Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սկսում է լայնածավալ վերահսկողություն․ սնունդ տեղափոխող առաքիչները պետք է անցնեն բժշկական զննում և ունենան սանիտարական գրքույկ՝ տրված բժշկական հաստատության կողմից։ Պահանջի նպատակն է վերահսկել սննդի հետ աշխատող անձանց առողջական վիճակը և նվազեցնել սննդի միջոցով փոխանցվող ռիսկերը։
Երևանում օրական սննդի հարյուրավոր, անգամ հազարավոր առաքումներ են կատարվում, ընդ որում՝ գնալով ավելի շատ։ Խոստացվում է արագ առաքում, ժամանակի խնայում և հարմարավետություն։ Բայց մի շատ մտահոգիչ հարց մնում է՝ ո՞ւմ ձեռքով է սնունդը հասնում մեր սեղանին՝ որքանո՞վ հիգիենիկ վիճակում։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը օգոստոսի 1-ից ավելի խստորեն է վերահսկելու սննդի առաքման ոլորտը։ Սննդի բոլոր առաքիչները պետք է անցած լինեն պարտադիր բժշկական զննում և ունենան դա հավաստող սանիտարական գրքույկ։ Նրանց նախնական և պարբերական բժշկական զննության ենթարկվելը պետք է ապահովի գործատուն։ Պահանջը չպահպանելու դեպքում վարչական պատասխանատվություն կկրի ոչ միայն առաքիչը, այլև գործատուն։
Այժմ լրացուցիչ ժամանակն ավարտվել է, և ՍԱՏՄ-ն անցնում է խիստ վերահսկողության։ Տեսչական մարմնից հայտնում են, որ կհրապարակվեն ոչ միայն արձանագրված խախտումները, այլև բարեխիղճ կազմակերպությունների անունները։
Արդյոք քաղաքացին ինքն իրավունք ունի սննդի առաքիչից պահանջել ներկայացնել սանգրքույկ՝ նոր կարգավորման մեջ հստակեցված չէ։
armradio