվան պահին նա հնարավոր է՝ ավելի էր բարձրահասակ դարձել։

Մոտ 20 տարեկանում նրան ախտորոշել էին գիգանտիզմ, իսկ ավելի ուշ պարզվել էր, որ նրա օրգանիզմի առանձնահատկությունների պատճառը Մարֆանի համախտանիշն էր՝ շարակցական հյուսվածքի ժառանգական հիվանդություն, որը հանգեցրել էր վերջույթների չափազանց մեծ աճի և այլ բարդությունների, այդ թվում՝ ողնաշարի ծռվածության։

Աբդուլ Սամեդը նախկինում Աքրայում մսագործ էր աշխատել, սակայն առողջության վատթարացման պատճառով ստիպված էր հրաժարվել վարորդ դառնալու ծրագրերից և վերադառնալ հայրենի գյուղ։

Մահից առաջ նա դժվարանում էր վճարել բուժման ծախսերը։ Թամալեի հիվանդանոցում բժշկական ծախսերը ստանձնել էր գործարար Իբրահիմ Մահաման՝ Գանայի նախագահ Ջոն Մահամայի եղբայրը։

Աբդուլ Սամեդի մահից հետո Գամբագիի բնակիչները ցավակցություն են հայտնել։ Հարազատներն ասում են, որ նրա ժողովրդականությունը գյուղը հայտնի էր դարձրել ամբողջ երկրում։

Ընտանիքը որոշել է նրան հուղարկավորել Թամալեում, ոչ թե հայրենի գյուղում, քանի որ սպասվում էր մարդկանց մեծ հոսք, որոնք կցանկանային վերջին հրաժեշտը տալ նրան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *