Պեկինի Մեծ ջրանցքի թանգարանը, որը ժողովրդականորեն ստացել է «Մեծ ջրանցքի նավակ» անունը, պարզապես ցուցասրահ չէ, այլ իսկական դարպաս դեպի անցյալ։ Այն նվիրված է Մեծ ջրանցքի պատմությանն ու մշակութային ժառանգությանը՝ վիթխարի ինժեներական կառույցի, որը դարեր շարունակ կապել է Չինաստանի հյուսիսն ու հարավը։ Թանգարանը, որը հանդիսանում է Մայրաքաղաքային թանգարանի արևելյան մասնաճյուղը, գտնվում է Տունչժոու շրջանում՝ Պեկինի ենթակենտրոնում, որտեղ պատմությունը բառացիորեն հոսում է քաղաքի երակներով։
Մեծ ջրանցքը, որը միացնում էր Պեկինն ու Հանչժոուն (Չժեցզյան նահանգ), իրավամբ համարվում է մարդկային հնարամտության հրաշք. այն աշխարհի ամենաերկար արհեստական ջրային ճանապարհն է։ Չափազանց դժվար է գերագնահատել դրա նշանակությունը Չինաստանի տնտեսության, մշակույթի և առօրյա կյանքի համար․ այն զարկերակ էր, որով շարժվում էին ապրանքները, գաղափարները և միլիոնավոր մարդկանց ճակատագրերը։ Սակայն XX դարի առաջին կեսին մարդու գործունեության և կլիմայական փոփոխությունների հետևանքով ջրանցքի որոշ հատվածներ սկսեցին ցամաքել, և հնագույն ջրային ճանապարհը աստիճանաբար կորցնում էր իր վեհությունը։ Միայն 2022 թվականին՝ գրեթե 100 տարվա ընթացքում առաջին անգամ, ցամաքած հատվածները կրկին լցվեցին ջրով՝ ջրի տեղափոխման լայնածավալ ծրագրի շնորհիվ։ Այս իրադարձությունը դարձավ ոչ միայն ինժեներական հաղթանակ, այլև պատմական ժառանգության խորհրդանշական վերածնունդ։
Թանգարանի ճարտարապետական կերպարը Մեծ ջրանցքի թեմայի բանաստեղծական մեկնությունն է։ Տարածքի հայեցակարգը կառուցված է երեք հիմնական կերպարի շուրջ՝ նավակ, առագաստ և ջուր։ Փոխանակման սրահի տանիքը կառուցված է նավակի տեսքով՝ ասես քարի մեջ սառած մի նավ, որը պատրաստ է ճամփորդելու ժամանակի միջով։ Ցուցահանդեսային շենքը պսակված է առագաստ հիշեցնող տանիքով, կարծես որսալիս լինի պատմության քամին։ Իսկ երկու մասնաշենքերի միջև ձգվում է մոտ 270 մետր երկարությամբ և 20 մետր լայնությամբ ջրային փողոց, որը վերականգնում է հին նավահանգստային հարթակի մթնոլորտը, որտեղ ժամանակին կյանքը եռում էր, բեռնում էին ապրանքներ և հանդիպում էին ճանապարհորդները։

Թանգարանի սիրտը «Պեկինի և Մեծ ջրանցքի պատմամշակութային ցուցահանդեսն» է։ Այստեղ հավաքված են ավելի քան 1000 մշակութային մասունքներ և արտեֆակտներ, որոնք բաշխված են ութ թեմատիկ բաժիններում։ Դրանցից յուրաքանչյուրը ջրանցքի պատմության առանձին գլուխ է՝ ինժեներական լուծումներից և շինարարական տեխնոլոգիաներից մինչև այն մարդկանց կենցաղը, որոնց կյանքը անքակտելիորեն կապված էր ջրային ճանապարհի հետ։ Ցուցադրությունը հստակ ցույց է տալիս, թե ինչպես է ջրանցքը փոխվել դարերի ընթացքում և որքան սերտորեն է նրա ճակատագիրը միահյուսվել հենց Պեկինի ճակատագրին։

Այսօր Պեկինի Մեծ ջրանցքի թանգարանը ոչ միայն արտեֆակտների պահոց է, այլև պատմության հետ երկխոսության տարածք։ Այն հիշեցնում է, թե ինչպես են անցյալի ինժեներական նվաճումները շարունակում ազդել ներկայի վրա, և որ մշակութային ժառանգության պահպանումը պարզապես հարգանքի տուրք չէ ավանդույթներին, այլ ներդրում է ապագայի մեջ։ Թանգարան արժե այցելել ոչ միայն եզակի նմուշների համար, այլև որպեսզի զգաս պատմության շունչը, որն արտացոլված է ջրում, առագաստներում և քարե նավակների ուրվագծերում։
Պարույր Սինյավսկի, Մարիա Ասատրյան Պեկինից