2022 թվականի փետրվարին Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր Գերմանիան արտաքսել է ավելի քան 80 ռուսաստանցի դիվանագետի, որոնց մեծ մասը, BILD-ի տվյալներով, կասկածվում էր դիվանագիտական ծածկույթի ներքո գործակալական գործունեություն իրականացնելու մեջ։
Խոսքը նախևառաջ Բեռլինում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցների մասին է։
Ինչպես պարբերականին հայտնել են Գերմանիայի ԱԳՆ-ից, պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանի դեսպանատան անձնակազմի թվաքանակը «էականորեն կրճատվել է»։ Ռուսաստանցի դիվանագետի վերջին արտաքսումը, ըստ BILD-ի, տեղի է ունեցել 2026 թվականի հունվարին։
Բացի այդ, 2022 թվականից ի վեր Գերմանիան արտաքսել է Ռուսաստանի 313 քաղաքացու, հայտնել են պարբերականին ՆԳՆ-ից։ Այսպիսով, վերջին մի քանի տարիներին երկիրը լքել է Ռուսաստանի շուրջ 400 քաղաքացի՝ տարբեր հիմքերով արտաքսված դիվանագետներ և այլ անձինք։
Ռուսաստանցի դիվանագետների ամենախոշոր միանվագ արտաքսումը տեղի է ունեցել 2022 թվականի ապրիլին՝ Կիևի մերձակա Բուչայում խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունների բացահայտումից հետո։ Այն ժամանակ Գերմանիան persona non grata հայտարարեց Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության 40 աշխատակցի։
Ռուսաստանյան հետախուզական գործունեության կասկածների հետ կապված ավելի ուշ դեպքերից մեկը Իլոնա Վ.-ի գործն էր։ BILD-ի տվյալներով, կինը 2023 թվականի նոյեմբերից կասկածվում է ռուսաստանյան հատուկ ծառայության համար աշխատելու մեջ։ Նրա ձերբակալությունից հետո Գերմանիան լքել է Ռուսաստանի դեսպանատան ենթադրյալ մի աշխատակից, որը, ինչպես պնդվում է, կատարում էր նրա կուրատորի դերը։
Այդ ժամանակ Գերմանիայի ԱԳՆ-ում հայտարարել էին, որ իշխանությունները չեն հանդուրժի լրտեսական գործունեությունը երկրի տարածքում, «առավել ևս՝ դիվանագիտական կարգավիճակի ծածկույթի ներքո»։ Ռուսաստանի դեսպանին տեղեկացրել են աշխատակցի արտաքսման մասին։
BILD-ի տվյալներով, ներկայումս Ռուսաստանը Գերմանիայում ունի երեք դիվանագիտական ներկայացուցչություն՝ դեսպանատուն Բեռլինում, գլխավոր հյուպատոսություն Բոննում և պատվավոր հյուպատոսություն Նյուրնբերգում։