«Եվրոստատի» հրապարակած տվյալների համաձայն՝ 2026 թվականի երկրորդ կիսամյակում եվրոպական 29 երկրներից միայն ութն են հունվարից հուլիս ընկած հատվածում բարձրացրել նախքան հարկումը նվազագույն աշխատավարձի չափը, այնինչ եվրոյի գոտում սպառողական գնաճը նույն վեց ամիսներին հասել է 3,2%-ի։
Euronews-ը հայտնում է, որ սրա հետևանքով բարձր գնաճով աչքի ընկնող մի շարք երկրներում նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացիների իրական եկամուտները նվազել են։
2026 թվականի հուլիսի դրությամբ Եվրոպայում նախքան հարկումն ամենաբարձր անվանական նվազագույն աշխատավարձը սահմանվել է Լյուքսեմբուրգում՝ 2771 եվրո։
Առաջատարների շարքում են նաև Իռլանդիան (2391 եվրո), Գերմանիան (2343 եվրո), Նիդեռլանդները (2338 եվրո) և Բելգիան (2234 եվրո)։ Այս երկրներին գրեթե հավասարվել է Ֆրանսիան, որտեղ ցուցանիշը կազմում է 1867 եվրո։
Միջին խումբը ձևավորում են Սլովենիան (1482 եվրո), Իսպանիան (1425 եվրո), Լիտվան (1153 եվրո), Լեհաստանը (1119 եվրո), Կիպրոսը (1088 եվրո), Հունաստանը (1073 եվրո), Պորտուգալիան (1073 եվրո) և Խորվաթիան (1050 եվրո)։ Սրանցից շատերն ավելի մոտ են 1000 եվրոյի շեմին, քան 1500-ին։
Ցուցակի ստորին հատվածում ակնհայտորեն առանձնանում են Ուկրաինան և Մոլդովան՝ համապատասխանաբար 169 և 313 եվրո նվազագույն աշխատավարձով, մինչդեռ մնացած բոլոր երկրներում այս ցուցանիշը գերազանցում է 500 եվրոն։
ԵՄ անդամակցության թեկնածու չորս երկրներում նվազագույն աշխատավարձն ավելի բարձր է, քան Բուլղարիայում։ Դրանք են Թուրքիան (621 եվրո), Հյուսիսային Մակեդոնիան (624 եվրո), Չեռնոգորիան (670 եվրո) և Սերբիան (743 եվրո)։
Մալթան (994 եվրո), Էստոնիան (946 եվրո), Չեխիան (923 եվրո), Սլովակիան (915 եվրո) և Հունգարիան (906 եվրո) գտնվում են 1000 եվրոյի շեմին մոտ։