ԱՄՆ Դաշնային քաղաքացիական ավիացիայի վարչությունը հետաքննում է Թրամփի ուղղաթիռի միջադեպը

ԱՄՆ Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FAA) հետաքննություն է սկսել նախագահական Marine One ուղղաթիռի մասնակցությամբ ավիացիոն միջադեպի փաստով, որի բորտում գտնվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է Reuters-ը։

FAA-ի տվյալներով՝ խոսքը թռիչքների անվտանգության կանոնների խախտման մասին է, սակայն օդանավերի վտանգավոր մերձեցման նշաններ չեն եղել։

Ինչպես հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին, երեքշաբթի կեսօրին Թրամփի ուղղաթիռը Սպիտակ տան շրջանից թռել է դեպի Էնդրյուս միացյալ ռազմաբազա, որտեղից նախագահն ուղևորվել է դեպի Լոս Անջելես։ Ընդ որում, դիսպետչերները չեն դադարեցրել քաղաքացիական ինքնաթիռների թռիչքները հարևանությամբ գտնվող Ռոնալդ Ռեյգանի անվան օդանավակայանից, թեև դա պահանջում են 2025 թվականի ավիաաղետից հետո սահմանված կանոնները։

Գործակալության տեղեկություններով՝ մոտավորապես նույն ժամանակահատվածում օդանավակայանից օդ է բարձրացել Envoy Air-ի տարածաշրջանային ինքնաթիռը, որն ուղևորվում էր Ֆլորիդա։ Աղբյուրները պնդում են, որ դրա և Marine One ուղղաթիռի միջև չի պահպանվել նվազագույն թույլատրելի հեռավորությունը, թեև նրանց հետագծերը չեն հատվել։

Երկու օդանավերն էլ անվտանգ շարունակել են թռիչքը և վայրէջք կատարել առանց պատահարների։

Reuters-ի տվյալներով՝ FAA-ն մտադիր է անվտանգության վերլուծության հատուկ խումբ հրավիրել և ուսումնասիրել միջադեպի հանգամանքները։

2025 թվականի հունվարին Ռոնալդ Ռեյգանի անվան օդանավակայանի մոտ մարդատար ինքնաթիռի և ռազմական ուղղաթիռի բախումից հետո (որի հետևանքով զոհվել էր 67 մարդ) FAA-ն մշտական սահմանափակումներ է մտցրել այդ շրջանում ուղղաթիռների թռիչքների համար և պարտավորեցրել է դադարեցնել Marine One-ի թռիչքների ընթացքում իրականացվող կոմերցիոն ավիահաղորդակցությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *