Ինդոնեզիան տանզանիական նավից 116 մլն դոլար արժողությամբ 1,3 տոննա կետամին է առգրավել

Ինդոնեզիայի իշխանությունները մի քանի ամիս տևած հսկողության առարկա դարձած օտարերկրյա նավից առգրավել են 1,3 տոննա կետամին՝ մոտ 116 մլն դոլար արժողությամբ։ Այդ մասին կիրակի հայտնել է Ինդոնեզիայի Թմրամիջոցների դեմ պայքարի ազգային գործակալության ղեկավար Սույուդի Արիո Սետոն, հաղորդում է AFP-ն։

Ըստ նրա, փետրվարին իշխանությունները տեղեկություն էին ստացել, որ Տանզանիայի դրոշի ներքո նավարկող MV King Sun նավը Թաիլանդից շարժվում է դեպի արևելք՝ Ինդոնեզիայի ուղղությամբ, կասկածելի բեռով։ Դրանից հետո նավի նկատմամբ հսկողություն է սահմանվել։

Հինգշաբթի ռազմական նավը որսացել է MV King Sun-ը, երբ այն մտնում էր Ինդոնեզիայի տարածքային ջրեր։ Օգոստոսի 7-ին համատեղ խումբը նավի վրա հայտնաբերել է 65 պարկ։ Կատարված փորձաքննությունը ցույց է տվել, որ դրանցում կետամին է գտնվում։

Առգրավված խմբաքանակի արժեքը գնահատվում է մոտ 2,07 տրլն ինդոնեզական ռուփի (116,2 մլն դոլար)։ Իշխանությունները շարունակում են խուզարկել նավը՝ պարզելու համար, թե արդյոք դրա վրա կա թմրանյութի լրացուցիչ խմբաքանակ։

Նավը որսացվել է Ռիաու կղզիների նահանգի շրջանում՝ Սինգապուրից ոչ հեռու։ Դրա վրա գտնվել են անձնակազմի ութ անդամներ՝ Մյանմայի յոթ քաղաքացի և Թայվանի մեկ քաղաքացի։ Նրանք բոլորը ձերբակալվել են։

Քննությունը պարզում է բեռի ծագումը, դրա նշանակման նավահանգիստը, ինչպես նաև ուղարկողի և ստացողի ինքնությունը։

Կետամինը հիմնականում օգտագործվում է որպես արագ ազդող անզգայացնող միջոց, սակայն նաև լայնորեն կիրառվում է որպես արգելված թմրանյութ։ Ինդոնեզիայում դրա շրջանառությունը խստորեն վերահսկվում է։

Անցյալ ամիս ինդոնեզական իշխանությունները առգրավել էին 3,37 տոննա մարիխուանա, կանխել դրա մաքսանենգ ներկրումը Թաիլանդից և ձերբակալել 12 մարդու։ 2021 թվականին երկրի ոստիկանությունը բացահայտել էր Աֆղանստանից 2,5 տոննա մետամֆետամինի մատակարարման ալիք, ինչի արդյունքում ձերբակալվել էին 17 կասկածյալներ։

Ինդոնեզիայում գործում են աշխարհի ամենախիստ հակաթմրանյութային օրենքներից մի քանիսը, որոնք թմրավաճառների համար նախատեսում են մահապատիժ։ Միևնույն ժամանակ երկրում արդեն մի քանի տարի է գործում է մահապատժի իրականացումը կասեցնող մորատորիում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *