Պարսից ծոցի «Փոքր Սպարտան» մարտահրավեր է նետում նավթային աշխարհին. FT

ՕՊԵԿ-ից դուրս գալուց հետո Արաբական Միացյալ Էմիրություններն ակտիվացրել են նավթի արդյունահանման ավելացման և պետական Adnoc նավթային ընկերության միջազգային ընդլայնման ռազմավարության իրականացումը։ Դրա մասին գրում է Financial Times-ը՝ «Պարսից ծոցի «Փոքր Սպարտան» մարտահրավեր է նետում նավթային աշխարհին» վերնագրով հոդվածում։

Պարբերականի տվյալներով՝ Adnoc-ը մեծացնում է արդյունահանման ծավալները, զարգացնում է այլընտրանքային արտահանման երթուղիներ՝ Հորմուզի նեղուցի փակման դեպքում, և ակտիվորեն ընդլայնում է արտասահմանյան ակտիվները։ Հունիսին ընկերությունը հասել է նավթի արդյունահանման ռեկորդային մակարդակի։ Միաժամանակ Սաուդյան Արաբիան նվազեցրել է նավթի գները ասիական գնորդների համար, ինչն ուժեղացրել է խոսակցությունները համաշխարհային շուկայում գնային պատերազմի հնարավոր մեկնարկի մասին։

«Սա Adnoc-ի համար շատ հետաքրքիր շրջան է։ Սա այն ռազմավարության էվոլյուցիան է, որին ընկերությունը հետևել է վերջին հինգ-վեց տարիներին, սակայն այժմ այս ընթացքը նկատելիորեն արագացել է, իսկ գործողությունները դարձել են ավելի ագրեսիվ»,- հայտարարել է Qamar Energy խորհրդատվական ընկերության ղեկավար Ռոբին Միլսը։

Ինչպես նշում է Financial Times-ը, ակտիվ արտաքին և ռազմական քաղաքականության համար ԱՄԷ-ն դիվանագիտական շրջանակներում ստացել է «Փոքր Սպարտա» ոչ պաշտոնական մականունը։ Պարբերականի կարծիքով՝ այդ մոտեցումն արտացոլվում է նաև Adnoc-ի նոր ռազմավարության մեջ, որը ձգտում է ամրապնդել իր դիրքերը համաշխարհային էներգետիկ շուկայում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *