Կարեւորը ոչ թե անձերն են, այլ՝ կառույցներն ու ավանդույթները․ ի գիտություն ՔՊ-ականների

Անկեղծ զարմանքով կարդացի նախկին ՔՊ-ական նախկին պատգամավոր Մարինա Ղազարյանի՝ «Հրապարակին» տված հարցազրույցը։ Հատկապես զարմացրեց ինձ այն, որ 9-րդ գումարման ԱԺ անդրանիկ նիստում Գարեգին 2-րդ Ամենայն հայոց կաթողիկոսի բացակայության մասին նա բավական ուշագրավ մեկնաբանություն է արել։ Մարինա Ղազարյանն ասել է մասնավորապես, որ Գարեգին 2-րդի ԱԺ գալը սխալ է եղել ի սկզբանե, այսինքն՝ 91 թվականից ի վեր։ Պատճառը հասկանալի է․ նախ՝ Հայաստանի գործող իշխանությունները ներկայիս Վեհափառի հանդեպ ունեն վերապահություն, եւ հետո՝ ասել է, որ ԱԺ-ում կան նաեւ այլ հավատք ունեցող մարդիկ, նաեւ՝ այլակրոններ՝ մահմեդականներ, ուստի կաթողիկոսն այնտեղ անելիք չունի։

Չեմ ուզում անդրադառնալ նրա պատասխանի առաջին մասի խոցելիությանը, որովհետեւ Մարինա Ղազարյանն իր խոսքում իսկ «ինքնախոստովանական ցուցմունք» է տալիս, որ եթե, օրինակ, Վեհափառը լիներ գործող իշխանության «սրտի կաթողիկոսը», ապա ամեն բան այլ կերպ կլիներ։ Ուզում եմ հատկապես անդրադառնալ խոսքի երկրորդ մասին, թե ԱԺ-ում կան այլ հավատալիքներ, այլ կրոնների ներկայացուցիչներ, օրինակ՝ մահմեդականներ, ու կաթողիկոսն այնտեղ անելիք չունի։ Զարմանալի է, որ 64-ամյա կինը դեռ մինչ այսօր չի կարողացել իր համար պարզել, որ կարեւորը ոչ թե անձերն են, այլ՝ ինստիտուտներն ու ավանդույթները։ Գարեգին 2-րդն ամենեւին էլ տողերիս հեղինակի «երազանքի կաթողիկոսը չէ»։

Գարեգին 2-րդի թերությունների, սխալների եւ այլնի մասին թերեւս ամենաշատը գրած, նրան քննադատած լրատվամիջոցը «Հրապարակն» է, ու եթե «Հրապարակը» չգրեր ու չքննադատեր, «գուցե քարերն աղաղակեին», սակայն պետք է հասկանալ, որ Գարեգին 2-րդի այցը նոր գումարման ԱԺ անդրանիկ նիստում եւ օրհնելը պետական ավանդույթ են, անկախ ամեն ինչից, որը հիմնադրվել է Հայաստանի վերանկախացման արշալույսին՝ 91 թվականին, Վազգեն 1-ին Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից։ Այնպես չէ, որ Վազգեն 1-ինի հանդեպ այն ժամանակներում քննադատություններ չեն հնչել։ Շարժման մեկնարկից ի վեր, մինչեւ անկախություն՝ ծերունազարդ Հայոց հայրապետը պարբերաբար քննադատվել է։ Թերթել է պետք այն ժամանակվա մամուլի էջերը։ Բայց այն ժամանակվա իշխանությունները (վերջիններիս հանդեպ ունեցած վերապահումներով հանդերձ) այնքան լայնախոհ ու խորագետ են եղել, որ հասկացել են անձերի եւ ինստիտուտների տարբերությունը եւ հիմնադրել են պետական ավանդույթ։ Եվ հետո՝ եթե առկա է պետական ավանդույթ, որը ենթակա է պահպանման, ապա այլակրոն կամ այլ դավանանքի կամ հավատալիքի պատկանելը, մեղմ ասած, դառնում է անկարեւոր։

Մեծ Բրիտանիան, որը պետական ավանդույթների առումով կարելի է համարել օրինակելի պետություն ողջ աշխարհի համար, ունեցել է առնվազն 5 վարչապետ, որոնք չեն եղել պաշտոնական Անգլիկան եկեղեցու դավանորդ, մեկ վարչապետ, որը եղել է այլ կրոնի դավանորդ՝ հինդուիստ, եւ մեկ վարչապետ, որն իրեն համարել է աթեիստ։ Սակայն դա չի խանգարել, որ բրիտանական խորհրդարանի բացման արարողության ժամանակ, Լորդերի պալատում ներկա գտնվեն ու ունկնդրեն պետական արարողակարգի կամ ավանդույթի մաս հանդիսացող Քենթըրբերիի արքեպիսկոպոսի խոսքն ու բացման աղոթասացությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *