Դիտարկումների ողջ պատմության ընթացքում գրանցված ամենաչոր հուլիսներից մեկից հետո Անգլիայի տարածքի կեսը և ամբողջ Ուելսը պաշտոնապես գտնվում են երաշտի վիճակում, հայտնում է The Guardian-ը։
Իշխանությունները զգուշացնում են, որ անոմալ շոգն ու տեղումների պակասը մեծացնում են բնական հրդեհների վտանգը, վնաս հասցնում գյուղատնտեսությանն ու էկոհամակարգերին, իսկ կլիմայի փոփոխությունը նման երևույթներն ավելի ու ավելի հաճախակի է դարձնում։
Անգլիայի Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության և Natural Resources Wales կազմակերպության տվյալներով, սա տարածաշրջանում վերջին հինգ տարվա ընթացքում երաշտ հայտարարելու արդեն երրորդ դեպքն է։
Հուլիսին Անգլիայում տեղացել է բազմամյա միջին նորմայի տեղումների ընդամենը 7%-ը, իսկ երկրի հարավում՝ մոտ 1%-ը։ Արդյունքում գետերն ու լճերը կտրուկ ծանծաղել են։ Ռեդինգի շրջանում Թեմզայի ջրի մակարդակն իջել է դիտարկումների ողջ պատմության ամենացածր ցուցանիշին։
Չնայած ռեկորդային խոնավ ձմռանը, որի շնորհիվ ջրամբարները դեռևս մնում են համեմատաբար լցված, Անգլիայում և Ուելսում շուրջ 23 միլիոն մարդ արդեն ապրում է ջրի օգտագործման սահմանափակումների պայմաններում, այդ թվում՝ այգիներն ու սիզամարգերը գուլպանով ջրելու արգելքի ներքո։
Շոգի հետևանքները նկատելի են ամբողջ երկրում․ սովորական կանաչ մարգագետիններն ու այգիները այրվել են և ստացել դարչնագույն երանգ, տուժում են գյուղատնտեսական հողատարածքներն ու բնական տարածքները։ Բրիտանական օդերևութաբանական ծառայության կանխատեսմամբ, մինչև 2070 թվականը Մեծ Բրիտանիայում ամառը կարող է դառնալ 1–6°C-ով ավելի շոգ և մինչև 60%-ով ավելի չոր, քան 1990 թվականին։

Երաշտը նաև կտրուկ բարձրացրել է անտառային հրդեհների վտանգը։ Միայն հուլիսի ընթացքում Անգլիայի և Ուելսի հրշեջ ծառայությունները մարել են 393 բնական հրդեհ՝ սա դիտարկումների ողջ պատմության ռեկորդային ցուցանիշն է։ Կրակի սպառնալիքի պատճառով արդեն տարհանվել են հարյուրավոր մարդիկ։ Խոշոր հրդեհներ են գրանցվել, մասնավորապես, Շոտլանդիայի Քեյրնգորմս ազգային պարկում և հյուսիսային Ուելսի լեռներում։
Լուրջ խնդիրների առաջ է կանգնած նաև գյուղատնտեսությունը։ Ֆերմերները ստիպված են սովորականից շուտ սկսել բերքահավաքը և խնայել ոռոգման ջուրը։ Որոշ տնտեսություններ հայտնում են, որ իրենց ջրամբարները գրեթե ամբողջությամբ ցամաքել են․ նման իրավիճակ տասնամյակներ շարունակ չի դիտվել։

Ծայրահեղ երաշտը բերել է նաև անսպասելի բացահայտումների։ Չորացած դաշտերում կրկին տեսանելի են դարձել հին հնագիտական օբյեկտներ, ներառյալ նեոլիթյան և հռոմեական կառույցներ, ինչպես նաև խոտածածկի տակ թաքնված պատմական պարտեզային համալիրներ։
Կլիմայագետները նշում են, որ այս ամառը դարձել է հերթական օրինակն այն բանի, թե ինչպես է կլիմայի փոփոխությունն ուժեղացնում եղանակային հակադրությունները։ Խոնավ ժամանակաշրջաններից հետո բուսականությունը շոգի ալիքների ընթացքում արագ չորանում է, ինչը ստեղծում է իդեալական պայմաններ բնական հրդեհների տարածման համար։ Գիտնականների կարծիքով, նոր կլիմայական պայմաններին հարմարվելը արդեն այսօր դառնում է առանցքային խնդիրներից մեկը։