Ուգանդան հավանություն է տվել միջազգային կայունացման ուժերի կազմում Գազայի հատված զորք ուղարկելուն

Ուգանդայի խորհրդարանը հինգշաբթի հավանություն է տվել միջազգային կայունացման ուժերի կազմում Գազայի հատված զինծառայողներ ուղարկելու առաջարկին, հայտնում է Reuters-ը։

Այդ որոշումը դարձավ Ուգանդայի պատրաստակամության առաջին հրապարակային հաստատումը՝ մասնակցելու Գազայի համար Միջազգային կայունացման ուժերի ձևավորմանը։ Ավելի վաղ այդ առաքելության համար զորախումբ ուղարկելու մտադրության մասին հայտարարել էր Մարոկկոն։

Ուժերի ստեղծումն առաջարկվել էր փետրվարին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ձևավորված Խաղաղության խորհրդի կողմից։ Ենթադրվում է, որ մոտ 20 հազար զինծառայողից բաղկացած զորախումբը կգլխավորի ամերիկացի գեներալ-մայոր Ջասպեր Ջեֆերսը։

Մայիսին Ջեֆերսը հայտարարել էր, որ ուժերի խնդիրը «ապագա բարգավաճումն ու տևական խաղաղությունն» ապահովելն է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի ավարտից հետո։

Ավելի վաղ Թրամփը հայտնել էր համաձայնության ձեռքբերման մասին, որը նախատեսում է ՀԱՄԱՍ-ի զինաթափում և Գազայի հատվածից իսրայելական զորքերի փուլային դուրսբերում։ Ըստ ծրագրի՝ Միջազգային կայունացման ուժերը պետք է տեղակայվեն Գազայում իսրայելական բանակի դուրսբերման առաջին փուլի ավարտից հետո։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *