

2026թ․ հուլիսի 30-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստում քննարկվել են «Առողջ տանիք» ծրագրի նախագիծը, վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտներում իրականացվող աշխատանքները, աղբահանության ինտեգրված համակարգի ներդրման ընթացքը։

Նիստին մասնակցել են հասարարական խորհրդում ներգրավված կազմակերպությունների ներկայացուցիչներ և փորձագետներ։ Նիստին մասնակցել է նաև «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը։
Նիստի բացմանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նշեց, որ օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր ձևավորվել են հենց հասարակական խորհրդի անդամների առաջարկությունների հիման վրա։ Նրա խոսքով՝ նախարարության նպատակը խորհրդի հետ գործնական համագործակցության ձևավորումն է, որպեսզի քննարկումները նպաստեն մշակվող ծրագրերի կատարելագործմանը։
«Առողջ տանիք» ծրագրի նախագիծը ներկայացրել է ՏԿԵ նախարարության Տարածքային ենթակառուցվածքների վարչության խորհրդական, առանձին գործառույթներ համակարգող Վահրամ Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ ծրագիրը նախատեսվում է իրականացնել մի քանի ուղղություններով։ Առաջին բաղադրիչը անհատական բնակելի տների ասբեստից տանիքների փոխարինման աշխատանքների համար պետական աջակցության տրամադրումն է։ Երկրորդ ուղղությունը վերաբերում է ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող շենքերի և շինությունների՝ անհատական բնակելի տներից տարբերվող օբյեկտների, տանիքների փոխարինման աջակցությանը։ Երրորդ բաղադրիչը բազմաբնակարան բնակելի շենքերի և համայնքային սեփականության շենք-շինությունների ասբեստից տանիքների փոխարինումն է։ Նախատեսվում է, որ այս աշխատանքները կիրականացվեն սուբվենցիոն ծրագրերի կամ բնապահպանական ծրագրերի շրջանակներում։
Չորրորդ ուղղությունը պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքների փոխարինման միջոցառումներն են։

Վահրամ Հովհաննիսյանը նշեց, որ ծրագիրը դեռ գաղափարի փուլում է, և դրա վերջնական ձևավորման համար անհրաժեշտ են նաև խորհրդի անդամների դիտարկումներն ու առաջարկությունները։ «Այս ծրագիրը գաղափարի փուլում է, և բազմաթիվ հարցեր կան, որոնք այսօր պատկերացնում ենք, բայց կարիք կա ներկաների խորհուրդների և առաջարկությունների, որպեսզի ծրագիրն ավելի ամբողջական դառնա», – ասաց նա։
Նրա խոսքով՝ անհատական բնակելի տների ասբեստից տանիքների փոխարինման դեպքում նախատեսվում է տրամադրել աջակցություն վարկային մեխանիզմի միջոցով։ Ըստ ներկայացված տարբերակի՝ նախատեսվում է մինչև 10 միլիոն դրամի աջակցություն՝ 84 ամիս մարման ժամկետով։
Վարկերի տրամադրման դեպքում առանձնացվել են մի քանի սկզբունքներ։ Սահմանամերձ բնակավայրերում նախատեսվում է սուբսիդավորել տոկոսների ամբողջ ծավալը, սահմանամերձ չհանդիսացող գյուղական բնակավայրերում՝ 11 տոկոսը, իսկ քաղաքային բնակավայրերում՝ 12 տոկոսը։
Վահրամ Հովհաննիսյանը նշեց, որ ծրագրի հետագա փուլերում նախատեսվում է փոփոխություններ կատարել սուբվենցիոն կարգում, ինչպես նաև կարևորել գույքագրման աշխատանքների իրականացումը։
«Հետագայում ավելի շատ ներգրավվածություն են ունենալու ՀՀ քաղաքաշինության կոմիտեն՝ քաղաքաշինական գործընթացների առումով, մարզպետների աշխատակազմերը, համայնքապետարանները՝ գույքագրման և հետագա գործընթացների համակարգման ու վերահսկման առումով», – նշեց նա։
Վահրամ Հովհաննիսյանը հավելեց, որ ծրագրի հետագա ընթացքում հնարավոր են որոշակի կարգավորումներ և լրացումներ՝ նաև հասարակական խորհրդի առաջարկությունների հիման վրա։
Անդրադառնալով ասբեստից տանիքների փոխարինման «Առողջ տանիք» ծրագրին՝ նախարարը նշեց, որ այն համեմատաբար նոր նախաձեռնություն է, և ներկայում բազմաթիվ ծրագրեր գտնվում են նախագծման փուլում։ «Ունենք բազմաթիվ ծրագրեր, որոնք այս կամ այն ոլորտին են վերաբերում, տարբեր ենթակառուցվածքներին, և դրանցից շատերը նախագծման փուլում են գտնվում։ Այդ փուլից դրանք անցնելու են պիլոտայինի՝ հանրապետության մեկ մարզում կամ մի քանի մարզերում՝ կախված գույքագրման արդյունքներից», – նշեց Դավիթ Խուդաթյանը։
Նրա խոսքով՝ ծրագրի հետագա իրականացման ձևաչափը դեռ պետք է հստակեցվի։ Այն կարող է ներառել ամբողջական փոխհատուցում, տոկոսների փոխհատուցում, պետական համաֆինանսավորման կամ մասնակցային բյուջետավորման այլ ձևաչափեր։
Էներգետիկայի, մասնավորապես՝ վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտներում իրականացվող աշխատանքների ու զարգացման հեռանկարների վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ՏԿԵ նախարարության Էներգետիկայի վարչության պետի պարտականությունները կատարող Հովհաննես Աբրահամյանը։
Նա նշեց, որ նախարարությունն ակտիվ օրենսդրական աշխատանքներ է իրականացնում էներգետիկայի բնագավառում։ «Ռազմավարական բնույթի փաստաթղթերի մասով ՀՀ կառավարության կողմից մշակման փուլում են գտնվում 6 խոշոր ռազմավարություններ»,- ասաց Հովհաննես Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ մինչև 2040 թվականը նախատեսված էներգետիկայի ոլորտի ռազմավարական ծրագիրը նույնպես փոփոխությունների կենթարկվի՝ արդեն նոր ռազմավարությունների ընդունումից հետո։
Ներկայում շրջանառության մեջ են դրված «Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության մասին» նոր օրենքի և «Էլեկտրաէներգետիկայի մասին» օրենքի նախագծերը։ Հովհաննես Աբրահամյանը նշեց, որ երկու նախագծերն էլ մշակվել են միջազգային գործընկերների աջակցությամբ և այժմ գտնվում են վերջնականացման փուլում։ Նրա խոսքով՝ շահագրգիռ մարմինների հետ քննարկումներից հետո նախագծերը տեղադրվել են e-draft հարթակում։

Անդրադառնալով էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թվականների ծրագրին՝ զեկուցողը նշեց, որ քննարկման փուլում է գտնվում ծրագրի երկրորդ փուլը, որը նախատեսվում է ներկայացնել ՀՀ կառավարության հավանությանը։ Երկրորդ փուլը վերաբերում է արդեն իրականացված ծրագրերին, մասնավորապես՝ բնակելի անհատական տներում էներգախնայողության վերանորոգման աշխատանքներին։ «Ծրագիրն ունեցել է բազմաթիվ մասնակիցներ, բարձրացվել էր նաև ծրագրի շարունակականության հետ կապված հարցը, սակայն այստեղ պետք է հաշվի առնել, որ արդեն իսկ տարեկան շուրջ 6.3 միլիարդ դրամ դեռ ծրագրով տրամադրվում է պետական բյուջեից սուբսիդավորում», – ասաց Հովհաննես Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հասկանալ, թե երբ և ինչ ձևաչափով պետք է լրամշակվի ծրագիրը։ «Ծրագիրը շատ հետաքրքիր է եղել՝ և՛ արված էներգաարդյունավետ վերանորոգումների տեսանկյունից, և՛ նրանով, որ հնարավորություն է տրվել արևային կայաններ տեղադրել։ Այս ծրագրի շրջանակներում 300 տոկոսով ավելացել է ինքնավար էներգաարտադրողների թիվը», – ասաց նա։
Հանրապետության տարածքում աղբահանության ինտեգրված համակարգի ներդրման ընթացիկ վիճակը ներկայացրեց ՏԿԵ նախարարության Տարածքային զարգացման և կոշտ թափոնների կառավարման վարչության պետ Նարինե Ավետյանը։ Նա նշեց, որ աղբահանության և կոշտ թափոնների կառավարման ոլորտը շարունակում է մնալ հրատապ լուծումներ պահանջող ուղղություններից մեկը։
«Այս տարիների ընթացքում փորձ է արվել բարելավել ինստիտուցիոնալ և օրենսդրական դաշտը, և այն արդեն բարելավված է։ Հիմա արդեն պետք է իրականացվեն հստակ գործողություններ», – ասաց Նարինե Ավետյանը։
Նրա խոսքով՝ դեռևս ոչ բոլոր բնակավայրերում է իրականացվում աղբահանություն։ Դա պայմանավորված է մի շարք գործոններով՝ բնակավայրերի ռելիեֆով, նոսր բնակեցված տարածքներով, ինչպես նաև ոչ մասնագիտական կազմակերպությունների ներգրավմամբ։
Նարինե Ավետյանը նշեց, որ հանրապետությունում առկա են շուրջ 100-110 աղբանոցներ, որոնք չեն համապատասխանում բնապահպանական, քաղաքաշինական և սանիտարական նորմերին։ Աղբավայրերում չկա կշռման համակարգ, և թափվող աղբի քանակները հաշվարկվում են ընդունված նորմերի հիման վրա։ «Այդ նորմերի հիման վրա հանրապետությունում օրական գոյանում է շուրջ 2100 տոննա աղբ, իսկ տարեկան՝ մոտ 770 հազար տոննա աղբ», – ասաց նա։
Նրա խոսքով՝ վերամշակման գործընթացները համակարգված չեն, և ներկայում գործում են փոքր մասշտաբով առանձնացված վերամշակող կազմակերպություններ, որոնք հիմնականում զբաղվում են պլաստիկի, թղթի և ապակու վերամշակմամբ։
Նա նաև նշեց, որ սկզբնաղբյուրում աղբի տեսակավորումը դեռևս ձևավորված չէ․ «Բարդ է նաև աղբանոցի ինքնածախսածածկման խնդիրը։ Փաստացի համայնքները մեկուկես, նույնիսկ երկու անգամ ավելի շատ են ծախսում, քան հավաքագրում են դրա դիմաց»։
Հանրապետությունում առաջին սանիտարական աղբավայրը բացվել է Հրազդան համայնքում և շահագործվում է 2025 թվականի հուլիսից։ Նախատեսված է ՀՀ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր բնակավայրերի համար։ Այս պահին այնտեղ օրական տեղադրվում է շուրջ 200 տոննա աղբ։ «Սա առաջին ծրագիրն է՝ եվրոպական ստանդարտներին համապատասխան աղբահանության ներդրման համար», – ասաց Նարինե Ավետյանը։
Ըստ նրա՝ հաշվի առնելով խնդրի հրատապությունը նախաձեռնվել է հանրապետության ամբողջ տարածքում ինտեգրված համակարգի ներդրման միջոցառումների իրականացումը։ Աղբահանության ինտեգրված համակարգի ներդրման ուղղությամբ դեռևս 2023-2024 թվականներին՝ Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի աջակցությամբ, իրականացվել է նախնական ուսումնասիրություն։ Ուսումնասիրության արդյունքում որոշվել է հանրապետության տարածքը գոտիավորել՝ աշխարհագրական առանձնահատկություններից ելնելով։
«Գոտիավորումն իրականացվել է հյուսիսային, կենտրոնական և հարավային մոդելներով, քանի որ հաշվի են առնվել գոյացող աղբի քանակը, ճանապարհածախսերը, շինարարությունը, ինչպես նաև ուսումնասիրվել են տարբեր մատրիցաներ, վերլուծվել է ամբողջ գործընթացը՝ աղբի վերամշակմամբ և էներգիայի ստացմամբ», – նշեց նա։
Կատարված վերլուծությունների հիման վրա մշակվել է ռազմավարության միջոցառումների երկրորդ ծրագիրը։
Աղբահանության ռազմավարական ծրագիրը, ըստ Նարինե Ավետյանի, ընդունվել է 2021 թվականին և հիմնականում նպատակաուղղված էր շրջանաձև տնտեսության և ռեսուրսների արդյունավետ օգտագործման սկզբունքների կիրառմանը։ Այդ մոտեցումները հետագայում ամրագրվել են նաև 2023 թվականին իրականացված և ՀՀ Ազգային ժողովի կողմից հաստատված «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքում կատարված փոփոխություններով։
«Այստեղ նաև ամրագրվել է գոտիավորված տարածքների մասին դրույթը և մի շարք այլ դրույթներ, որոնք թույլ են տալիս այսօր ներդնել եվրոպական ստանդարտներին համապատասխան աղբահանության համակարգ», – ասաց Նարինե Ավետյանը։
Նրա ներկայացմամբ՝ ծրագրի շրջանակներում նախատեսվում է հանրապետությունում կառուցել առնվազն երեք սանիտարական աղբավայր՝ ըստ սահմանված գոտիների, ինչպես նաև փոխաբեռնման կայաններ։ Դրանք հնարավորություն կտան աղբի տեղափոխումն ավելի արդյունավետ կազմակերպել և նվազեցնել ֆինանսական ծախսերը։
Նարինե Ավետյանը նշեց, որ ծրագրի պարտադիր բաղադրիչներից է նաև վերամշակման գործարանների կառուցումը․ «Նախատեսված է, որ յուրաքանչյուր աղբավայրի կողքը՝ աղբավայրի տարածքում, կկառուցվի վերամշակման գործարան՝ տեսակավորման հոսքագծով»։
Նրա խոսքով՝ կարևոր ուղղություն է նաև կենսաքայքայվող թափոնների կառավարումը։ «Հանրապետությունում կատարված մորֆոլոգիական ուսումնասիրությունների արդյունքներով՝ գոյացող աղբի շուրջ 45-50 տոկոսը կենսաքայքայվող աղբ է, օրգանական թափոններ են։ Այդ իսկ պատճառով կարևոր բաղադրիչ է կենսաքայքայվող աղբի առանձին հավաքման և վերամշակման կազմակերպումը՝ հետագա գնահատումներով՝ բիոգազի կամ կոմպոստի ստացման միջոցով», – ասաց Նարինե Ավետյանը։
Ծրագրին աջակցելու պատրաստակամություն են հայտնել ՎԶԵԲ-ը, ԱԶԲ-ն, Համաշխարհային բանկը և Զարգացման ֆրանսիական գործակալությունը։ ՎԶԵԲ-ի կողմից կիրականացվի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը, իսկ ներդրումային ծրագրերի իրականացումը նախատեսվում է դոնոր կազմակերպությունների աջակցությամբ։
Նարինե Ավետյանի խոսքով՝ 2025 թվականի դեկտեմբերին ՎԶԵԲ-ի կողմից հայտարարվել է երկու միջազգային մրցույթ։ Ծրագրում ներառվել է նաև Երևան համայնքը՝ որպես կենտրոնական գոտու մաս։ «Երևանի կենտրոնական մասով հաղթող կա, աշխատանքներն արդեն սկսվել են։ Խորհրդատուները պետք է ներկայացնեն տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ՝ երկու գործող աղբավայրերի փակման և նորի կառուցման վերաբերյալ», – ասաց նա՝ հավելելով՝ ընտրվել են նաև բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման խորհրդատուներ, որոնք նույնպես սկսել են աշխատանքները։
Մյուս տարածքների մասով մրցույթի գործընթացը գտնվում է ամփոփման փուլում։
Նարինե Ավետյանը նշեց, որ խորհրդատուները ծրագրի շրջանակներում պետք է հստակեցնեն սանիտարական աղբավայրերի տեղադիրքերը։ Նախկինում ներկայացվել էին մոտավոր տեղադիրքեր՝ հաշվի առնելով աշխարհագրական դիրքը, աղբի քանակը և ճանապարհները, սակայն այժմ անհրաժեշտ է դրանք համապատասխանեցնել բոլոր սահմանափակումներին՝ իրականացնելով երկրաբանական, գեոդեզիական և այլ ուսումնասիրություններ։ «Լոգիստիկան նույնպես պետք է առաջարկվի։ Մենք նաև ներառել ենք կառավարման նոր մոդելի առաջարկությունը»,- նշեց նա։
Նարինե Ավետյանը հավելեց, որ նախատեսվում է՝ խորհրդատուները 2027 թվականին ներկայացնեն հանրային ներդրումային փաթեթը, որը պետք է քննարկվի Հանրային ներդրումային կոմիտեում՝ ՀՀ վարչապետի գլխավորությամբ։ Հավանության արժանանալու դեպքում ներդրումային աշխատանքները կարող են սկսվել 2027 թվականի կեսերից կամ 2028 թվականի սկզբից։ «Կանխատեսվում է, որ 2032 թվականին արդեն կարող են կառուցված լինել աղբավայրերը, փոխաբեռնման կայանները և մշակման գործարանները»,- ասաց նա։
Նիստի ընթացքում փորձագիտական կարծիք ձևավորելու նպատակով ժամանակավոր աշխատանքային խմբերի ձևավորման առաջարկով հանդես եկավ նախարարի օգնական, խորհրդի համակարգող պաշտոնատար անձ Լիանա Հովհաննիսյանը։
Նա առաջարկեց ձևավորել երեք հիմնական աշխատանքային խմբեր՝
– էներգետիկա և բնական պաշարներ,
– տրանսպորտ և ճանապարհային ենթակառուցվածքներ,
– տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարում։
Նիստի ընթացքում խորհրդի անդամները և փորձագետները ներկայացրին մի շարք առաջարկություններ ու դիտարկումներ՝ կապված քննարկված ծրագրերի հետ։
Ջրային և տարածական տվյալների փորձագետ Ստեփան Խաչատրյանը ներկայացրեց Ստեփանավան համայնքի (ներառյալ Գյուլագարակ և Լոռի Բերդ համայնքները) աղբահանության համար իրականացված քաղաքաշինական նորմերի վրա հիմնված գիտահեն մոդելավորման աշխատանքները։
Նա նշեց, որ համայնքում աղբավայրի համար փորձել են գտնել ամենահարմար տարբերակը՝ հաշվի առնելով քաղաքաշինական նորմերը, էկոլոգիական անվտանգությունը և օրենսդրական սահմանափակումները։
Ուսումնասիրվել է ընդհանուր 580 քառ. կմ տարածք։ Ուսումնասիրության ընթացքում դիտարկվել են 1,250-1,650 մ բարձրության վրա գտնվող բնակավայրերը, Բազումի և Վիրահայոց լեռների տարածքները, որոնք ընդգրկում են Ձորագետի և Գարգարի գետերի կիրճերը։
Ստեփան Խաչատրյանը նշեց, որ իրականացվել է բազմագործոն վերլուծություն, որի արդյունքում ընտրվել է առավել նպատակահարմար տեղանքը։
.jpeg)
Էներգախնայողության աջակցման հիմնադրամ կազմակերպության ներկայացուցիչ Աստղինե Պասոյանը նշեց, որ «Վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության մասին» օրենքի նախագիծը պետք է տեղադրված լիներ e-draft համակարգում, սակայն տեխնիկական խնդրի պատճառով այն հասանելի չէ և չի գտնվում։ Նա առաջարկեց նաև «Թափանցիկ էներգետիկայի» կոալիցիայի ներկայացուցիչների հետ կազմակերպել թեմատիկ քննարկում, որի ընթացքում հնարավոր կլինի ներկայացնել օրենքի նախագիծը խորհրդի մյուս անդամներին և իրականացնել հանրային դիտարկում։
Առաջարկին ի պատասխան՝ Հովհաննես Աբրահամյանը նշեց, որ նման առաջարկներ ստացել են նաև այլ կազմակերպություններից։ «Այն կդիտարկենք հանրային լսումների ձևաչափով և կիրականացնենք շահագրգիռ մարմինների հետ»,- նշեց նա։
«Էկոպոլիս բնապահպանական կենտրոն» համայնքային զարգացման և անվտանգության համար հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Ալբերտ Հարոյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Հայաստանում տարածված են ոչ միայն ասբեստից տանիքները, այլև ասբեստից խողովակները։
Նրա խոսքով՝ հատկապես ոռոգման ցանցերում և բազմաբնակարան շենքերի օդափոխության համակարգերում դեռևս առկա են նման լուծումներ։ Նա ողջունել է պետության նախաձեռնությունը, սակայն ընդգծել է ասբեստի թափոնների կառավարման հետ կապված ռիսկերը։ «ՀՀ-ն չունի ոչ մի տեխնիկական հնարավորություն ասբեստը որևէ տեղ հանձնելու։ Ընդհանրապես արգելվում է ասբեստը սովորական աղբավայրերում թափել», – նշեց Ալբերտ Հարոյանը։
Նա առաջարկեց մշակել ասբեստի թափոնների կառավարման և աջակցության ծրագիր, որտեղ մանրամասն կքննարկվեն հետագա քայլերը։ Նա նաև կարևորել է, որ շենքերի ասբեստի ծածկերը հեռացնելիս պահպանվեն տեխնիկական պահանջները՝ խուսափելով նյութը ջարդելուց և փշրելուց։
Վահրամ Հովհաննիսյանը, արձագանքելով բարձրացված հարցերին, նշեց, որ գ
ոյություն ունեն ասբեստի տարբեր տեսակներ, որոնք ունեն վտանգավորության տարբեր աստիճաններ։ «Գիտական այդքան ներուժ այսօր չկա, որպեսզի կարողանանք գիտական տեսանկյունից գույքագրել ըստ իրենց վտանգավորության»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ ինչպես նշվել է նիստի սկզբում, ծրագիրը ներառելու է տարբեր գերատեսչություններ և գիտական համայնքներ՝ անհրաժեշտ կարողություններ ձևավորելու նպատակով։
Վահրամ Հովհաննիսյանը նշեց, որ ասբեստի թափոնների տեսակավորման և կառավարման հարցը նախատեսվում է իրականացնել «Թափոնների մասին» օրենքով նախատեսված բնապահպանական ծրագրերի շրջանակներում։
Նրա խոսքով՝ Շրջակա միջավայրի նախարարության հետ արդեն տեղի են ունեցել նախնական քննարկումներ, և նախատեսվում է մշակել համապատասխան բնապահպանական ծրագրեր՝ ներգրավելով նաև գիտական ներուժը։
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հավելեց, որ ծրագրի իրականացման արդյունքում պետք է ձևավորվեն կառավարման և վերահսկողության մեխանիզմներ։ «Խնդիրը ասբեստից տեղափոխումը արագ կազմակերպելը չէ, այսինքն՝ տանիքից այն անկանոն աղբավայր ուղարկելը չէ։ Նպատակը այն մարզում տեղափոխելն է, որը պիլոտային ծրագրով կիրականացվի», – նշեց նախարարը։
Անդրադառնալով ջրագծերին՝ Դավիթ Խուդաթյանը նշեց, որ որոշ բնակավայրերում նախկինում անգամ խմելու ջրագծերն են եղել ասբեստից։ Նրա խոսքով՝ պետական համաֆինանսավորման ծրագրերի շրջանակում բազմաթիվ վայրերում իրականացվել է նման համակարգերի փոխարինում։ «Հիմնականում ոռոգման դեպքում կառուցվել են բետոնե կիսախողովակներ և փակ համակարգեր, իսկ մյուս դեպքում ջրի տեղափոխումը կազմակերպվել է ավելի նոր ստանդարտներին համապատասխան սննդային պլաստիկ խողովակներով»,- ասաց նա։
Նախարարը նշեց, որ տեղափոխման, դասավորման և ապամոնտաժման փուլերում կներգրավվեն մասնագիտական գիտելիքներ ունեցող գործընկերներ, և ամբողջ գործընթացը կենթարկվի մոնիթորինգի։
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը նիստի ընթացքում անդրադարձավ կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային ծրագրին։ Նա նշեց, որ մի քանի տարի առաջ ընդունվել է կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում էր նաև էներգետիկայի ոլորտի կլիմայական փոփոխության հարմարվողականության ծրագրի ընդունում։ «Նախագիծը մշակվեց, սակայն չընդունվեց։ Հարց է առաջանում՝ արդյո՞ք նոր մշակվող փաստաթղթերում հարմարվողականությունը ներառվելու է, թե ոչ», – նշեց Վիկտորյա Բուռնազյանը։
.jpeg)
Նա նաև մտահոգություն հայտնեց Հրազդանի սանիտարական աղբավայրի շահագործման ժամկետի վերաբերյալ։ Վիկտորյա Բուռնազյանի խոսքով՝ նախատեսված 8 տարվա շահագործման ժամկետը կարող է կրճատվել, եթե թափոնների տեսակավորումը պատշաճ չկազմակերպվի։ «Կարող է շատ ավելի շուտ լցվել, օրինակ՝ 5 տարում, և մեծամասամբ խնդիրը գալիս է թափոնների ոչ պատշաճ տեսակավորումից», – ասաց նա։
Նա հետաքրքրվեց՝ արդյոք կա քաղաքականություն համայնքներում տեսակավորման մշակույթ ձևավորելու համար և հնարավո՞ր է ավելի արագ ներդնել աղբի տեսակավորման համակարգը։
Նարինե Ավետյանը, պատասխանելով հարցին, նշեց, որ աղբի տեսակավորումը սկզբնաղբյուրում քաղաքականության առաջնահերթություններից է։ «Այստեղ կա նախ և առաջ քաղաքացիական հասարակության օգնության աջակցությունը, քանի որ միայնակ դա անել հնարավոր չէ»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ մշակվել է ծրագրային առաջարկ, որը ներկայացվել է ՀՀ փոխվարչապետի գրասենյակ և առաջիկայում նախատեսվում է քննարկել։ Ծրագիրը ներառում է երկրորդային տեսակավորում, կենսաքայքայվող և շինարարական աղբի առանձնացում, ինչպես նաև դրանց հետագա վերամշակման և օգտագործման հնարավորությունները։
Նարինե Ավետյանը նշեց, որ ծրագրում ներգրավված են շվեդական կազմակերպություններ, իսկ իրականացումը նախատեսվում է ՎԶԵԲ-ի աջակցությամբ։ Նա ընդգծեց, որ Հրազդանի սանիտարական աղբավայրի դեպքում, հաշվի առնելով նախատեսվող տեսակավորման ծրագրերը, հաշվարկվում է, որ այն կշահագործվի 25 տարի կամ ավելի։
Կլիմայի հարմարվողականության վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Հովհաննես Աբրահամյանը նշեց, որ այդ ծրագիրը և դրա հետ կապված գործընթացները հիմնականում գտնվում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տիրույթում․ «Այդուհանդերձ էներգետիկան իր ուրույն տեղն ունի, և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ մեկտեղ սերտ համագործակցում ենք այդ հարցում»։
