Ականատեսը NEWS.am–ին մանրամասներ է պատմել այսօր՝ օգոստոսի 6–ին, Նորապատում բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունից։
«Հաց էինք ուտում, երբ լցակայանը տրաքեց, նայեցինք, տեսանք, որ լրիվ սպիտակել է բենզալցակայանը, գետինը լրիվ վիբրացիայի մեջ էր, մտածեցինք՝ երկրաշարժ է։ Երկուսս էլ վախեցանք, դրանից հետո մինչև հիմա հաց էլ չեմ կերել։ Երեխեքին եկան, հանեցին, բայց ես դա չնկատեցի, որովհետեւ փոշու ամպ էր, բան չէր երևում։ Այն նկատեցի, որ մեքենայի մեջ դրեցին երեխեքին ու տարան։ Երևի 20 տարեկան են, որ աշխատում են։
Իրենք ցիստեռնի մոտ են եղել, որը բենզին էր դատարկում։ Ամենառաջինը երեխեքին են օգնություն ցուցաբերել մարդիկ, պատահական մեքենայով տարել են, շտապօգնություն չի եկել էստեղ, ոլ էլ հրշեջները։ Երեխեքին տարել են, վերջում նոր հրշեջ մեքենան եկել է։
Դրանից հետո մոտ 100-200 մարդ էր լցվել կալոնկի դեմը, բան չէր երևում»,–ասաց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 6-ին՝ ժամը 12։25-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ բնակավայր տանող ճանապարհին՝ բենզալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն։
ՆԳՆ Փրկարար ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Նորապատ բնակավայրի 5-րդ փողոցում գտնվող բենզալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման․ վնասվել է մոտ 100 քմ տարածքում ստորգետնյա պահեստի վերին երկաթբետոնե կառուցատարրերը․ առկա է դիզելային վառելիքի արտահոսք։
Պայթյունի հետևանքով տուժել է երկու անձ, որոնք տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, կանխել դիզելային վառելիքի արտահոսքը և իրականցրել հերթապահություն: