ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավանաբար, հակված է 2028 թվականի ընտրություններում որպես իր իրավահաջորդ աջակցել փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ մոտ երկու շաբաթ առաջ Օվալաձև աշխատասենյակում դոնորների հետ հանդիպման ժամանակ Թրամփն ասել է. «Վերջիվերջո, մեզ պետք է ընտրել Ջեյ Դիին»։ Միաժամանակ աղբյուրը նշել է, որ նախագահը դեռ պաշտոնապես ընտրություն չի կատարել Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև։
Ներկայում Վենսը համարվում է Հանրապետական կուսակցության կողմից առաջադրման գլխավոր հավանական թեկնածուն, սակայն Ռուբիոն ևս ամրապնդել է իր դիրքերը համազգային հարցումներում, առանցքային նահանգներում վարկանիշներում և ներհուսակցական քվեարկություններում։
Ավելի վաղ Թրամփը բազմիցս դրական էր արտահայտվել Վենսի մասին՝ նրան անվանելով ամենահավանական իրավահաջորդը, սակայն նաև ակտիվորեն աջակցել էր Ռուբիոյին, որը վարչակազմում միաժամանակ մի քանի առանցքային պաշտոններ է զբաղեցնում։
«Փոխնախագահ Վենսը Հանրապետական կուսակցության ապագան է, իսկ Մարկո Ռուբիոն նրա ամենամոտ ընկերներից մեկն է վարչակազմում»,- հայտարարել է Թրամփի քաղաքական շրջապատի ներկայացուցիչներից մեկը։
Աղբյուրների տվյալներով՝ թեկնածուին աջակցելու վերջնական որոշումը կարող է հետաձգվել։ Նախագահի խորհրդականների կարծիքով՝ Թրամփը շահագրգռված է պահպանել ազդեցությունը կուսակցության վրա և չի ցանկանում չափազանց շուտ քաղաքական ուշադրությունը փոխանցել հնարավոր իրավահաջորդին։
2028 թվականի ընտրություններում հանրապետականներին գլխավորելու իրավունքի համար պայքարը դեռ վաղ փուլում է, սակայն Վենսի և Ռուբիոյի միջև դիմակայությունն արդեն դառնում է կուսակցության ներսում գլխավոր ինտրիգներից մեկը։