Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման ազգային հանձնաժողովը (GNERC) ներկայացրել է հուլիսի 24-ի գիշերն ամբողջ Վրաստանը հոսանքազրկած համակարգային վթարի հետաքննության առաջին արդյունքները։ Այնուհետև անջատումը կրկնվել է հաջորդ առավոտյան։
Կարգավորող մարմնի տվյալներով՝ 00:10-ին վրացական էներգահամակարգը հանկարծակի անջատվել է ադրբեջանականից, որի հետ աշխատում էր համակցված, հայտնում է «Новости Грузия»-ն։ Մնալով մեկուսացման մեջ՝ ցանցը չի դիմացել ծանրաբեռնվածությանը. հաճախականությունն ու լարումը կտրուկ ընկել են, էլեկտրակայանները սկսել են զանգվածաբար մեկը մյուսի հետևից անջատվել, և երկիրը խավարի մեջ է ընկղմվել։
Հանձնաժողովում ընդգծել են, որ խափանումների շղթայի պատճառ կարող էր դառնալ Energo-Pro Georgia ընկերությանը պատկանող և «Քութայիսի 220» ենթակայանից դուրս եկող 110 կՎ լարման «Գեգութի» էլեկտրահաղորդման գիծը։
Միաժամանակ, GNERC-ը պատասխանատվության մի մասը դրել է նաև Վրաստանի Պետական էլեկտրահամակարգի վրա։ Կարգավորող մարմինը հայտարարել է, որ օպերատորը պարտավոր էր վերահաշվարկել ռելեային պաշտպանության և ավտոմատիկայի պարամետրերը՝ չսպասելով գծերի ամբողջական վերազինմանը, որպեսզի նվազագույնի հասցվեին ադրբեջանական էներգահամակարգից ավտոմատ անջատման ռիսկերը։
Հետաքննությունը շարունակվում է երկու ուղղությամբ. փորձագետները պարզում են Ադրբեջանի հետ կապի խզման պատճառները և ստուգում են բուն վրացական համակարգի՝ մեկուսացված ռեժիմում կայուն աշխատելու ունակությունը։ Միաժամանակ Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը սաբոտաժի հոդվածով հետաքննություն է սկսել։