Արդյո՞ք Էդգար Ղազարյանի արած հայտարարությունը բավականաչափ սկանդալային չէր, որպեսզի նա ոչ միայն վայր դներ մանդատը, այլև ի սկզբանե չընդգրկվեր «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի նախընտրական ցուցակում: Ազգային ժողովի օգոստոսի 6-ի նիստում՝ ընդդիմությունից ԱԺ փոխնախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ, նմանատիպ հարց է ուղղել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ դիմելով այդ պաշտոնի թեկնածու, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանին:
Ի պատասխան՝ Վարդևանյանը հայտարարել է, որ այդ հայտարարությունն արվել է երկու տարի առաջ, երբ Էդգար Ղազարյանը որևէ առնչություն չի ունեցել ոչ «Ուժեղ Հայաստան» դաշինքի, ոչ էլ դրա խմբակցության հետ:
«Ինձ համար ընդունելի չեն կտրուկ, ցնցող արտահայտություններն ու հայտարարությունները, որոնք կարող են ոչ միանշանակ մեկնաբանությունների տեղիք տալ: Եթե դուք այդ արտահայտությունը պատկերացնում եք հենց այնպես, ինչպես հիմա ներկայացնում եք, և սուբյեկտիվ ընկալումից ելնելով՝ փորձում եք այն մեկնաբանել հենց այդ ձևով, ապա թույլ տվեք մոդելավորել իրավիճակը: Եթե կա Հայաստանի Հանրապետության գոնե մեկ զինծառայող, ում այդ հայտարարությունը թեկուզ 5 կամ 10 տոկոսով վիրավորել է, ապա ես անձամբ ներողություն կխնդրեմ դրա համար: Սիրով ներողություն կխնդրեմ: Ես առաջարկում եմ առանց որևէ մարտավարական ձևի՝ այդ մոտեցմանը հենց այդպես էլ նայենք այլ դեպքերում ևս։ Օրինակ, ներողություն խնդրել զոհված զինծառայողների ծնողներից, որոնց բավական հաղթանդամ, մեծ ձեռքերով և գլխով ոստիկանները ոտուձեռք արած հանում են Եռաբլուրից, եկեք ներողություն խնդրենք այն իրավիճակի համար, երբ Նիկոլ Փաշինյանը ասում էր, «Դուք ինչի չեք զովել»։ Ակնհայտ է չէ՞, որ այդ արտահայտությունը կտրուկ, ցնցող խոսք է, որը բացասական էմոցիաներ է առաջացնում և տեղ-տեղ վիրավորում է զգացմունքները: Եկեք դուք էլ նույն կերպ վարվեք», — ասել է ԱԺ փոխնախագահի թեկնածուն: