
Իններորդ գումարման Ազգային ժողովի աշխատանքները չնայած մի քանի օր է, որ մեկնարկել են, բայց կարճատեւ այս ժամանակը բավական էր` նկատելու ընդդիմադիր երկու խմբակցությունների ոչ սինքրոն գործունեությունը։ Թվում էր, թե խորհրդարան անցած եւ միմյանց հետ անձնական եւ այլ թշնամանք չունեցող քաղաքական լիդերների գլխավորած ուժերը, ի տարբերություն նախորդ խորհրդարանի, հանդես են գալու միասնական ճակատով, համաձայնեցված գործողություններով, բայց առաջին իսկ օրերին աչքի զարնեց «Հայաստան» եւ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների՝ իրարից տարբեր գործելաոճը։
Ընդ որում՝ հանուն արդարության, նախորդ գումարման խորհրդարանական աշխատանքների մեկնարկը հանրության եւ իշխանության հիշողություններում մնացել է ընդդիմադիրների կուռ եւ միասնական գործունեությամբ, երբ պատերազմից հետո Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքները համատեղ բոյկոտում էին նիստերը, համատեղ եւ նույնանման քվեարկություններ անում եւ այլն, ու միայն վերջին տարիներին սկսեցին հեռանալ իրարից, ընդդիմադիր դաշտում լիդերության կռիվ տալ՝ խորացնելով իրենց նկատմամբ անվստահությունը։
Ներկայիս խորհրդարանական ընդդիմությունը հենց առաջին օրվանից կարծես միասնական չէ: Գուցե մանրուք թվա, բայց խորհրդարանի ղեկավար կազմի ընտրությունները, ասենք, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքը բոյկոտեց, չմասնակցեց Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահի, Հայկ Կոնջորյանին ու Վահագն Ալեքսանյանին փոխնախագահների պաշտոններում ընտրելու փակ քվեարկություններին:
Ըստ ամենայնի, առաջնորդվեցին այն սկզբունքով, որ ՔՊ-ից փոխադարձ վերաբերմունքի կարիք չունեն, ինչպես «ուժեղները», որոնց առաջադրած փոխնախագահի թեկնածու Արամ Վարդեւանյանի ընտրվելու համար ՔՊ-ից կողմ ձայներն են հարկավոր։ Ու հանրության մեջ տպավորություն ստեղծվեց, որ «ուժեղներն» ավելի կառուցողական, իսկ «հայաստանցիներն» ավելի ռադիկալ են։
Ճիշտ չէ՞ր լինի, որ խորհրդարանական ընդդիմությունն առաջին իսկ օրվանից միասնական ճակատով պայքարեր իշխանության դեմ, երեկ հարցրինք երկու խմբակցությունների ներկայացուցիչներին։
«Բայց մենք նույն ուժը չենք, որ նույն գործողություններով հանդես գանք»,- մեր հարցից վրդովվեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանը, միաժամանակ վստահեցրեց․ «Կլինեն համագործակցության այնպիսի ճակատներ, որտեղ կլինենք ե՛ւ սինխրոն, ե՛ւ միակամ, բայց որ ամեն ինչ կլինի միակամ․․․ հիմա մենք ի՞նչ անենք, որ մարդիկ որոշել էին, որ իրենք քվեարկություններին չեն մասնակցում․․ իսկ ո՞վ է ասում, որ մենք միասնականության տպավորություն պիտի ստեղծենք»։ Հիշեցինք նախորդ գումարման խորհրդարանի մեկնարկը, երբ ընդդիմադիրներն առավել քան միասնական էին, ինչը հունից հանում էր իշխանություններին։ «Բայց բոլորդ միահամուռ քննադատում էիք, որ նախորդ խորհրդարանը լավը չի եղել… Հիմա ուզում եք, որ մենք էլ այդ ճանապարհով գնանք»,- կատակեց նա։ Իսկ գուցե ամեն ինչ անում եք չարչրկված «նախկինների» հետ չասոցացվելո՞ւ համար։ Ասլանյանը հորդորեց համբերատար սպասել` նոր է խորհրդարանը մեկնարկել աշխատանքները, իրենք էլ հընթացս կհասկանան՝ ինչն է միավորում իրենց, ինչը՝ ոչ․ «Մենք օպոզիցիոն երկու միավոր ենք, որոնք կարող են ունենալ ե՛ւ միանման մոտեցումներ, ե՛ւ տարբեր, բայց երբ խոսքը կվերաբերի ընդհանուր պայքարի տրամաբանությանը, մենք կունենանք ընդհանրություններ»: Ո՞ր պայքարի՝ ընդդեմ իշխանությունների՞։ «Բա էլ ո՞ր պայքարի»։
Գրեթե նույնաբովանդակ պատասխաններ լսեցինք «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանից․ «Եթե ակնկալիք կա, որ ուժերը նույնն են, ունեն նույն մարտավարությունը` ոչ, այդպես չէ։ Ուժերն ունեն ընդհանուր մոտեցում անկյունաքարային հարցերի շուրջ, նախեւառաջ՝ գործող իշխանությունների փոփոխության, քանի այս ընդհանրությունը կա, դա ստեղծում է ընդհանուր համագործակցության դաշտ»։ Վարդանյանի խոսքով՝ որեւէ խնդիր «Ուժեղ Հայաստանի» հետ չունեն: Ասաց, որ համագործակցության արդյունքն է, որ համատեղ փոխխոսնակի պաշտոնում առաջադրել են Արամ Վարդեւանյանի թեկնածությունը, իսկ ղեկավար կազմի ընտրություններին չեն մասնակցել՝ հաշվի առնելով շահարկումների նախորդ տխուր փորձը․ «Օրինակ, իշխանությունները կարող են մի թվով մասնակցել, բայց քվեարկության արդյունքներն այլ թիվ լինեն, եւ հետո կարիք է լինում բացատրել՝ արդյոք ընդդիմությունից չե՞ն գնացել այդ ձայներն այնտեղ։ Այսպիսի դրվագներից խուսափելու համար մենք որոշում ենք կայացրել՝ փակ-գաղտնի քվեարկություններին չմասնակցելու, սա համարում ենք մեզ համար անխոցելի դիրք»։ Իսկ այս նյուանսների մասին կիսվե՞լ են նորեկ գործընկերների հետ, փորձե՞լ են նրանց եւս փրկել նման իրավիճակներից։ Վարդանյանի կարծիքով, դա իրենց գործընկերների որոշելիքն է` այս կամ այն քվեարկությանը մասնակցելը։