
Քաղաքագետ Արմեն Հովասափյանը գրել է․
«ՌՈՒԲԵՆԸ՝ ՌՈՒԲԵՆԻՆ
1083 թվականի ձմեռնամուտն էր։
Վահկա ամրոցում գիշերը վաղուց իջել էր։ Հսկայական դահլիճի բարձր կամարների տակ վառվող ջահերը լուսավորում էին պատերին կախված վահանները, սրերն ու իշխանական դրոշները։ Երկար սեղանի վրա բացված էին Կիլիկիայի քարտեզները, իսկ մի անկյունում դրված էր դեռևս թաց կավով ամրացված նորակառույց պատի մանրակերտը։
Մեծ իշխան Ռուբենը կանգնած էր պատուհանի մոտ։
Դրսում Սև լեռներն էին։
Նա երկար ժամանակ ոչինչ չէր ասում։
Վերջին օրերին ինչ-որ լուր էր հասել Ռուբենին։ Սկզբում չէր հավատացել, ապա նորից էր հարցրել, հետո հրամայել էր կրկնել ասվածը բառ առ բառ։
Այժմ այդ խոսքերը ծանրացել էին նրա մտքում։
Նա լսել էր, թե հազար տարի հետո՝ արդեն հայկական պետության խորհրդարանում, իր անունը կրող մի մարդ խոսել էր Ադանայի մասին։
Ադանա՜։
Այդ անունը նրան չէր վախեցնում, այլ ավելի շատ բարկացնում:
Հանկարծ դահլիճում տարօրինակ լույս բռնկվեց։
Եվ մի ակնթարթ անց նրա առջև կանգնած էր մի մարդ։
Անծանոթ հագուստով։ Շփոթված։
Բայց Ռուբենի համար ամենատարօրինակն այդ ամենը չէր։
-Անունդ, -կարճ ասաց Մեծ իշխանը։
– Ռուբեն։
Իշխանի դեմքին առաջին անգամ շարժվեց ժպիտի նման մի բան։
– Ռուբե՞ն։
– Այո։
-Իսկ ազգանո՞ւնդ։
– Ռուբինյան։
Դահլիճում լռություն տիրեց։ Մեծ իշխանը մոտեցավ նրան։
– Ուրեմն ժամանակը երբեմն տարօրինակ կատակներ է անում։
Նա մի պահ նայեց երիտասարդին։
– Դու իմ անունն ես կրում։
– Այո։
– Եվ ո՞ր ժամանակից ես եկել։
– Հազար տարի հետո։
Ռուբենը երկար նայեց նրան։
– Հազար տարի…
Հետո դանդաղ շրջվեց դեպի քարտեզը։
-Ուրեմն տեսնենք՝ այդ հազար տարին մեզ ինչ է տվել։
Նա ձեռքով ցույց տվեց քարտեզը։
– Ադանան որտե՞ղ է։
Ռուբինյանը պատասխանեց.
– Կիլիկիայում։
-Իսկ դու ի՞նչ ես ասել Ադանայի մասին։
Ռուբինյանը հասկացավ։
– Ես հարց եմ բարձրացրել, թե ինչ չափանիշով կարելի է Ադանան համարել մեր հայրենիքը։
Ռուբենը ոչինչ չպատասխանեց։
Մի քանի վայրկյան անց նա մոտեցավ սեղանին, երկու ձեռքով հենվեց քարտեզին և շատ հանգիստ ասաց.
– Հազար տարի անց…
Նա բարձրացրեց հայացքը։
– …հայ մարդը իր իսկ խորհրդարանում դեռ հարցնում է՝ ի՞նչ չափանիշով կարող է հայոց պատմության մի մասը լինել իր հայրենիքի մասը։
Ռուբինյանը փորձեց բացատրել ժամանակակից պետության սահմանների, իրավական իրողությունների, միջազգային հարաբերությունների մասին։
Մեծ իշխանը լսեց, բնավ չընդհատեց։ Երբ նա ավարտեց, Ռուբենն ասաց.
– Դուք շատ բան եք սովորել։
Հետո մի փոքր դադարից հետո ավելացրեց.
– Բայց կարծես մոռացել եք ամենահինը։
– Ի՞նչը։
-Որ ժողովուրդը չի կարող իր հիշողությունը կազմել ուրիշների սահմանած չափանիշներով։
Նա քայլեց դեպի պատի վրայի քարտեզը։
– Տե՛ս, Ռուբե՛ն։ Այս աշխարհում յուրաքանչյուր մեծ տերություն իր ճանապարհն ունի, իր շահը, ավելին, յուրաքանչյուրը կուզենա, որ փոքր ժողովուրդներն իրենց պատմությունը պատմեն այնպես, ինչպես հարմար է իրենց։
Նրա ձայնը դարձավ ավելի ցածր։
– Եվ միշտ կգտնվեն մարդիկ, ովքեր այդ օտար ճանապարհը կմտածեն, իրենց ճանապարհն է։
Ռուբենը ձեռքը դրեց քարտեզի վրա։
– Բայց ղեկավարն առաջին հերթին պարտավոր է հասկանալ՝ ում ճանապարհով է գնում իր ժողովուրդը։
Նա շրջվեց։
– Որովհետև երբ ուրիշի շահը քո շահի անունով ես ներկայացնում, մի օր կարող է գալ պահը, երբ այլևս չես տարբերում՝ որտեղ է քո պետության սահմանը, իսկ որտեղ է ուրիշի քաղաքական մտադրությունը։
Ռուբինյանը լուռ էր։
Մեծ իշխանը շարունակեց.
– Մենք այստեղ փոքր ենք։
Նա ցույց տվեց ամրոցի պատերը։
-Մեր զորքը փոքր է, հողը՝ նույնպես, իսկ հնարավորությունները՝ սահմանափակ։
Հետո մատը դրեց քարտեզի վրա։
-Բայց մեր կամքը չի կարող փոքր լինել։
Նա մի պահ լռեց։
– Ես ամեն օր մտածում եմ՝ ինչպես մի օր իմ որդուն թողնեմ այն, ինչ այսօր ինձ է տրված, և գուցե մի փոքր ավելին։
Ռուբենը նայեց իր հազար տարի հետո ծնված անվանակիցին։
– Իսկ դուք ինչո՞ւ եք այդքան հաճախ մտածում՝ ինչպես համոզվեք, որ ձեզ փոխանցածց ավելիին ձգտելը ռևանշիզմ է ու ոչ սանդարտ։
Ռուբինյանը չպատասխանեց։
-Հայրենիքը միայն այն չէ, ինչ այս պահին կարող ես պահել քո ձեռքում, — ասաց Մեծ իշխանը։ — Եթե այդպես լիներ, պատմությունը կդառնար միայն ներկայի գույքագրում։
Նա մոտեցավ պատի վրա կախված սրին։
-Հայրենիքը նաև այն է, ինչի մասին քո ժողովուրդը հիշում է, ինչի համար նա ապրել է, կռվել, կորցրել ու նորից վերադարձել։
Նա վերցրեց սուրը։
– Իսկ ամենավտանգավոր կորուստը հողի կորուստը չէ։
Ռուբինյանը նայեց նրան։
– Ամենավտանգավորը այն պահն է, երբ ժողովուրդը սկսում է ամաչել իր հիշողությունից կամ ուրիշի աչքերով նայել իր անցյալին։
Սուրը վերադարձավ պատին։
– Այդ ժամանակ արդեն օտարը նույնիսկ բանակ չի ուղարկում։
Դահլիճում ծանր լռություն իջավ։
– Բավական է, որ քեզ համոզի՝ իր ցանկությունն իրականում քո ողջամտությունն է։
Ռուբենը մոտեցավ պատուհանին։
-Դու ասում ես՝ ձեր ժամանակը փոխվել է։
– Այո։
– Հավատում եմ։
Նա նայեց գիշերային լեռներին։
– Բայց ժամանակը չի ազատում մարդուն իր պատասխանատվությունից։
Մի փոքր դադարից հետո իշխանն ասաց.
– Եթե հազար տարի անց հայ քաղաքական գործիչը պետք է նախ ուրիշներին ապացուցի, որ ինքը ողջամիտ է, չափավոր, ընդունելի, խաղաղ , և դրա դիմաց սկսի փոքրացնել սեփական ժողովրդի պատմական պատկերացումը, ապա ես մի հարց ունեմ։
Նա շրջվեց։
– Ո՞վ է այդ ժամանակ որոշում՝ ինչպիսին պետք է լինի հայը։
Ռուբինյանը լռեց։
Մեծ իշխանը մոտեցավ նրան։
– Ռուբե՛ն, ես քեզ չեմ ասում՝ գնա հողեր նվաճիր։ Ես քեզ ասում եմ՝ մի կորցրու սեփական չափանիշդ։
Նա ձեռքը դրեց երիտասարդի ուսին։
– Թող ուրիշները պատմեն իրենց պատմությունը, պաշտպանեն իրենց շահը։ Թող աշխարհի մեծերը իրենց քարտեզներն ունենան։
Մեծ իշխանի ձայնը դարձավ գրեթե շշուկ։
-Բայց երբ հայը սկսում է ուրիշի քարտեզով չափել իր հայրենիքը, արդեն քարտեզը չէ, որ վտանգված է։
Նա նայեց նրա աչքերի մեջ։
-Այդ ժամանակ վտանգված է հայի ինքնությունն ու էությունը:
Դրսում քամին ուժեղացավ։ Վահկայի պատերը դղրդացին։ Ռուբենը մի պահ լռեց, հետո հարցրեց.
– Ասա ինձ, Ադանան այսօր ո՞ւմ ձեռքում է։
– Թուրքիայի։
Մեծ իշխանը փակեց աչքերը, երկար ժամանակ ոչինչ չասաց։ Հետո շատ հանգիստ ավելացրեց.
-Մենք այստեղ դեռ Ադանան չունենք։
Ապա նայեց քարտեզին։
-Բայց գոնե գիտենք, թե ինչու ենք ուզում այն։
Եվ այդ պահին նրա դեմքին այլևս բարկություն չկար, միայն տխրություն էր՝ հազար տարվա հեռավորությունից եկած տխրություն։
– Երևի, – ասաց նա, – ամենամեծ պարտությունը այն չէ, երբ ուրիշը քեզնից վերցնում է հողը։
Մի փոքր դադար տվեց։
-Ամենամեծ պարտությունն այն է, երբ մի օր դու սկսում ես ուրիշին շնորհակալ լինել այն բանի համար, որ նա քեզ սովորեցրել է՝ ինչ ցանկանալ։
Դահլիճում ջահերից մեկը հանգավ։ Ռուբինյանը լուռ կանգնած էր։ Իսկ Մեծ իշխան Ռուբենը կրկին շրջվեց դեպի պատուհանը։
Դրսում նույն լեռներն էին։ Նույն մութ երկինքը։ Միայն նրա մտքում արդեն մի ուրիշ հարց էր.
Հազար տարի անց ինչո՞ւ է հայ քաղաքական միտքը դեռ ստիպված ընտրելու՝ սեփական պատմությա՞մբ խոսել, թե՞ այն լեզվով, որը տվյալ պահին ուրիշներն են համարում ընդունելի»։