Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանի նպատակը երկրի համար այլընտրանքներ ստեղծելն է՝ ընդգծելով, որ դա ցանկացած պետության օրինական իրավունքն է։
«Մեր նպատակն է ստեղծել այլընտրանքներ Հայաստանի Հանրապետության համար։ Կարծում եմ՝ դա ցանկացած երկրի լեգիտիմ իրավունքն է։ Բոլոր երկրներն աշխատում են դրա վրա, որպեսզի ունենան այլընտրանքներ»,- ասել է նա։
Խոսելով Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին՝ Փաշինյանը նշել է, որ միության համար լավագույն մոտեցումը կլինի ոչ թե խոչընդոտել այդ գործընթացին, այլ աշխատել սեփական մրցունակությունն ու գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ։
«Կարծում եմ՝ այս պահին ԵԱՏՄ-ի համար լավագույն դիրքորոշումը կլինի ոչ թե տորպեդահարել այս գործընթացը, այլ աշխատել, որպեսզի բարձրացվի Եվրասիական տնտեսական միության մրցունակությունն ու գրավչությունը։ Հայաստանը պատրաստ է աշխատել այդ ուղղությամբ»,- ասել է նա։
Հարցին, թե գուցե արդեն ժամանա՞կն է ընտրություն կատարել, Փաշինյանը պատասխանել է. «Սկզբում պետք է ստեղծել ընտրության հնարավորություն։ Դրանից հետո միայն հնարավոր կլինի ընտրություն կատարել»։
Անդրադառնալով Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցելու հարցով հանրաքվեի հնարավոր անցկացմանը՝ Փաշինյանն ասել է, որ այն անպայման տեղի կունենա, սակայն միայն այն բանից հետո, երբ Հայաստանը պաշտոնապես դիմի ԵՄ-ին անդամակցության հարցով և այդ ուղղությամբ իրականացվի ինստիտուցիոնալ աշխատանք։
«Այսօր հանրաքվե անցկացնել հնարավոր չէ, որովհետև դրա անցկացման համար հիմք է պետք։ Եթե հիմա հանրաքվե կազմակերպենք և հարցնենք՝ Եվրոպական միությո՞ւն, թե՞ Եվրասիական տնտեսական միություն, քաղաքացիները կհարցնեն՝ ի՞նչ հեռանկարներ ունենք դառնալու ԵՄ անդամ, ո՞րն է ճանապարհային քարտեզը։ Այդ հարցերի պատասխաններն այսօր չկան»,- նշել է նա։
Փաշինյանի խոսքով՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում ԵԱՏՄ տարածքում, Հայաստանի հասարակության շրջանում բացասական վերաբերմունք է ձևավորում միության նկատմամբ։
«Եթե ԵԱՏՄ-ի հիմնարար սկզբունքները չեն գործում, ապա չի գործում նաև Եվրասիական տնտեսական միությունը։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում հայկական ապրանքների շուրջ, խնդիր է Հայաստանի համար, բայց ավելի մեծ խնդիր է հենց ԵԱՏՄ-ի համար»,- ասել է նա։