ԵՄ ամենավտանգավոր միգրանտները՝ նոր ռիսկ ՀՀ-ի համար

Իտալական Corriere della Sera թերթի հրապարակման համաձայն, Իտալիան նախատեսում է առաջարկ ներկայացնել ԵՄ առաջնորդներին՝ Հայաստանը ներառել այն երկրների շարքում, որտեղ կարող են կառուցվել Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող միգրանտների պահման կենտրոններ՝ արտաքսման սպասող միգրանտների համար։ Ըստ հրապարակման՝ Իտալիայի ներքին գործերի նախարար Մատեո Պիանտեդոզին նախատեսում է ծրագիրը ներկայացնել օգոստոսի 4-ին կայանալիք ԵՄ խորհրդի նիստում։ Եվրոպական միության սահմաններից դուրս ստեղծվելիք միգրանտների հայրենադարձման կենտրոնները կգործեն Իտալիայի և Ալբանիայի միջև գործող համաձայնագրի մոդելով, սակայն կֆինանսավորվեն Եվրոպական միության միջոցներով։

Հետաքրքիր է, որ նման կենտրոնների մեծ մասը նախատեսվում է տեղակայել Աֆրիկայում, որոնց կողքին իր «պատվավոր» տեղն է գտել նաև «ժողովրդավարության բաստիոն ու ԵՄ-ի հետ դեպի զարգացում վազող ներկայիս Հայաստանը»: Corriere della Sera-ն հայտնում է, որ հնարավոր հյուրընկալող երկրների նախնական ցանկում ընդգրկված են Հայաստանը, Ուզբեկստանը, Չեռնոգորիան, Ռուանդան, Գանան, Սենեգալը, Թունիսը, Լիբիան, Մավրիտանիան, Եգիպտոսը, Ուգանդան և Եթովպիան, ինչ խոսք շատ խոսուն ցանկ է, որտեղ չկան, օրինակ, Ադրբեջանը, Վրաստանը կամ թեկուզ Մոլդովան:
ՀՀ ԱԳՆ-ն շտապել է Արմենպրեսի հետ զրույցում հերքել տարածված տեղեկությունը, նշելով, որ Հայաստանի հետ միգրանետների պահման կենտրոն ստեղծելու որևէ հարց չի քննարկվել: Հնարավոր է, որ դեռ չի քննարկվել, քանի որ որոշում դեռ չկա։ ԵՄ առաջնորդների ցանկությամբ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչող իշխաանությունն ի՞նչ խնդիր ունի Եվրոպայից արտաքսված միգրանտներին Հայաստանում ընդունելու, պահելու և փայփայելու, մեր՝ «հպարտ» քաղաքացիներիս հաշվին:
Արգենտինայում և Ռուսաստանի Դաշնությունում ԱՄՆ նախկին փոխհյուպատոս Միքայել Դարբինյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ սա հիմնականում կախված է մեր երկրի իշխանությունից: «Մեր երկրի իշխանությունը, որ սուվերենություն գրեթե չունի և ամեն ինչով կախված է դրսից իրենց աջակցողներից, մեծ ռիսկեր է պարունակում իր մեջ: Առաջին հերթին, ճամբարը կարող է լինել կիսաբաց, բաց կամ փակ ճամբար, այսինքն, կախված ճամբարի տեսակից այդ միգրանտները կարող են դուրս գալ ճամբարի տարածքից և Հայաստանի ցանկացած հատված գնալ, ցանկացած վայրում գտնվել։ Կարող է լինի ճամբար, որն ամբողջությամբ փակ է, որտեղից չեն կարող դուրս գալ և կարող է լինել կիսաբաց, այսինքն, օրվա մի քանի ժամով դուրս են գալիս՝ հետո վերադառնում են ճամբար: Այս ամեն ինչը կախված է ծախսերից, որոնցով այդ ճամբարների գոյությունը պահվելու է: ԵՄ-ն մի շարք այսպես կոչված, չակերտավոր արտոնություններ է տալու այն երկրներին, որոնք կընդունեն այս ճամբարներն իրենց երկրների տարածքում ունենալու գաղափարը, այդպիսի արտոնություններից է օրինակ, ԵՄ շուկա իրենց ապրանքներն ավելի էժան արտահանելու հնարավորությունը: Մաքսատուրքերի, հարկերի հետ կապված որոշակի արտոնություններ կտա, բայց երկրներն են Սենեգալը, Մավրիտանիան, Թունիս, Հայաստան, Եգիպտոս, Եթովպիա և այլն: Հիմա եթե ԵՄ-ն ասի՝ երրորդ երկիր, դու ավելի շատ գումար ու ռեսուրս ծախսիր այս ճամբարի վրա, մենք ավելի չակերտավոր արտոնություն կտանք, այդ երրորդ երկիրը կարող է ասել՝ շատ լավ, ես կհոգամ այդ բոլոր ծախսերը, դուք ինձ այդ արտոնությունները տվեք: Բայց այդ արտոնությունները կարող են լինել, օրինակ, ԵՄ-ի կողմից Նիկոլ Փաշինյանի կառավարության ավելի ֆինանսական մեծ աջակցության տրամադրումը, ինչպես օրինակ այն միլիոնավոր եվրոները, որ տրամադրեցին քարոզարշավի ժամանակ և գնա իր գրպանները: Այստեղ թափանցիկություն չկա»,-ասաց Դարբինյանը:
Բացի այդ շատ կարևոր է, թե ովքեր են լինելու ԵՄ-ի կողմից մերժված ու հեռացված միգրանտները, միգուցե դրանք հանցագործներ են, հիմնականում դրանք աֆրիկական մահմեդական երկրներից են, որոնք ծայրահեղ իսլամիստներ են, չեն ինտեգրվում եվրոպական հասարակությանը, հիմնականում տղամարդիկ են ու ԵՄ-ում աչքի են ընկնում կանանց նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքով, օրինակ, անվանարկեն, վիրավորեն՝ իրենց կարծիքով ոչ ճիշտ հագուստի համար ու դրանից բխող տարբեր հետևանքներով՝ շեշտում է Դարբինյանը:

Նախկին փոխհյուպատոսը նկատում է, որ այս միգրանտների հետևից Հայաստան են տեղափոխվելու նաև նրանց ընտանիքները, այդ ֆոնին հանցագործությունների կտրուկ աճ կլինի, ինչի հետևանքով հայ հասարակությունը կդառնա ազգային դիմագիծ չունեցող ինչ-որ զանգված: Ու սա ամենևին նորություն չէ, եթե հաշվի առնենք հնդիկների տարօրինակ ագրեսիվ միգրացիան ու նրանց տրամադրված առավելությունները, իսկ, օրինակ, նույն ինքը Դարբինյանն ու իր տիկինը խնդիրներ են ունեցել փաստաթղթեր ստանալու հարցում, հնդիկներին, լսել են, որոնց հավելյալ արտոնություններով ու արագ են փաստաթղթեր ու իրավունքներ տրամադրում, իսկ ազգությամբ հայերին, ովքեր ուզում են հաստատվել հայրենիքում՝ խնդիրների առաջ են կանգնեցնում:

Մեկ այլ հանգամանք էլ կա, եթե այդ միգրանտը պետք է դեպորտ արվի ԵՄ-ից, ապա նրան պիտի Հայաստանում պահեն մինչև այդ որոշման ընդունումը, եթե, ի վերջո, որոշվում է, որ այդ միգրանտին պիտի դեպորտ անեն, ապա նրան դեպորտ են անում Հայաստանից: Բայց դա ընդամենը դեպորտ չի, այդ միգրանտին փաստացի ՀՀ հարկատուն է պահելու ամիսներ, տարիներ շարունակ:

«Ճամբարում կարող են ապստամբություններ լինել՝ նման բաներ Եվրոպայում եղել են, Նաուրու կղզու օրինակով կարող եմ ասել, որ շատ վատ հումանիտար իրավիճակ է այնտեղ ստեղծվել: Այնտեղ միգրանտները շատ ծանր վիճակում են, Ավստրալիան է այնտեղ ուղարկում իր միգրանտներին: Այստեղ էլ կարող է ապստամբեն, վառեն, դուրս գան փողոց, հարձակվեն մարդկանց վրա, մեքենաներ ջարդեն, այրեն, այս ռիսկերը կան, բայց Հայաստանը պատրաստ չի նման ռիսկերի», եզրափակում է Միքայել Դարբինյանը:
Ստացվում է, որ Եւրոպան որոշել է իր ամենավտանգավոր միգրանտներին արտաքսել խիստ «սուվերեն» Հայաստան, որը յուրօրինակ կալանավայրի են ուզում վերածել՝ ամենավտանգավոր միգրանտների համար, դե իսկ ՀՀ հպարտ հարկատուն էլ նրա կարիքները սեփական գրպանից, ամենայն հավանականությամբ, կվճարի եւ դա կմատուցեն՝ դե Եվրամիությունն իր շուկայի դռները բացել է մեր առաջ ու արտոնություններ է տրամադրել՝ երգի ներքո։ Ու բացարձակապես նշանակություն չի ունենա, որ հայկական արտադրանքը ԵՄ-ն պարզապես չի թողնի իր շուկա, որովհետև հայ արտադրողը չի կարող իր արտադրանքը հասցնել ԵՄ՝ տարատեսակ խնդիրների պատճառով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *