Հայաստանում կստեղծվի առաջին կենսոլորտային տարածքը՝ «Դիլիջան»

Հայաստանում կստեղծվի առաջին կենսոլորտային տարածքը՝ «Դիլիջան»

Հայաստանում կստեղծվի առաջին կենսոլորտային տարածքը՝ «Դիլիջան» կենսոլորտային տարածքը, որն առաջադրվելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կենսոլորտային արգելոցների համաշխարհային ցանցում ներառվելու համար։

«Դիլիջան» կենսոլորտային տարածքն ընդգրկելու է Տավուշի, Լոռու և Գեղարքունիքի մարզերի 116,669 հեկտար տարածք, 6 համայնք և 6 բնության հատուկ պահպանվող տարածք։ Կենսոլորտային տարածքի մեջ են մտնում Ֆիոլետովո, Փամբակ, Լերմոնտովո, Ճամբարակ, Սևան համայնքները՝ ավելի քան 75 հազար բնակչությամբ։ Բնության հատուկ պահպանվող տարածքներից կենսոլորտային տարածքն ընդգրկելու է «Դիլիջան» ազգային պարկը, «Աղավնավանքի կենու», «Գանձաքարի», «Գետիկի», «Կովկասյան մրտավարդի» և «Մարգահովիտի» պետական արգելավայրերը։

Կենսոլորտային տարածքը նախատեսվում է ստեղծել ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մարդը և կենսոլորտը» ծրագրի շրջանակում։ Այն մշակվել է «Սոլյուտոն» ՍՊԸ-ի և «Միխայել Զուքով» հիմնադրամի կողմից՝ «Կենսոլորտային տարածքները՝ որպես կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության մոդելային տարածաշրջաններ․ Հայաստանում «Դիլիջան կենսոլորտային տարածքի» ստեղծման կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում։ Այս ծրագիրը ֆինանսավորվել է Գերմանիայի շրջակա միջավայրի դաշնային նախարարության «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Եվրոպական միությանը հարևան այլ երկրներին բնապահպանական խորհրդատվական աջակցության ծրագրի» շրջանակում:

«Դիլիջան» կենսոլորտային տարածքի զարգացման հայեցակարգն արդեն պատրաստ է։  Առաջադրման գործընթացից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ն գնահատելու է տարածքի համապատասխանությունը սահմանված չափանիշներին և պաշտոնապես հավաստելու, որ տվյալ տարածաշրջանը որդեգրել և իրականացնում է կայուն զարգացման մոդել։

Կենսոլորտային տարածքի ստեղծումն ունի իր նպատակները։ Նախ, այն նպաստելու է Հայաստանի միջազգային պարտավորությունների, «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի նպատակների կատարմանը։  Այն կնպաստի հասնելու  Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության պահպանման գլոբալ շրջանակի 3-րդ թիրախի ապահովմանը Հայաստանի կողմից։ Այս թիրախին հասնելու համար Հայաստանը պարտավորվել է պահպանության տակ վերցնել երկրի տարածքի 20%-ը։ Ներկայում միայն ԲՀՊՏ-ները կազմում են Հայաստանի Հանրապետության 13․1%-ը:

Ըստ ծրագրի հեղինակների՝ կենսոլորտային տարածքի կազմում հատուկ պահպանվող տարածքները չեն փոխում կառավարման ռեժիմները, համայնքների համար հատուկ սահմանափակումներ չեն լինելու։ Փոխարենը տարածքը ձեռք է բերելու միջազգային կարգավիճակ՝ ընձեռելով նոր հնարավորություններ զարգացնելու «կանաչ» գաղափարները։

«Անժխտելի է, որ առաջին նպատակը բնապահպանությունն է, – նշում է «Սոլյուտոն» ՍՊԸ-ի հիմնադիր Արեգ Կարապետյանը և պատմում՝ ինչպես առաջացավ գաղափարը, – «Միխայել Զուքով» հիմնադրամը և Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնն ուսումնասիրել էին Հայաստանի ներուժը, առանձնացրել տարածքները, որոնք առավել համապատասխան են որպես պահպանվող տարածք։ Մենք ընտրեցինք մեր պատկերացմամբ առավել համապատասխան տարածքը։ Հայաստանում կա կենսոլորտային տարածք ունենալու անհրաժեշտություն։ Սա յուրահատուկ մոդել է, երբ բնության պահպանությունը, համայնքների զարգացումը և տնտեսական գործունեությունը համադրվում են կայուն զարգացման սկզբունքներով։  Մենք մշակել ենք հայեցակարգը՝ հիմնվելով միջազգային լավագույն փորձի վրա։ Արդեն երկու տարի է, ինչ ծրագիրն ընթացքի մեջ է, և այժմ մենք թևակոխել ենք վճռորոշ փուլ»։

Ըստ Արեգ Կարապետյանի՝ բնության հատուկ պահպանվող տարածքների դասական մոդելները սպառել են իրենց։ Անհրաժեշտ է նոր մոդել, որտեղ որոշումները կընդունվեն բոլոր կողմերի համատեղ մասնակցությամբ՝ պետական գերատեսչություններ, համայնքներ, հատուկ պահպանվող տարածքներ, բիզնես, քաղաքացիական հասարակություն։

«Մենք հիմա մշակում ենք  ֆինանսավորման և մարքեթինգային գործիքներ,  որպեսզի երկարաժամկետ հեռանկարում կենսոլորտային տարածքը կարողանա գեներացնել եկամուտ։ Սա այլընտրանքային մոդել է, որն ավելի ճկուն ձևով թույլ է տալիս ստանալ այն, ինչը պետական դասական ինստիտուտները չեն կարողանում այսօր ստանալ», – ասում է Արեգ Կարապետյանը։

«Կենսոլորտային տարածքը ոչ թե սահմանափակումների, այլ հնարավորությունների մասին է, – նշում է ծրագրի ղեկավար Վազգեն Գալստյանը և ներկայացնում՝ ինչով է  կենսոլորտային տարածքը տարբերվում մյուս բնապահպանական տարածքներից։

«Կենսոլորտային տարածքի զարգացման տեսլականում ներառված են ոչ միայն բնության հատուկ պահպանվող տարածքները, այլև հարակից համայնքները։ Ձևավորվում է նոր հարթակ, որտեղ որոշումները կայացվում են՝ համատեղելով և՛ բնապահպանական, և՛ տնտեսական, և՛ համայնքների զարգացման շահը։ Բնության հատուկ պահպանվող տարածքների դեպքում մշակվում են կառավարման պլաններ, որոնցով էլ առաջնորդվում են, իսկ կենսոլորտային տարածքի դեպքում որոշումները կայացվում են համատեղ», – ասում է Վազգեն Գալստյանը։

Արեգ Կարապետյանը հավելում է՝ սա պարզապես տարածք չէ, այլ մեկ ամբողջական լանդշաֆտային համակարգ, մեկ ամբողջական էկոհամակարգ․ «Այն Հյուսիսային Հայաստանի խոնավ անտառների միասնական համակարգն է՝ մեկ ամբողջական բնական մարմին, որը տարածականորեն համընկնում է Աղստև գետի ջրահավաք ավազանի վերին հոսանքների հետ։ Բայց այստեղ կառավարումն իրականացվում է տարբեր կերպ։ Տարածքների մի մասը կառավարվում է «Դիլիջան» ազգային պարկի կողմից, մի մասը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, նաև համայնքների։ Իրենք իրար հետ չեն փոխհարաբերվում»։

Թե գործնականում ինչպես է կառավարվելու կենսոլորտային տարածքը, ծրագրի հեղինակները դեռ չեն բարձրաձայնում։ Նշում են՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացվելիք առաջադրման փաստաթղթի մշակմանը զուգահեռ կհամաձայնեցվեն նաև կենսոլորտային տարածքի կառավարման և ֆինանսավորման մոդելները։ Դրանք դեռևս վերջնականապես հաստատված չեն։ «Այս փուլում ունենք հայեցակարգային մոտեցումներ, որոնց վրա աշխատում է նաև իրավաբանական թիմը։ Միաժամանակ անհրաժեշտ է, որ առաջարկվող լուծումները համապատասխանեցվեն Հայաստանի իրավական դաշտին և պետական առաջնահերթություններին։ Ակնկալում ենք, որ առաջիկա 6 ամիսների ընթացքում այս հարցերի շուրջ կհստակեցվեն հիմնական մոտեցումները, իսկ հաջորդ տարի՝ սեպտեմբերին, պատրաստ կլինենք ներկայացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ին առաջադրման փաստաթուղթը։ Հստակ է, որ կառավարման մոդելը լինելու է մասնակցային», – ասում է Վազգեն Գալստյանը։

Ծրագրի հեղինակները նշում են՝ «Դիլիջան» կենսոլորտային տարածքը մոդելային տարածաշրջան է, որտեղ համայնքների զարգացման ռազմավարություններում ինտեգրված են բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման պլանները։ Տեղի համայնքները կենսոլորտային տարածքի ամենաուղղակի շահառուները են։

«Համայնքների մեծ մասը հստակ գիտակցել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանցում ներառված կենսոլորտային տարածք ունենալը մեծ մրցակցային առավելություն է ֆինանսական հոսքերի ներգրավման առումով։ Այն հնարավորություն է տեղական բիզնեսներին՝ դուրս գալու միջազգային շուկա։ Կենսոլորտային տարածքում գործունեություն ծավալելը կարող են օգտագործել մարքետինգային տեսանկյունից, կարող են իրենց արտադրանքն ու ծառայություններն ավելի ներկայանալի դարձնել։ Կենսոլորտային տարածքներն ունեն նման մեխանիզմ՝ սերտիֆիկացնում են իրենց տարածքում գործունեություն ծավալող բիզնեսները, որոնք որդեգրել են կայուն զարգացման սկզբունքները։ Սա լրացուցիչ խթան է բիզնեսի համար՝ ձեռք բերելու ճանաչում, դուրս գալու միջազգային շուկա։ Այսինքն, խոսքը ոչ թե արգելքների, այլ զարգացման նոր, հավասարակշռված մոդելի մասին է», – նշում է Վազգեն Գալստյանը։

«Կենսոլորտային տարածքը ռեժիմ չի սահմանում, կենսոլորտային տարածքի դեպքում կան երեք հիմնական գոտիներ՝ Կենտրոնական գոտի կամ միջուկ, Աջակցման գոտի, Կայուն զարգացման գոտի, որոնք ապահովում են կենսաբազմազանության պահպանության և տնտեսական կայուն զարգացման հավասարակշռումը: Դրանք բաժանումներ են, թե որտեղ ինչ է ցանկալի անել, ոչ թե արգելվում է, այլ ցանկալի է։ Սա տարածքային ճիշտ պլանավորման մասին է», – հավելում է Արեգ Կարապետյանը։

Կենսոլորտային տարածքի սահմանների մեջ ընդգրկված վայրերում կան գործող մետաղական հանքավայրեր, գետերի վրա շահագործվում են հիդրոէլեկտրակայաններ, առկա է մարդ-անտառ կոնֆլիկտ հատկապես անտառամերձ բնակավայրերում։

Արեգ Կարապետյանը նշում է՝ կենսոլորտային տարածքը կլինի այն ընդհանուր զարգացման հայեցակարգ ունեցող տարածքը, որտեղ կձևավորվի հարթակ, որի շրջանակում բոլոր շահառու կողմերը կկարողանան համատեղ քննարկել առկա խնդիրները։ «Կենսոլորտային տարածք՝ չի նշանակում, որ այնտեղ ընդհանրապես չպետք է լինի որևէ տնտեսական գործունեություն։ Գաղափարն այն է, որ այստեղ պետք է ձևավորվի համագործակցային մոտեցում, և բոլոր գործողությունները պետք է իրականացվեն՝ հաշվի առնելով կենսաբազմազանության պահպանության չափանիշները։ Գաղափարը, գուցե, որոշ առումով կարող է հավակնոտ թվալ, բայց այն առաջադիմական, նորարարական և մասնակցային մոտեցում է ապահովում։ Սա այն ճանապարհն է, որով անցել են այն երկրները, որոնք արդեն թևակոխել են ժողովրդավարական զարգացման ավելի բարձր փուլ։ Սա անխուսափելի քայլ է։ Եվ պատահական չէ, որ աշխարհում այսօր արդեն գործում է ավելի քան 800 կենսոլորտային տարածք, որոնց մեծ մասը հաջողված կառավարման օրինակներ են։ Կարող ենք վստահաբար ասել, որ Հայաստանում արդեն հասունացել է նմանատիպ ժողովրդավարական կառավարման մոդելի անհրաժեշտությունը», – ասում է Արեգ Կարապետյանը։

Ըստ նրա՝ սա պետական դասական ինստիտուտները լրացնող, ավելի ճկուն, ժամանակակից և մասնակցային կառավարման նոր մոդել է, որի շրջանակում որոշումները կընդունվեն գիտական հիմնավորումների և շահագրգիռ կողմերի մասնակցության հիման վրա։ Այդ համակարգի նպատակը տարբեր ոլորտները միմյանցից տարանջատելը չէ, այլ դրանց միջև համագործակցությունն ու փոխգործակցությունն ամրապնդելը։

«Չի կարող լինել մոտեցում՝ «դու զբաղվիր բնապահպանությամբ, ես՝ տնտեսական զարգացմամբ, և մենք չխառնվենք միմյանց գործերին»։ Դա չափազանց պարզեցված մոտեցում է։ Այսօր աշխարհը գնում է ինտեգրված զարգացման ճանապարհով։ Բնապահպանությունը այլևս չի կարող դիտարկվել որպես առանձին ոլորտ՝ մեկ կառույցի կամ մեկ նախարարության շրջանակում։ Տնտեսական զարգացումն անմիջականորեն կապված է շրջակա միջավայրի վիճակի, բնական ռեսուրսների պահպանության և դրանց կայուն օգտագործման հետ, – ասում է Արեգ Կարապետյանը և շեշտում, – բնական ռեսուրսների նվազումը մեզ կանգնեցնում է լուրջ մարտահրավերների առաջ, և այդ իրողությունն այսօր արդեն ակնհայտ է բոլորի համար»։

Օգոստոս 06, 2026 at 14:39

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *