Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) «Սաբոտաժ» հոդվածով հետաքննություն է սկսել՝ հայտարարելով երկրի զբոսաշրջության ոլորտը վարկաբեկելու պլանավորված արշավի մասին, հաղորդում է «Новости-Грузия»-ն։ Այս ամենի առիթ են դարձել սոցցանցերում ռուս զբոսաշրջիկների նկատմամբ իբր վատ վերաբերմունքի մասին հրապարակումները, որոնք լայնորեն տարածվել են բազմամիլիոնանոց լսարան ունեցող ԶԼՄ-ների կողմից։
ՊԱԾ-ի տվյալներով՝ ապատեղեկատվությունը տարածվել է X սոցցանցում՝ արտասահմանում գրանցված կեղծ բոտ-հաշիվների միջոցով։ Գրառումներում պնդվում էր, թե իբր Վրաստանում Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկների համար թշնամական միջավայր է ստեղծված․ մասնավորապես, տարածվում էին կեղծ լուրեր այն մասին, թե տեղացի զբոսավարներն իբր զբոսաշրջիկներին մենակ են թողել անտառում, իսկ ռեստորանների աշխատակիցները հատուկ փչացրել են նրանց ուտելիքը։ Նշվում է, որ բոտերից հետո այս նյութերը համակարգված կերպով արտատպել է նաև բազմամիլիոնանոց լսարան ունեցող խոշոր արտասահմանյան առցանց պարբերականը։
Մինչև 4 տարվա ազատազրկում նախատեսող քրեական գործի շրջանակում հատուկ ծառայությունը պարզում է ապատեղեկատվական ակցիայի կազմակերպիչներին, պատվիրատուներին և ֆինանսավորման աղբյուրները։
Անցյալ շաբաթվա վերջին ռուս զբոսաշրջիկների նկատմամբ իբր վատ վերաբերմունքի մասին հրապարակումների սքրինշոթները տարածել է Mash տելեգրամյան ալիքը, որը կապում են ՌԴ ուժայինների հետ։ Այս ԶԼՄ-ն ունի ավելի քան 3,3 միլիոն բաժանորդ։
Օգտատերերն արագորեն ուշադրություն են դարձրել այդ հաշիվներում առկա անոմալիաներին։ X-ում նյութեր տեղադրած հեղինակների պրոֆիլները գրանցված են եղել ՌԴ տարածքում։
Միևնույն ժամանակ, օգտանունները կիրիլիցայով գրված վրացական անուններ և ազգանուններ են, ինչը բնորոշ չէ համացանցի վրացալեզու հատվածին։ Հրապարակումների տեքստերը կամ ռուսերենով են եղել, կամ աղավաղված վրացերենով՝ ավտոմատ թարգմանության հետքերով։
Չնայած պլանավորված տեղեկատվահոգեբանական հատուկ գործողությանակնհայտ նշաններին՝ ռուսալեզու օգտատերերի մի մասը այդ հաղորդագրություններն ընդունել է որպես հավաստի փաստեր։