Իրանի շուրջ ստեղծված անկայունությունը շարունակում է ազդել Հայաստանի տնտեսության վրա՝ հատկապես լոգիստիկ շղթաների և էներգակիրների գների մասով։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը։
Զբոսաշրջության աճ Մերձավոր Արևելքից
Միևնույն ժամանակ, ԿԲ փոխնախագահը նկատել է դրական միտումներ զբոսաշրջության ոլորտում․
«Մերձավոր Արևելքի մի շարք երկրներից, այդ թվում՝ Արաբական Միացյալ Էմիրություններից, նկատվում է զբոսաշրջային հոսքերի վերաուղղորդում դեպի մեր տարածաշրջան։ Մայիս ամսից սկսած՝ արձանագրում ենք այցելությունների կտրուկ աճ»,- նշել է Խաչատրյանը։
Ռուսաստանի սահմանափակումներն ու տնտեսության դիմակայունությունը
Անդրադառնալով Ռուսաստանի հետ առևտրին՝ ԿԲ ներկայացուցիչը շեշտել է, որ հունիսի 7-ի ընտրություններից առաջ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների նկատմամբ կիրառված սահմանափակումների ազդեցությունն ընդամենը երկու ամսվա պատմություն ունի և դեռ ամբողջությամբ չի դրսևորվել։
Թեև այդ արգելքներն արդեն արտացոլվել են ընթացիկ ցուցանիշներում, հունիս և հուլիս ամիսներին Հայաստանի տնտեսությունը պահպանել է աճի բարձր տեմպերը։
«Դա պայմանավորված է նրանով, որ մյուս ոլորտները՝ հատկապես շինարարությունն ու ծառայությունները, շարունակում են մնալ տնտեսական աճի հիմնական շարժիչները։ Մենք մշտապես դիտարկում ենք տարբեր սցենարներ՝ գնահատելով ինչպես գնաճային ռիսկերը, այնպես էլ տնտեսական ակտիվության հնարավոր փոփոխությունները»,- եզրափակել է Հովհաննես Խաչատրյանը։
Դադարից հետո՝ նոր աճ. ի՞նչ է կատարվում Հայաստանի անշարժ գույքի շուկայում