Մանչեսթերում երկաթուղային երթևեկության կառավարման կենտրոնում էլեկտրամատակարարման խափանումը հանգեցրել է գնացքների աշխատանքի լայնամասշտաբ ընդհատումների Անգլիայի կենտրոնական և հյուսիսարևմտյան շրջաններում, հայտնում է PA Media-ն։
Վթարը տեղի է ունեցել 14:00-ից քիչ առաջ և ազդել է ազդանշանային համակարգի աշխատանքի վրա։
Network Rail համակարգի տվյալներով՝ պատճառն էլեկտրասնուցման խափանումն է եղել Մանչեսթերի երկաթուղիների կառավարման կենտրոնում՝ Ashburys կայարանի մոտ։
Անսարքության պատճառով Մանչեսթեր Պիկադիլի կայարանով գնացքների երթևեկությունը դադարեցվել է։ Խնդիրների մասին հայտնել են CrossCountry Trains և Transport for Wales օպերատորները։
Northern և TransPennine Express ընկերություններն ուղևորներին խորհուրդ են տվել ձեռնպահ մնալ ուղևորություններից՝ նշելով, որ կապի համակարգերի խափանման պատճառով գնացքները չեն կարող անվտանգ երթևեկել։
National Rail համակարգը նախազգուշացրել է, որ երթևեկության լուրջ խախտումները կպահպանվեն առնվազն մինչև օրվա վերջ։ Ամենաշատը տուժել են Մեծ Մանչեսթերի, Միդլենդսի և հյուսիսարևմտյան Անգլիայի երթուղիները։
Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարար Հայդի Ալեքսանդերը հայտարարել է, որ կանոնավոր թարմացումներ է ստանում իրավիճակի վերաբերյալ, և ուղևորներին կոչ է արել ուղևորություններից առաջ ստուգել տեղեկությունները։
Մանչեսթերի երկաթուղիների կառավարման կենտրոնը բացվել է 2014 թվականին և երկրի ամբողջ երկաթուղային ցանցի կենտրոնացված կառավարմանն աստիճանաբար անցնելու համար ստեղծված նմանատիպ 12 օբյեկտներից մեկն է։