Գերմանիան Բեռլինում հարձակումից հետո․ բնակիչների գրեթե 40 տոկոսն իրեն ավելի քիչ պաշտպանված է զգում

Բեռլինում Christopher Street Day (CSD)-ի մասնակիցների դեմ իսլամիստական հարձակումը փոխել է Գերմանիայում անվտանգության ընկալումը․ Civey ինստիտուտի հարցման համաձայն՝ բնակիչների 38 տոկոսը հայտնել է, որ հարձակումից հետո անվտանգության զգացումը նվազել է, հաղորդել է Welt-ը։

Funke մեդիա խմբի պատվերով անցկացված հարցումը ցույց է տվել, որ հարցվածների 54 տոկոսը անվտանգության զգացման փոփոխություն չի նկատել, 7 տոկոսը հայտնել է, որ սկսել է իրեն ավելի պաշտպանված զգալ։

Միևնույն ժամանակ, հարցվածների ավելի քան կեսը՝ 51 տոկոսը, չի համաձայնել այն պնդման հետ, թե Գերմանիան «կայուն և անվտանգ երկիր» է։

Հակառակ կարծիքին է եղել հետազոտության մասնակիցների 37 տոկոսը, ևս 12 տոկոսը դժվարացել է պատասխանել։

Հուլիսի 28-30-ին անցկացված ներկայացուցչական առցանց հարցմանը մասնակցել է Գերմանիայի 5 հազար չափահաս բնակիչ։

Հարձակումը տեղի է ունեցել մեկ շաբաթ առաջ Բեռլինում՝ CSD-ի անցկացման ընթացքում։

Քննության տվյալներով՝ 21-ամյա Աբդուլ Բ.-ն մեքենայով մխրճվել է մարդկանց մեջ, ապա հարձակվել միջոցառման մյուս մասնակիցների վրա՝ ենթադրաբար մաչետեի կիրառմամբ։

Արդյունքում՝ մեկ կին զոհվել է, ևս 31 մարդ վիրավորվել է։ Հարձակվողը գնդակահարվել է ոստիկանության կողմից։

Հարձակումից հետո Բունդեսթագում ԳՍԴԿ խմբակցության ղեկավար Մաթիաս Միրշը կոչ է արել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին այցելել CSD-ի միջոցառումներից մեկը՝ դա անվանելով աջակցության կարևոր խորհրդանիշ։

«Ներկա իրավիճակում քաղաքական ղեկավարները պետք է հստակ ցույց տան իրենց դիրքորոշումը», — հայտնել է Միրշը։ Նա նշել է, որ հարձակումից հետո CSD-ի շատ մասնակիցներ ուժեղ հուզական ցնցում են ապրում, նույնիսկ եթե անմիջականորեն չեն տուժել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *