Ուրախ եմ Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հայացքների որոշակի զարգացում տեսնելու համար։ Այս մասին օգոստոսի 5-ին Ազգային ժողովի նիստում՝ խորհրդարանի փոխնախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ, հեգնանքով հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ քաղաքական ուժը, որն ասում էր, թե պետությունը վատթարագույն տնտեսվարող սուբյեկտն է, այսինքն՝ հարում էր ընդգծված աջ գաղափարախոսության, այսօր հանդես է գալիս ընդգծված ձախ դիրքերից․ «Մենք ստանձնեցինք կառավարումը, և հիմա տեսեք՝ իրավիճակը լավացել է։ Մեր կառավարումը ստանձնելուց հետո ավելի լավ են աշխատում և՛ «Հայաստանի էլեկտրական ցանցերը», և՛ «Հայփոստը»»։ «Սա դրական զարգացում է, բայց ինչպե՞ս եք պատրաստվում Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների ալյանսում բացատրել «պետությունը վատթարագույն տնտեսվարող սուբյեկտն է» պարադիգմից հրաժարումը՝ այն համարելով բացարձակապես կեղծ և անհիմն։ Թե՞ սա Արշակ Երկրորդի պատմության հակառակ տարբերակն է․ հենց ոտք դրեցիք Ստրասբուրգի կամ Բրյուսելի հողին, հասկացաք, որ այստեղ սխալվո՞ւմ են»,- ասել է Խաչատրյանը՝ դիմելով իշխող կուսակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանին։
Ընդդիմադիր պատգամավորն իշխանության ներկայացուցիչներին կոչ է արել չդիմել եվրոպացի սոցիալիստներին, քանի որ, նրա խոսքով, նրանց մոտեցումը ոչ թե կոմունիստական է, այլ ավելի հեռուն գնացող։ «Խլել և բաժանել: Մենք կխլենք և կբաժանենք ժողովրդի հետ»,- Դաշնակցության անդամը պարզաբանել է գործող իշխանության դիրքորոշումը։