Գերմանիայում գրանցվել է Հռենոս գետի ջրի մակարդակի պատմական նվազագույն ցուցանիշը, ինչը վտանգի տակ է դրելգետով իրականացվող բեռնափոխադրումները։ Այս մասին հայտնել է Bild պարբերականը։
Ըստ թերթի տեղեկությունների՝ Հռենոսում ջրի մակարդակն իջել է մինչև պատմական նվազագույն կետ։ Հակառեկորդներ են արձանագրվել Դույսբուրգ-Ռուռորտում, Դյուսելդորֆում և Քյոլնում։ Ինչպես նշում է պարբերականը, սա լուրջ հետևանքներ է ունեցել նավագնացության համար։ Օգոստոսի 2-ի կեսօրին Դույսբուրգ-Ռուռորտում ջրի մակարդակը կազմել է ընդամենը 149 սմ, ինչը 2 սմ-ով ցածր է 2022 թվականի օգոստոսի 17-ին արձանագրված նախորդ նվազագույն ցուցանիշից։ Դյուսելդորֆում ջրի մակարդակը նույնպես հասել է նոր հակառեկորդային ցածր կետի՝ 21 սմ-ի, ինչը 2 սմ-ով պակաս է նախորդ նվազագույն ցուցանիշից։
Քյոլնում պատմական նվազագույն ցուցանիշն արձանագրվել է դեռևս օգոստոսի 1-ին։ Նավարկելի հունն ավելի խորն է, քան չափվող ջրի մակարդակը, սակայն բազմաթիվ բեռնատար նավեր այլևս չեն կարողանում լիարժեք բեռնվածությամբ նավարկել Հռենոսով։ Այս խնդիրը բացասաբար է անդրադառնում ողջ տնտեսության վրա։ Որոշ նավեր տեղափոխում են սովորական ծավալի ընդամենը մեկ հինգերորդ մասը, պարզաբանել է Հռենոսի ջրային ուղիների և նավագնացության վարչության արտաքին գերատեսչության ղեկավար Մարկուս Նոյմանը։ «Խոշոր տանկերների համար սա, ըստ էության, ընդհանրապես դադարում է շահավետ լինելուց»,- արձանագրել է նա։
Փորձագետի խոսքով, ստեղծված իրավիճակի պատճառը տևական երաշտն է և վերջին ամիսներին տեղումների բացակայությունը։ «Դրա հետևանքով Հռենոսում և մյուս գետերում ջրի պակաս է առաջանում»,- նշել է Նոյմանը։ Նա առաջիկա շաբաթներին շոշափելի բարելավում չի ակնկալում։ Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի տրանսպորտի նախարար Օլիվեր Կրիշերը պահանջում է ֆինանսավորում հատկացնել Դույսբուրգի և Քյոլնի միջև նավարկելի հունի հետագա խորացման համար։ Ջրային ուղիների և նավագնացության վարչությունը չի կարողանում իրականացնել Կրեֆելդի և Դյուսելդորֆի միջև շինարարությանը պատրաստ երկրորդ հատվածի աշխատանքները, քանի որ Գերմանիայի կառավարությունը 2025 թվականին կրճատել էր ֆինանսավորումը։
Միևնույն ժամանակ, խնդիրներ են ծագել նաև ուղևորատար նավերի մոտ, նշում է պարբերականը։ «Քյոլնի կրակներ» հրավառության փառատոնի ժամանակ նավերի ավանդական շարասյանը սակավաջրության պատճառով մասնակցել է նախատեսվածից զգալիորեն ավելի քիչ նավ։ Բացի այդ, շաբաթ երեկոյան՝ միջոցառման մեկնարկից կարճ ժամանակ առաջ, Քյոլնից ոչ հեռու ծանծաղուտն է իջել մի զբոսանավ։ Իսկ Բոննում դադարեցրել է աշխատանքը Բադ Գոդեսբերգ և Նիդերդոլենդորֆ շրջանների միջև գործող ավտոմոբիլային լաստանավը։
Վերջին շաբաթների ընթացքում Եվրոպան պայքարում է ծայրահեղ շոգի և երաշտի աննախադեպ ալիքի դեմ, ինչը մասշտաբային անտառային հրդեհների պատճառ է դարձել տարածաշրջանում։ Ամենակրիտիկական իրավիճակը ստեղծվել է Միջերկրական ծովի զբոսաշրջային շրջաններում, որտեղ կրակն արդեն ոչնչացրել է հազարավոր հեկտար անտառներ, հանգեցրել տեղաբնակների ու զբոսաշրջիկների տարհանմանը, ինչպես նաև մարդկային զոհերի պատճառ դարձել։ Աղետի դեմ պայքարում ներգրավված են հարյուրավոր հրշեջ հաշվարկներ և ԵՄ մի շարք երկրների հատուկ ավիացիան։