ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք նիստում կարող է քննարկել Հայաստանի նկատմամբ կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածի հնարավոր կիրառման հարցը։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։
Նրա խոսքով՝ հնարավոր որոշումը պետք է ընդունվի կոնսենսուսով։
Վասիլևը նաև նշել է, որ Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև որևէ կոնֆլիկտ, իր գնահատմամբ, գոյություն չունի։
«Իհարկե, մենք ցանկանում ենք պահպանել Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունները՝ հաշվի առնելով մեր ժողովուրդների կյանքի և ճակատագրի միահյուսումը ոչ թե տասնամյակների, այլ դարերի ընթացքում։ ՀԱՊԿ անդամ մյուս պետություններն էլ ունեն իրենց շահերն ու Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների իրենց պատմությունը»,- ասել է նա «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում։
Անդրադառնալով Հայաստան–ՆԱՏՕ հարաբերություններին՝ ռուս պաշտոնյան հայտարարել է, որ, ըստ ռուսական կողմի, ՆԱՏՕ-ի անդամ երկրներն ու առանձին արևմտյան պետությունները ձգտում են «պոկել» Հայաստանը ՀԱՊԿ դաշնակիցներից, այդ թվում՝ համատեղ զորավարժությունների միջոցով։