Ալեքսանյանը բարձր է գնահատել ՀՀ պատմության մեջ ամենացածր վարկանիշն ունեցող խորհրդարաններից մեկի աշխատանքը

Ութերորդ գումարման Ազգային ժողովի գործունեության արդյունքում արձանագրվեց «Իրական Հայաստան» հայեցակարգի գաղափարական հաղթանակը, ինչն իր ամրագրումն ստացավ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներում։ Օգոստոսի 4-ին Ազգային ժողովի նիստում, ԱԺ փոխնախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ, այս մասին հայտարարել է պաշտոնի թեկնածու, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

ԱԺ ամբիոնից իր ելույթի սկզբում նա շնորհակալություն է հայտնել Հայաստանի քաղաքացիներին՝ նշելով, որ նրանք տեղի չտվեցին ընտրությունների ընթացքում գործադրված տեղեկատվական ճնշումներին, ինչպես նաև ընտրակաշառքների միջոցով իրենց կամքի վրա ազդելու փորձերին։

«Չնայած ամբողջ տեղեկատվական ահաբեկչությանը, չնայած միլիոնավոր, տասնյակ ու հարյուրավոր միլիոնավոր դոլարներին, որոնք այս ընտրությունների ընթացքում բաժանվում էին որպես ընտրակաշառք և օգտագործվում ձեր կամքը գնելու ու կոտրելու համար, դուք միևնույն է թույլ չտվեցիք, որ դա տեղի ունենա։ Դուք չկոտրվեցիք, չվաճառեցիք ձեր պետությունն ու ձեր խիղճը», — հայտարարել է Ալեքսանյանը։

Նա նաև ներողություն է խնդրել քաղաքացիներից՝ նշելով, որ իշխանությունները բավարար ջանքեր չեն գործադրել ընտրական հնարավոր խախտումները կանխելու համար։

«Հնարավոր է՝ մեր զգոնությունը որոշ չափով թուլացել էր, և մենք չէինք սպասում, որ որոշ խմբեր կփորձեն այսքան բացահայտորեն՝ ներգրավելով խոշոր ֆինանսական միջոցներ և դիմելով նման մեթոդների, վերացնել Հայաստանում գործող ժողովրդավարական կարգը։ Այս ուղղությամբ աշխատանքները մենք սկսել ենք ընտրությունների հաջորդ իսկ օրվանից՝ օրենսդրական փոփոխությունների տեսքով, և, անասկած, կշարունակենք դրանք նաև իններորդ գումարման խորհրդարանի աշխատանքի ընթացքում», — ընդգծել է պատգամավորը։

Ալեքսանյանը համամիտ է եղել այն մտքի հետ, որ նախորդ գումարման խորհրդարանն ունեցել է հանրային վստահության ցածր մակարդակ, սակայն այն անվանել է անկախ Հայաստանի պատմության ամենակարևոր խորհրդարաններից մեկը։

«Հենց ութերորդ գումարման խորհրդարանի աշխատանքի շրջանում վերջնականապես լուծվել է մի կարևոր հարց՝ ո՞րն է մեր Հայրենիքը։ Հայաստանի ապագան որոշող առաջին լուրջ քաղաքական վեճն ու բախումը տեղի ունեցավ հենց այս խորհրդարանում», — հայտարարել է պատգամավորը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *