
Արման Թաթոյանը գրում է. «Պատմության ընթացքում լինում են իրադարձություններ, որոնց նշանակությունը շատ ավելի լայն է, քան պարզապես մեկ դատական գործընթաց: Դրանք վերածվում են մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշի՝ արտացոլելով տվյալ ժամանակի քաղաքական, իրավական և հասարակական իրողությունները։ Այդպիսի իրադարձություն կարող է դառնալ նաև այն քրեական դատավարությունը, որի ընթացքում դատարանի առջև կհայտնվի Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Գրեթե երկու հազարամյա պատմության ընթացքում Հայ Առաքելական Եկեղեցին վերապրել է թագավորությունների անկում, կայսրությունների արշավանքներ, ցեղասպանություն, բռնի տեղահանում, խորհրդային բռնաճնշումներ և քաղաքական իշխանությանը ենթարկվելու անհամար փորձեր։ Կաթողիկոսներին զրկել են ազդեցությունից, ստիպել են գնալ ծանր փոխզիջումների, ենթարկել են հալածանքների ու աքսորի, իսկ երբեմն նրանք մահացել են առեղծվածային հանգամանքներում։
Սակայն նույնիսկ հայ ժողովրդի պատմության ամենամռայլ էջերում դժվար է գտնել հաստատված դեպք, երբ Հայ Առաքելական Եկեղեցու գործող Գահակալը կանգնած լինի դատարանի առջև: Դա մեզ հատկապես զրկում է Եկեղեցու միջոցով նաև ազգային խնդիրները լուծելու կարևոր հնարավորություններից, առավել պառակտում է ու թուլացնում դիմադրողականությունը:
Հենց այդ պատճառով այսօր տեղի ունեցողը շատ ավելին է, քան սովորական քրեական գործ։ Սա պատմական սահմանագիծ է։
Այս դատավարության հիմքում դրված հարցերը շատ ավելի լայն են, քան կոնկրետ մեղադրանքները։ Դրանք առնչվում են պետության և Եկեղեցու հարաբերությունների հիմնարար սկզբունքներին։ Կարո՞ղ է արդյոք աշխարհիկ իշխանությունը քրեական դատարանի միջոցով իրավական գնահատական տալ Կաթողիկոսի՝ իր կանոնական լիազորություններն իրացնելիս կայացրած որոշումներին։ Իհարկե, չի կարող: Որտե՞ղ է ավարտվում պետության իրավազորությունը և սկսվում աշխարհի ամենահին քրիստոնեական Եկեղեցու ներքին ինքնավարությունը։
Նման հարցերը հազվադեպ են մնում զուտ իրավական հարթության մեջ։ Դրանք դառնում են պատմական հիշողության հարցեր։ Տարիներ անց մարդիկ կհիշեն ոչ թե «քրեական մեղադրանքի» հիմքում դրված առանձին հոդվածներ, այլ փաստ, որ պատմության մի որոշակի պահի գործող Ամենայն Հայոց Կաթողիկոսը պետության դատարանի դահլիճ մտավ ոչ թե որպես հոգևոր առաջնորդ։
Անկախ Կաթողիկոսի անձի, գործող իշխանության կամ ներկայացված մեղադրանքների նկատմամբ որևէ մեկի վերաբերմունքից՝ այս օրն արդեն իսկ հատուկ մռայլ տեղ է զբաղեցնում Հայաստանի պատմության մեջ․ նման դատավարությունները պարզապես անցողիկ չեն լինում. դրանք վտանգավոր ուղղությամբ փոխում են պետության և ազգային Եկեղեցու հարաբերություններում թույլատրելիի սահմանների մասին պատկերացումները»: