Գիտնականների միջազգային խումբը ճապոնական ամադինների երգերում հայտնաբերել է վիճակագրական կառուցվածք, որը բնորոշ է մարդկային լեզվին։ Հետազոտողների կարծիքով՝ սա վկայում է այն մասին, որ լեզվի հիմնարար մեխանիզմներից մեկը կարող էր առաջանալ ամեն անգամ, երբ հաղորդակցման համակարգը սերնդեսերունդ փոխանցվում է ուսուցման միջոցով։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Advances ամսագրում։
Գիտնականները պարզել են, որ ամադինների երգերը բաղկացած են հնչյունների կայուն հաջորդականություններից՝ «բառերի» յուրատեսակ համարժեքներից։ Դրանց օգտագործման հաճախականությունը ենթարկվում է նույն վիճակագրական օրենքին, ինչ մարդկային խոսքում. տարրերի փոքրաթիվ մասը հանդիպում է շատ հաճախ, մինչդեռ մեծամասնությունը կիրառվում է զգալիորեն ավելի հազվադեպ։
Հետազոտողները նաև հետևել են երիտասարդ թռչունների երգեցողության զարգացմանը և հայտնաբերել, որ այս օրինաչափությունը դրսևորվում է արդեն ուսուցման ամենավաղ փուլերում։ Նրանց տվյալներով՝ ձագերը, մարդկային նորածինների նման, անգիտակցաբար որսում են հնչյունների կրկնվող զուգակցումները և դրանց հիման վրա ձևավորում են իրենց սեփական վոկալիզացիայի համակարգը։
Հեղինակները նշել են, որ ավելի վաղ իրենք նմանատիպ վիճակագրական օրինաչափություններ էին հայտնաբերել սապատավոր կետերի երգերում։ Նոր արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ նման կազմակերպվածությունը տարբեր տեսակների մոտ առաջանում է անկախորեն, եթե հաղորդակցության բարդ համակարգը սովորում և փոխանցվում է մշակութային ճանապարհով, այլ ոչ թե ժառանգվում է գենետիկորեն։
Հետազոտողների խոսքով՝ դա չի նշանակում, թե թռչուններն ունեն լեզու մարդկային ընկալմամբ։ Սակայն աշխատանքը ցույց է տալիս, որ որոշ հիմնարար սկզբունքներ, որոնք հաղորդակցությունը հարմար են դարձնում ուսուցման և սերունդների միջև փոխանցման համար, կարող են ունիվերսալ լինել տարբեր տեսակների համար։