Քաղաքային տնտեսության և տարածքային կառավարման փորձագետ Արման Ավետյանն առաջարկեց ասբեստից տանիքների թիթեղների փոխարինման դեպքում սահմանել հստակ պահանջներ՝ սկսած նյութի հաստությունից մինչև գունային լուծումներ։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հաշվի առնել բնակավայրերի առանձնահատկությունները, օրինակ՝ գյուղական համայնքներում կիրառել միասնական գունային մոտեցումներ, իսկ զբոսաշրջային ուղղվածություն ունեցող բնակավայրերում նախատեսել համապատասխան գունային պահանջներ։
Արման Ավետյանը նաև հետաքրքրվեց, թե որքանով է նախարարությունը միջամտում համայնքներում աղբահանության վճարների պատշաճ հավաքագրման գործընթացին՝ հաշվի առնելով օրենսդրական պահանջները։
Վահրամ Հովհաննիսյանը նշեց, որ ծրագրի շրջանակներում ակտիվ քննարկումներ են իրականացվել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի հետ։ Նրա խոսքով՝ կոմիտեն պատրաստակամություն է հայտնել այն փուլում, երբ կմշակվեն համապատասխան նորմերը և չափանիշները, աջակցել գործընթացին։ «Բոլոր նշված հարցերը՝ թե՛ ստանդարտները, թե՛ շինարարական գործընթացների համակարգումը, կանեն», – նշեց նա։
Դավիթ Խուդաթյանն արձագանքեց, որ տանիքների տեսակի ընտրությունը պետք է իրականացվի՝ հաշվի առնելով յուրաքանչյուր տարածաշրջանի առանձնահատկությունները։
«Մի բնակավայր մի տեսակ է լինելու, կամ մի մարզը մի տեսակ։ Տեսակի ընտրությունը ՀՀ քաղաքաշինության կոմիտեի առաջարկով կլինի՝ հաշվի առնելով մի քանի հանգամանքներ՝ ռելիեֆը, տեղումների քանակը, տարածաշրջանի առանձնահատկությունները», – նշեց նախարարը։
Նրա խոսքով՝ պետք է հաշվի առնել նաև տվյալ բնակավայրում արդեն ձևավորված գունային տրամաբանությունը։ «Եթե պայմանական ծրագրի շահառուն X պահին դառնա Գորիս համայնքը, պետք է նայել՝ համայնքում տենդենցը որն է՝ դեպի ինչ գույնի տանիքներ են գնում, և ծրագիրը պետք է շարունակվի այդ տրամաբանությամբ», – ասաց նախարարը։
Աղբահանության վճարների հավաքագրման վերաբերյալ Նարինե Ավետյանը նշեց, որ դա համայնքային ինքնակառավարման մարմինների լիազորությունների շրջանակում է։ «Մենք՝ նախարարությունը, չենք կարող հանձնարարականներով վերահսկել, քանի որ աղբահանությունը ՏԻՄ-ի իրավասության և պարտադիր կատարման լիազորությունների մաս է»,- նշեց նա։
Աղբահանության վճարը հաստատվում է ավագանու որոշմամբ, և համայնքը պետք է կարողանա ապահովել դրա հավաքագրումը՝ ծախսերը փոխհատուցելու համար։ Եթե հավաքագրումը պատշաճ չի իրականացվում, համայնքները ստիպված են լինում համայնքային բյուջեից լրացուցիչ միջոցներ հատկացնել։
Միաժամանակ, Նարինե Ավետյանը նշեց, որ ՏԿԵ նախարարությունը պարբերաբար վերլուծություններ է իրականացնում ոլորտում առկա իրավիճակի վերաբերյալ։
Հայաստանի գործատուների հանրապետական միության ներկայացուցիչ Նունիկ Մանուկյանը նիստի ընթացքում օրակարգից դուրս բարձրաձայնեց ավտոտեխզննում իրականացնող կայանների կողմից ներկայացվող հաշվետվությունների հետ կապված խնդիրները։ Նա անդրադարձավՏԿԵ նախարարության կողմից պահանջվող հաշվետվությունների փաթեթին և դրա կիրառման ընթացքում առաջացող հարցերին։
Նույն կազմակերպության ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանը, ողջունելով ասբեստից տանիքների փոխարինման ծրագիրը՝ նշեց, որ Հայաստանի տարբեր մարզերից արդեն ունեն ավելի քան 500 դիմորդ։ Նրա խոսքով՝ իրականացվել է ավելի քան 60 տանիքի փոխարինման գործընթաց։ «Ակնհայտ է, որ մարդիկ նույնիսկ այս պայմաններում՝ առանց պետական պիլոտային ծրագրի, արդեն դիմում են և վարկային միջոցներով իրականացնում տանիքների փոխարինում»,- ասաց Ռուբեն Հակոբյանը։
Միաժամանակ նա նշեց, որ քաղաքացիները բախվում են օրենսդրական մի շարք պահանջների, մասնավորապես՝ շինթույլտվությունների հետ կապված հարցերի։ Նրա խոսքով՝ անկախ նրանից՝ տանիքի կոնստրուկտիվ չափերում փոփոխություն կատարվում է, թե ոչ, քաղաքացին պարտավոր է դիմում ներկայացնել, ստանալ համապատասխան հաստատում և միայն դրանից հետո իրականացնել տանիքի փոխարինումը։
Ռուբեն Հակոբյանը նշեց, որ այդ գործընթացը երկարացնում և բարդացնում է աշխատանքների իրականացումը։ Նա նաև անդրադարձավէլեկտրական կուտակիչների պահանջարկի աճին։
Հովհաննես Աբրահամյանը, պատասխանելով հարցին, նշեց, որ ընթացիկ տարվա մայիսին «Էներգետիկայի մասին» օրենքում և հարակից օրենքներում կատարվել են լրացումներ, որոնցով ներդրվել է էլեկտրական էներգիայի պահեստավորման՝ կուտակիչ կայանների իրավական կարգավորումը և լիցենզավորումը։
Նրա խոսքով՝ մինչև 1 ՄՎտ հզորությամբ կուտակիչ կայաններն ազատված են լիցենզավորման պահանջից․ «Ինչ վերաբերում է խոշոր կուտակիչ կայաններին, ապա ներկայում ենթաօրենսդրական դաշտի կարգավորման համար օրենքում տրված է 6-ամսյա ժամկետ, և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այդ շրջանակներում կմշակի ենթաօրենսդրական դաշտը»։
Հովհաննես Աբրահամյանը նշեց նաև, որ փոքր տնային տնտեսությունների համար կուտակիչ կայանների տեղադրման հարցում ներկայում քննարկվում են տարբերակներ՝ հասկանալու համար, թե ինչպիսի աջակցություն կարող է ցուցաբերել պետությունը։
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» համայնքային հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Օլեգ Դուլգարյանը նախարարության ուշադրությունը հրավիրեց տեղական ժողովրդավարության և որոշումների կայացման գործընթացների վրա։ Նա նշեց, որ կարևոր է ապահովել ՏԻՄ-երի ապակենտրոն գործունեությունը և նախարարության օբյեկտիվ մոտեցումը։ Օլեգ Դուլգարյանը մտահոգություն հայտնեց հանրային լսումների կազմակերպման մեխանիզմների վերաբերյալ՝ օրինակ բերելով Ստեփանավան համայնքում հունվարին անցկացված հանրային լսումը։ Նրա խոսքով՝ այդ լսմանը լայն հանրությունը չի մասնակցել, հիմնականում ներկա են եղել համայնքապետարանի և նախաձեռնողների ներկայացուցիչները։ «Դրանից հետո եղել է ավագանու նիստ, և նիստի ժամանակ տրվել է համաձայնություն։ Ընդունված որոշման լեգիտիմության հարցը կասկածի տեղիք է տալիս»,- նշեց նա։
Դավիթ Խուդաթյանն արձագանքեց, որ համաձայն է բարձրացված խնդրի հետ։ «Պետք է հասկանանք՝ օրենքի պահանջը պահպանվել է, թե ոչ, քանի որ շատ դեպքերում պահանջը պահվում է, բայց հետաքրքրություն չի առաջացնում, և քաղաքացիների մասնակցությունը չի ապահովվում»,- ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ լինում են դեպքեր, երբ հանրային լսումները տեղի են ունենում առանց քաղաքացիների իրազեկման, և արդյունքում մասնակցում են միայն նախապես տեղեկացված կամ արդեն որոշակի դիրքորոշում ունեցող անձինք։ Դավիթ Խուդաթյանն առաջարկեց փոխանցել տվյալներ՝ խնդիրը ուսումնասիրելու և հնարավոր լուծումներ գտնելու նպատակով։

Նիստի ավարտին որոշվեց մեծացնել փորձագիտական աշխատանքային խմբերի քանակը և ձևավորել հետևյալ ուղղություններով՝
– էներգետիկա,
– ջրային ոլորտ և ընդերքի կառավարում,
– տրանսպորտ և ճանապարհային ենթակառուցվածքներ,
– տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարում՝ ներառյալ կոշտ թափոնների կառավարումը։
Խմբերը կձևավորվեն ըստ անվանումների՝ հնարավորություն տալով խորհրդի անդամներին ընդգրկվել առավելագույնը երկու աշխատանքային խմբում։
Նիստի ընթացքում որոշվեց նաև հաջորդ քննարկման օրակարգում ներառել տեխզննման կայանների վերաբերյալ հարցը։ Նաև որոշվեց հետագա նիստերի օրակարգերը ձևավորել առավելագույնը երկու հարցով՝ դրանք դարձնելով առավել խորքային և մանրամասն քննարկման առարկա։
Լուսանկարները՝ ՏԿԵ նախարարության
Օգոստոս 06, 2026 at 13:59