Հետազոտողները մշակել են կենդանի սնկի հիման վրա նոր նյութ, որը կարող է փոխել գույնը, պաշտպանել ուլտրամանուշակագույն ճառագայթումից և ինքնուրույն վերականգնվել վնասվելուց հետո։
Հայտնագործության մասին հոդվածը հրապարակվել է Science ամսագրում։
Նյութը ստեղծվել է Cordyceps militaris սնկի միցելիումից։ Ի տարբերություն նախորդ մշակումների՝ գիտնականներին հաջողվել է գործվածքի պատրաստման ընթացքում սունկը կենդանի պահել։ Հենց դա էլ հնարավորություն է տվել նրան հաղորդել նոր հատկություններ, որոնք հասանելի չեն սովորական նյութերին։
Ճկուն թերթեր ստանալու համար հետազոտողները սունկը աճեցրել են սննդարար միջավայրում, այն ձևավորել փոքր հատիկների տեսքով, ապա չորացրել դրանք և մշակել գլիցերինով։ Այս եղանակը պահպանել է բջիջների կենսունակությունը՝ նյութը դարձնելով միաժամանակ էլաստիկ և «կենդանի»։

Փորձերի ընթացքում գիտնականները ցույց են տվել, որ գործվածքը կարելի է ներկել գենետիկորեն ձևափոխված խմորասնկերով, ինչպես նաև ապահովել ուլտրամանուշակագույնից պաշտպանություն՝ մակերեսին ավելացնելով մելանինով հարուստ մեկ այլ սունկ։
Հետազոտողները նաև պատրաստել են ինքնավերականգնվող հագուստի նախատիպ։ Եթե նյութը պատռվի, բավական է վնասված հատվածը թրջել ջրով և քսել թարմ սնկային հատիկներ․ կենդանի բջիջները սկսում են աճել՝ աստիճանաբար փակելով ճեղքը։
Բացի այդ, գործվածքի որոշակի հատվածներին սննդարար նյութեր մատակարարելով՝ գիտնականները կարողացել են դրա մակերևույթի վրա «աճեցնել» ծավալային նախշեր և դեկորատիվ տարրեր։

Նյութի ևս մեկ առավելություն նրա էկոլոգիական լինելն էր։ Այնից պատրաստված տարան օգտագործումից հետո ընդամենը 41 օրվա ընթացքում գրեթե ամբողջությամբ քայքայվել է հողում։
Հետազոտության հեղինակները շեշտում են, որ տեխնոլոգիան դեռ մշակման վաղ փուլում է։ Նյութը դեռ չեն փորձարկել առօրյա կրելու, լվացման և երկարատև օգտագործման դիմացկունության տեսանկյունից։ Գիտնականների կարծիքով՝ ապագայում նման գործվածքը կարող է կիրառություն գտնել նախևառաջ էկոլոգիապես մաքուր հագուստի և կարճ ժամկետով օգտագործվող այլ արտադրատեսակների արտադրության մեջ։