ՀՀ-ն հավանություն է տվել Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների վերաբերյալ ՎԶԵԲ-ի հետ 3 դրամաշնորհային համաձայնագրերին

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ կառավարությունը հինգշաբթի  կայացած նիստում հավանություն է տվել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ երեք դրամաշնորհային համաձայնագրերի ստորագրման առաջարկություններին, որոնք վերաբերում են Երևանի և Սյունիքի մարզի համար մաքսային-լոգիստիկ կենտրոնների կառուցմանը։

Երկու նախագծերի ֆինանսավորման ընդհանուր ծավալը գնահատվում է շուրջ 57 մլն եվրո, որից 49 մլն եվրոն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի վարկային միջոցներն են, ևս 8 մլն եվրոն՝ դրամաշնորհային միջոցները։

Երևանի կենտրոնի նախագծի արժեքը կազմում է 45 մլն եվրո։ Այն ֆինանսավորվում է ՎԶԵԲ-ի՝ մինչև 39 մլն եվրո գումարի չափով վարկի և «Հարևանության ներդրումային հարթակի» միջոցով Եվրոպական միության՝ մինչև 6 մլն եվրո չափով դրամաշնորհի հաշվին։ Համաձայնագրերը ստորագրվել են 2025 թ.-ի սեպտեմբերի 19-ին։

Սյունիքում կենտրոնի կառուցման համար նախատեսված է 12 մլն եվրո՝ ՎԶԵԲ-ի 10 միլիոն եվրոյի վարկը և բանկի բաժնետերերի Հատուկ հիմնադրամի միջոցով 2 մլն եվրոյի ներդրումային դրամաշնորհը։ Համապատասխան ֆինանսական համաձայնագրերը ստորագրվել են 2024 թ.-ի մայիսի 14-ին։

Կառավարության հավանությանն արժանացած դրամաշնորհային համաձայնագրերը նախատեսում են նախագծերին տեխնիկական և խորհրդատվական աջակցություն, այդ թվում՝ աջակցություն գնումների իրականացման, տեխնիկական հսկողության իրականացման և միջազգային բնապահպանական հավաստագրման ստացման հարցերում։

Կենտրոնը Սյունիքում

Սյունիքի մաքսային-լոգիստիկ կենտրոնը նախատեսվում է կառուցել Շաքի գյուղի մոտ՝ Սիսիանից մոտ 7 կմ հեռավորության վրա գտնվող 7,7 հա մակերեսով հողատարածքում։ Նախագիծը նախատեսում է արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների սպասարկման կենտրոնի և վարչական շենքի կառուցում՝ տանիքին արևային էլեկտրակայանով։

Կենտրոնը կստեղծվի Սիսիանում մաքսային ծառայության ստորաբաժանման բազայի վրա։ Սպասարկումը նախատեսվում է կազմակերպել «մեկ կանգառի և մեկ պատուհանի» սկզբունքով։

Կենտրոնը Երևանում

Երևանի մաքսային-լոգիստիկ կենտրոնը նախատեսվում է տեղակայել Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում։ Նախագիծը նախատեսում է արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների սպասարկման կենտրոնի և Պետական եկամուտների կոմիտեի վարչական շենքի կառուցում։

Հիմնական ընթացակարգերը նախատեսվում է փոխադրել էլեկտրոնային ձևաչափի։ Ակնկալվում է, որ նոր կենտրոնը թույլ կտա արագացնել սպասարկումը, բարձրացնել մաքսային հսկողության թափանցիկությունը և կրճատել ուղեկցող ռիսկերը։

Տեխնիկական աջակցությունը կընդգրկի գնումները, շինարարության նկատմամբ հսկողությունը, բնապահպանական և սոցիալական պահանջների պահպանումը, ինչպես նաև հաշվետվությունների պատրաստումը։ Բնապահպանական հավաստագրման գծով խորհրդատվությունները կվերաբերեն էներգաարդյունավետությանը, ռեսուրսների ռացիոնալ օգտագործմանը և էկոլոգիապես մաքուր նյութերի ու տեխնոլոգիաների կիրառմանը։ ՎԶԵԲ-ը նշում է, որ երկու կենտրոններն էլ պետք է դառնան Հայաստանի առաջին պետական կառույցներից մեկը, որոնք կստանան միջազգային «կանաչ» հավաստագիր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *