
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանը, որը տեւական ժամանակ է մուտք է գործել սպորտի աշխարհ եւ զբաղեցնում է Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, վաղուցվանից էր աչք դրել Հայաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնին վրա: Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը 2004 թվականից ի վեր քաղբանտարկյալի կարգավիճակում գտնվող Գագիկ Ծառուկյանն է:
«Հրապարակը» նախկինում գրել է, որ Արայիկ Հարությունյանը վաղուց է մտմտում ՀԱՕԿ-ի նախագահի պաշտոնն իրենով անելու սցենարների շուրջ: Նա այս տարեսկզբին հայտարարեց, որ Ծառուկյանն իրավունք չունի զբաղեցնելու ՀԱՕԿ նախագահի պաշտոնը, քանի որ այս տարի լրանում է նրա 70 տարին: Ի վերջո, ի՞նչ է լինելու ՀԱՕԿ-ի հետ. Գագիկ Ծառուկյանը կալանավորված է, իսկ ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը Հայաստանում չէ, ու ասում են` դժվար թե շուտ վերադառնա՝ աչքի առաջ ունենալով Ծառուկյանի հետ տեղի ունեցածը: Նրան ուղիղ տեքստով ասել են` հաջորդը դու ես, եւ նա մեկնել է երկրից դեռ Ծառուկյանին կալանավորելուց առաջ:
Մեր տեղեկություններով, իշխանությունը պատրաստվում է իրենով անել նաև ՀԱՕԿ-ը: Չնայած ՀԱՕԿ-ը ՄՕԿ-ի` Միջազգային օլիմպիական կոմիտեի կազմում է ընդգրկված, տեսակով հասարակական կամակերպություն է` պետությանը չի ենթարկվում, եւ աշխարհում ընդունված չէ ՄՕԿ կառույցների հետ նման կերպ վարվելը, բայց Նիկոլ Փաշինյանն աշխարհի կանոններին չի ենթարկվում եւ այստեղ եւս որոշել է «իշխանափոխություն» անել:
Մեզ հասած տեղեկություններով, աշնանը, հնարավոր է՝ սեպտեմբերին, համագումար կհրավիրեն, որտեղ ՀԱՕԿ-ի կազմում ընդգրկված սպորտային ֆեդերացիաների ղեկավարները կընտրեն նոր ՀԱՕԿ ղեկավար, ու չի բացառվում, որ դա ՔՊ առանցքային դեմքերից մեկը լինի կամ հենց այս պաշտոնի վրա վաղուց աչք դրած Արայիկ Հարությունյանը:
Տարատեսակ ճնշումներով ՔՊ-ի համար դժվար չի լինի ստանալ այս կամ այն ֆեդերացիայի նախագահի համաձայնությունը՝ Ծառուկյանին գահընկեց անելու եւ ցանկալի նախագահ կարգելու հետ կապված: Դե իսկ Ռոստոմյանն էլ, թերեւս, ինքնակամ կհրաժարվի կամ ուղղակի չի մասնակցի այդ պրոցեսին: Առանձնապես բարդ խնդիր չի լինի նաեւ ՀԱՕԿ նախագահի փոփոխությունից հետո ՀԱՕԿ ղեկավար կազմի եւ գործկոմի փոփոխություն անելը: Իսկ այս ներքին պրոցեսներին Միջազգային օլիմպիական կոմիտեն դժվար թե փորձի որեւէ կերպ մասնակցություն ունենալ` դա կհամարեն Հայաստանի ներքին խնդիրը, եւ Ծառուկյանի ու սպորտի շահերը պաշտպանողներ էլ չեն գտնվի, որովհետեւ մարդիկ արդեն հաշտվել են այն ապօրինի հաշվեհարդարի հետ, որն իրականացնում է Փաշինյանը ԲՀԿ-ի եւ, մասնավորապես` Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, ոտնահարելով միջազգային բոլոր նորմերն ու օրենքները եւ որեւէ արձագանքի դրսից չարժանանալով: