ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է լուրերը, թե ինքը պատրաստվում է հրաժարական տալ։ Այդ մասին նա լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրիում։
«Չկա նման բան, որ ես հրաժարական տամ իմ պաշտոնից։ Ես օրենքի ուժով եմ նշանակված և միայն վարչական ակտով է հնարավոր իմ լիազորությունները կասեցնել, իսկ նման վարչական ակտ սպասվում է նոր լիցենզիայի տրամադրման պահին»,– ընդգծեց նա։
Ըստ Պետրոսյանի` ՀԷՑ–ի նոր լիցենզիայի տրամադրում տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ այն վերջնական պետականացվի, և ընկերության 100 տոկոս բաժնետոմսերն անցնեն պետության սեփականությանը։
Նա անդրադարձավ նաև այն հարցին, որ ՀԷՑ–ի լիցենզիայի դադարեցման դեմ «Տաշիր կապիտալի» հայցի քննությանը դատարանը մի շարք կետերով հերքել է ՀՀ իշխանությունների որոշ մեղադրանքները` ուղղված «Տաշիր կապիտալ» ընկերությանը և արձանագրել, որ ՀԷՑ–ի կողմից որոշ խախտումներ չեն եղել։
«Նման բան չկա, պարզապես խախտումների վերաբերյալ 6 հիմնավոր պատճառներից մի մասը վիճարկվել է, մի մասը մնացել է ուժի մեջ։ Հիմա ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր կողմից է ՀՀ վերաքննիչ դատարան դիմելու, սեփականության ներկայացուցիչներն` իրենց կողմից, սակայն հիմնավոր պատճառների մի զգալի մասը, որ ուղիղ ազդեցություն ունեն լիցենզիայի զրկման հետ, բնականաբար, ուժի մեջ են, ու դատարանն ինքը ևս ճանաչել է` դրանք անփոփոխ թողնելով»,- հայտարարեց ՀԷՑ ժամանակավոր պաշտոնակատարը։
Ընկերության նոր ներդրողի մասին հարցի վերաբերյալ Պետրոսյանն ասաց, որ դա իր լիազորություններից դուրս է։
«Նման դիսկուրս չկա. դա կառավարություն-սեփականատերեր տիրույթում է, ես այդ մասում լիազորված չեմ»,- վստահեցրեց նա։
Պետրոսյանն անդրադարձավ նաև ՀԷՑ-ի աշխատակիցների աշխատավարձերի հարցին` նշելով, որ դրանք չեն բարձրացնում խնայողությունների հաշվին։
«Մեր` միջին աշխատավարձից ցածր աշխատավարձ ունեցող մի քանի հազար աշխատակիցների սոցիալական վիճակը գործատուի կողմից փոքր–ինչ բարելավելու համար փորձում ենք սոցիալական ծրագրերի ու պարգևավճարների միջոցով մոտարկել միջին աշխատավարձին` մինչև սեփականության ձևի փոփոխությունը կլինի, և պետականացումից հետո կկարողանանք դրույքաչափերի վերանայում անել»,- հայտարարեց նա։