Հետազոտողների խումբը խոցելիություն է հայտնաբերել այն համակարգում, որից արդեն երեք տասնամյակ օգտվում են ԱՄՆ-ի դատաբժշկական փորձաքննության լաբորատորիաների մեծ մասը։ Ինչպես հաղորդում է The Wall Street Journal (WSJ) թերթը, այս խոցելիությունը հաքերներին թույլ է տալիս փոփոխություններ կատարել թվային ֆայլերի գրանցումներում։
Ըստ պարբերականի տվյալների՝ մասնագետները պարզել են, որ հայտնի ԱԲ ծրագրերից մեկի միջոցով գրված համակարգչային կոդի օգնությամբ հնարավոր է փոխել ԴՆԹ-ի անալիզի հաշվետվությունների սկանավորված պատճենների տվյալները, ընդ որում՝ համակարգ ներխուժումից հետո միջամտության ոչ մի հետք չի մնում։ Հետազոտողները կարծում են, որ այս խոցելիությունը գոյություն է ունեցել դեռևս 1995 թվականից, սակայն տեխնոլոգիաների վերջին զարգացումները հանգեցրել են նրան, որ նմանատիպ դեպքեր իրականացնելն ավելի է հեշտացել։
Ինչպես նշում է պարբերականը, Thermo Fisher Scientific ընկերությունը, որի տվյալների անվտանգության մասին է խոսքը, ընդունել է խոցելիության առկայությունը և հայտարարել, որ ԱՄՆ-ի Կիբեռանվտանգության և ենթակառուցվածքների պաշտպանության գործակալության հետ համատեղ աշխատում է խնդրի կարգավորման ուղղությամբ։