Ավստրիայի արևելքում երեքշաբթի հաստատվել է ծայրահեղ շոգ։ Վիեննա-Շտամերսդորֆի շրջանում ժամը 15:10-ին գրանցվել է 41 աստիճան Ցելսիուս ջերմաստիճան, ինչը դարձել է մայրաքաղաքի համար նոր ռեկորդ՝ մեկ օր առաջ սահմանված նախորդ ռեկորդից հետո, հայտնում է Kronen Zeitung-ը։
Իշխանությունները երեքշաբթիի և չորեքշաբթիի համար շոգի կարմիր մակարդակ են հայտարարել Վիեննայի, Վայնվիերտելի շրջանի, հյուսիսային Բուրգենլանդի՝ ներառյալ Զեևինկելի շրջանը, Վիեննայի ավազանի և Սանկտ Պյոլտեն քաղաքի համար։
Ավստրիայի արևելյան հատվածը հայտնվել է Եվրոպայի ամենաշոգ տարածաշրջանների շարքում։ Միաժամանակ հասել է երկրի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդի մակարդակին՝ 40,5 աստիճան, որը սահմանվել էր 2013 թվականին Բադ-Դոյչ-Ալտենբուրգ քաղաքում։
Շոգը նաև հանգեցրել է արտակարգ իրավիճակների։ Էսլինգեր-Ֆուրտ և Լոբաու շրջաններում հրդեհային տագնապ է հայտարարվել, իսկ Բուրգենլանդում շոգի հետևանքների պատճառով փակվել է S31 մայրուղին՝ Օբերպուլենդորֆի ուղղությամբ։
Միևնույն ժամանակ Ավստրիայում պահպանվում է Դանուբում ջրի խիստ ցածր մակարդակը։ Ներկայիս սակավաջրության շրջանը մասնագետները համեմատում են ամենաչոր տարիների՝ 2003 և 2018 թվականների հետ։