Ուոլ Սթրիթն աճել է երկուշաբթի օրը. Dow Jones-ը թարմացրել է ռեկորդը

Ամերիկյան ֆոնդային ինդեքսները երկուշաբթի օրվա սեսիան ավարտել են ակտիվ աճով։ Դա կապված է եղել Մերձավոր Արևելքում հակամարտության ապաէսկալացման նշանների հետ, ընդ որում՝ Dow Jones Industrial Average ինդեքսը թարմացրել է պատմական առավելագույնը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը Truth Social սոցիալական ցանցում գրել էր, որ որոշել է չհասցնել Իրանի դեմ նախանշված զանգվածային հարվածները, քանի որ ցանկանում է փորձել իր նպատակներին հասնել խաղաղ ճանապարհով։ Թրամփի խոսքով՝ Թեհրանը «և մերձավորարևելյան այլ երկրները» խնդրել են հարվածներ չհասցնել Իրանին։

Թրամփը կարծիք է հայտնել, որ Հորմուզի նեղուցին վերաբերող համաձայնագիրը կկնքվի «մոտ ապագայում», սակայն չի հստակեցրել, թե որն է լինելու դրա էությունը։ Նա նաև ասել է, որ ԱՄՆ-ն ցանկացած պահի կարող է վերսկսել Իրանի ուղղությամբ հարվածները, եթե դրա անհրաժեշտությունը լինի։

Նավթի գները երկուշաբթի օրը կտրուկ նվազել են, իսկ ամերիկյան խոշորագույն էներգետիկ Chevron Corp. և Exxon Mobil ընկերությունների բաժնետոմսերը էժանացել են համապատասխանաբար 1,9%-ով և 0,2%-ով։

«Ամեն օր բոլորն արթնանում են և առաջին հերթին նայում նավթի գներին ու ԱՄՆ 10-ամյա պետական պարտատոմսերի եկամտաբերությանը։ Եթե դրանք նվազում են, շուկայի հետ ամեն ինչ կարգին է, իսկ եթե աճում են՝ հակառակը»,- ասել է B. Riley Wealth-ի շուկայական ավագ ռազմավար Արտ Հոգանը։ «Սովորաբար կորպորատիվ հաշվետվությունները թույլ են տալիս մոռանալ տագնապալի մակրոտնտեսական ցուցանիշների մասին, սակայն այժմ խոսքը դրա մասին չէ»։

Bristol Myers Squibb-ի բաժնետոմսերը թանկացել են 0,2%-ով այն լուրերի ֆոնին, որ ամերիկյան դեղագործական ընկերությունն ուսումնասիրում է բրիտանական AstraZeneca Plc-ի հետ միաձուլման հնարավորությունը։ Նման գործարքը կհանգեցնի աշխարհում խոշորագույն դեղագործական ընկերություններից մեկի ստեղծմանը՝ գրեթե 400 միլիարդ դոլար կապիտալիզացիայով։

Lantheus դեղագործական ընկերության արժեթղթերի գինն աճել է 1,6%-ով։ Դա կապված է եղել այն լուրերի հետ, որ Curium-ի ամերիկյան ստորաբաժանումը գնում է այն և պատրաստ է մինչև 8 միլիարդ դոլար վճարել ընկերության համար: Curium US-ը կգնի Lantheus-ի շրջանառության մեջ գտնվող բոլոր բաժնետոմսերը՝ յուրաքանչյուրի համար 102,5 դոլար գնով, և որոշակի առևտրային նպատակների հասնելու դեպքում կվճարի ևս մինչև 12 դոլա (մեկ բաժնետոմսի դիմաց):

KKR ներդրումային ընկերությունը համաձայնության է եկել բժշկական սարքավորումներ արտադրող ամերիկյան Integer Holdings Corp.-ի գնման շուրջ՝ այն գնահատելով մոտ 5,7 միլիարդ դոլար: Integer-ի բաժնետոմսերի գինն աճել է 2,7%-ով:

Tyson Foods-ի կապիտալիզացիան ավելացել է 2,9%-ով: Սննդամթերք արտադրող ամերիկյան ընկերությունը 2026 ֆինանսական տարվա երրորդ քառորդում զուտ շահույթն ավելացրել է երեք անգամ, թեև հասույթը տարեկան կտրվածքով գրեթե չի փոխվել:

Marriott International-ի շուկայական արժեքն ընկել է 7%-ով: Աշխարհի խոշորագույն հյուրանոցային ցանցի օպերատորը երկրորդ քառորդում հասույթն ավելացրել է 5%-ով, ինչը ցածր է շուկայի սպասումներից:

Amazon.com Inc.-ի բաժնետոմսերի գինը թռիչքաձև աճել է 4,6%-ով, իսկ ընկերության կապիտալիզացիան գերազանցել է 3 տրիլիոն դոլարը:

Dow Jones Industrial Average ինդեքսն աճել է 1,32%-ով և կազմել 53 178,41 կետ:

Standard & Poor’s 500-ի արժեքն ավելացել է 1,48%-ով՝ հասնելով 7 600,5 կետի:

Nasdaq Composite-ն ավելացրել է 2,13% և աճուրդն ավարտել 25 913,9 կետի մակարդակում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *