Associated Press-ի հաղորդմամբ՝ Գվատեմալայի իշխանությունները կարգադրել են երկրի հարավում գտնվող մի քանի բնակավայրերի բնակիչների տարհանումը՝ Ֆուեգո հրաբխի ուժգնացած ժայթքման պատճառով։
Աղետների ռիսկի նվազեցման ազգային համակարգող վարչության (CONRED) ներկայացուցիչ Կլաուդին Օգալդեսը հայտնել է, որ ժայթքումը սկսվել է երկուշաբթի առավոտյան և օրվա ընթացքում դարձել ավելի ինտենսիվ։
Արդյունքում իշխանությունները որոշում են ընդունել հրաբխի շրջանում գտնվող երկու գյուղերի տարհանման մասին։

Դեպքի վայրից հեռարձակումները ցույց են տվել խառնարանի վերևում բարձրացող գազի և մոխրի մեծ ամպեր, ինչպես նաև լավայի և պիրոկլաստիկ նյութերի արագահոս հոսքեր, որոնք իջնում էին լանջերով։
Գվատեմալայի սեյսմոլոգիայի, հրաբխագիտության, օդերևութաբանության և հիդրոլոգիայի ինստիտուտի տվյալներով՝ հրաբխի ակտիվությունն ուժեղացել է. խառնարանի վերևում 200-300 մետր բարձրությամբ լավայի շատրվան է ձևավորվել։

CONRED-ը հայտարարել է տագնապի նարնջագույն մակարդակ և սկսել Էլ Պորվենիր գյուղի ու Լաս Լախիտաս ավանի բնակիչների տարհանումը։ Միջոցը կվերաբերի մոտ 50 ընտանիքի՝ շուրջ 250 մարդու։ Իշխանությունները միաժամանակ մոխրի տարածման մասին զգուշացրել են մոտակա բնակավայրերի բնակիչներին։
Ժայթքման պատճառով փակվել է հրաբխի հարևանությամբ անցնող թիվ 14 ազգային մայրուղին, իսկ Կրթության նախարարությունը դադարեցրել է մոտակա շրջանների դպրոցներում դասերը։
Ֆուեգո հրաբուխը համարվում է Գվատեմալայի ամենաակտիվ հրաբուխներից մեկը։ 2018 թվականի հունիսին նրա ժայթքման ժամանակ հարյուրավոր մարդիկ էին զոհվել, իսկ մի ամբողջ գյուղ ոչնչացվել էր։ Իշխանությունների տվյալներով՝ այդ ժամանակ շուրջ 1,7 միլիոն մարդ էր տուժել։ Նոր ժայթքումը նաև անցյալ տարվա հունիսին կանխարգելիչ տարհանումների պատճառ էր դարձել։