Իսրայելի դատարանն արդարացրել է Նեթանյահուի լուսանկարի մոտ «ՀԱՄԱՍ-ի հովանավոր» գրությամբ պաստառի համար ձերբակալվածին

Հայֆայի հաշտարար դատարանը չեղարկել է բոլոր սահմանափակումներն այն տղամարդու նկատմամբ, որը ձերբակալվել էր բողոքի ակցիայից հետո։ Ակցիայի ժամանակ նա պարզել էր պաստառ, որի վրա Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատկերված էր պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման դրոշի կողքին և ուներ «ՀԱՄԱՍ-ի հովանավոր» գրությունը, հայտնում է The Times of Israel-ը։

Ցուցարար Գուրի Լոտանը ձերբակալվել և հարցաքննվել էր հասարակական կարգը խախտելուն ուղղված հնարավոր գործողությունների կասկածանքով։

Հարցաքննությունից հետո ոստիկանությունը նրան հինգ օրով ենթարկել էր տնային կալանքի և 15 օրով արգելել հայտնվել Հայֆայի Horev Center առևտրի կենտրոնի մոտ, որտեղ պարբերաբար տեղի են ունենում հակակառավարական ակցիաներ։

Լոտանը բողոքարկել էր այդ միջոցները բողոքի ակցիաների մասնակիցների շահերը անվճար ներկայացնող իրավաբանների խմբի միջոցով։ Բողոքում փաստաբան Թոմեր Բեն Հեմոն հայտարարել էր, որ ոստիկանությունը օրինական հիմքեր չի ունեցել ոչ իր պաշտպանյալի ձերբակալության, ոչ հարցաքննության, ոչ էլ նրա ազատ տեղաշարժի սահմանափակման համար։

Ոստիկանությունը չի վիճարկել բողոքարկումը։

Դատավոր Մարիա Ֆիկուս Բոգդանովան չեղարկել է մտցված բոլոր սահմանափակումները՝ նշելով, որ «դիմումատուին ձերբակալելու հիմքեր չեն եղել, իսկ նրա նկատմամբ կիրառված միջոցներն անհամաչափ են»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *