«Հրեաներին և Իսրայելին ատող կոմունիստ». Թրամփը քննադատել է Միչիգանում դեմոկրատների նախնական ընտրությունների հաղթողին

Առաջադեմ դեմոկրատ Աբդուլ Էլ-Սայեդը հաղթել է Միչիգան նահանգում Դեմոկրատական կուսակցության նախնական ընտրություններում՝ ԱՄՆ Սենատում տեղի համար պայքարում։ Նրա հաղթանակը դարձել է կուսակցության ձախ թևի նկատելի հաջողություն. Էլ-Սայեդին աջակցում էին սենատոր Բեռնի Սանդերսը և կոնգրեսական Ալեքսանդրիա Օկասիո-Կորտեսը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով ընտրությունների արդյունքները իր Truth Social սոցիալական ցանցում, քննադատել է նախնական ընտրությունների հաղթողին՝ նրան անվանելով «հրեաներին և Իսրայելին ատող անհաջողակ կոմունիստ»։

«Հիանալի նորություններ Հանրապետական կուսակցության համար։ Էլ-Սայեդը՝ հրեաներին և Իսրայելին ատող անհաջողակ կոմունիստը, հաղթել է սոցիալիստի հետ ըւնտրապայքարում։ Ինչպես միշտ, հարցումները շատ են սխալվել»,- գրել է Թրամփը։ Նա հայտարարել է նաև, որ «դեմոկրատների խելահեղ քաղաքականությունն» այժմ ավելի արմատական է դառնալու։

Ինչպես հայտնում է CNN հեռուստաալիքը, նախնական ընտրություններում Էլ-Սայեդը շրջանցել է կոնգրեսական Հեյլի Սթիվենսին, չնայած նրան աջակցում էին արտաքին խմբեր, որոնք քարոզարշավի վրա ծախսել էին ավելի քան 60 միլիոն դոլար։ Այժմ նա նոյեմբերյան ընտրություններում կհանդիպի հանրապետական Մայք Ռոջերսի հետ։

Դեմոկրատները կարծում են, որ Սենատում այս տեղի պահպանումը չափազանց կարևոր է իրենց՝ գործող սենատոր Գերի Փիթերսի հեռանալուց հետո Սենատի նկատմամբ վերահսկողություն ստանալու հնարավորությունների համար։

Էլ-Սայեդի հաղթանակը դարձել է Դեմոկրատական կուսակցության նախնական ընտրություններում առաջադեմ թեկնածուների հերթական հաջողությունը։ Նույն Միչիգանում դեմոկրատ սոցիալիստ Դոնովան ՄըքՔինին հաղթել է գործող կոնգրեսական Շրի Թանեդարին՝ Ներկայացուցիչների պալատում տեղի համար պայքարում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *