
Իսպանիան զորքեր է տեղակայում Մարոկկոյի հետ սահմանին Հյուսիսային Աֆրիկայում գտնվող իսպանական Սեուտա էքսկլավում կարգուկանոն վերականգնելու համար, որտեղ հազարավոր մարոկկացի միգրանտներ խախտել են սահմանը, հաղորդում են El Pais-ը և Associated Press-ը՝ հղում անելով իսպանական իշխանություններին։
«Զինված ուժերը կամրապնդեն Քաղաքացիական գվարդիան՝ իր լիազորությունների և Սեուտա քաղաքում անվտանգությունը պահպանելու համար անհրաժեշտ ցանկացած առաջադրանքի իրականացման համար։ Մոբիլիզացված ուժերը կհամակարգվեն օպերատիվ հրամանատարության կողմից և կաջակցեն Քաղաքացիական գվարդիային», – ըստ El Pais-ի՝ ասել են կառավարության աղբյուրները։
«Իրավիճակն այժմ լիակատար քաոս է։ Անհնար է ճշգրիտ թվեր նշել, դա անհնար է, քանի որ հազարավոր միգրանտներ են հատում սահմանը», – AP-ին ասել է Սեուտայում Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի սպաներին ներկայացնող ասոցիացիայի ղեկավար Ռաշիդ Սբիհին։ Նա սահմանին ստեղծված իրավիճակը անվանել է «լիակատար քաոս»։
Սեուտայի քաղաքապետ Խուան Խեսուս Վիվասը պահանջել է, որ Մադրիդը հայտարարի «ազգային արտակարգ իրավիճակ»՝ իրավիճակը անվանելով «բացարձակ մարդասիրական և սոցիալական աղետ» և կոչ է արել ստեղծել «միասնական հրամանատարություն»՝ «վճռական» գործողություններով։
Նրա խոսքով՝ ամեն օր ժամանում է մոտավորապես 300 միգրանտ, իսկ վերջին շաբաթվա ընթացքում քաղաք է մտել 1500 միգրանտ՝ Սեուտայի բնակչության գրեթե 2%-ը։ Ժամանողներից առնվազն 700-ը անչափահասներ են, իսկ 500 մարդու համար նախատեսված ընդունման կենտրոնները գերբնակեցված են։
Սակայն Իսպանիայի կառավարությունը հրաժարվել է արտակարգ դրություն հայտարարել՝ բացատրելով, որ քաղաքացիական պաշտպանության մասին օրենքը չի լուծում միգրացիայի հարցերը։