Պակիստան․ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի հետ կնքված պաշտպանական դաշինքն ուղղված չէ որևէ երկրի դեմ

Պակիստանի նոր պաշտպանական համաձայնագիրը Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի հետ ուղղված չէ որևէ երկրի դեմ, կիրակի հայտարարել է Պակիստանի ԱԳ նախարար Իսհակ Դարը, հաղորդում է Associated Press-ը։

Նա ընդգծել է, որ համաձայնագիրը կրում է «բացառապես պաշտպանական բնույթ» և բաց է մնում տարածաշրջանի մյուս պետությունների միանալու համար, եթե նրանք պատրաստ են պահպանել դրա սկզբունքները և տարաձայնությունները լուծել խաղաղ ճանապարհով։

Մեքքայի համատեղ պաշտպանական համաձայնագիրը ուրբաթ ստորագրել են Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը։ Պայմանագիրը նախատեսում է երեք երկրների ռազմական և ռազմավարական համագործակցության խորացում՝ Մերձավոր Արևելքում աճող լարվածության ֆոնին։

Ըստ համաձայնագրի, երեք երկրներից մեկի նկատմամբ զինված հարձակումը կդիտարկվի որպես հարձակում բոլոր երեքի դեմ։ Դարն ընդգծել է, որ այս դրույթը համապատասխանում է պետությունների՝ անհատական և կոլեկտիվ ինքնապաշտպանության իրավունքին, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածում։

«Մեքքայում կնքված համաձայնագիրը չի չեղարկում և չի փոխարինում այս երկրների միջև գործող երկկողմ կամ բազմակողմ պայմանավորվածությունները, ինչպես նաև այլ պետությունների կամ կազմակերպությունների հետ նրանց պայմանավորվածությունները», — X սոցիալական ցանցում գրել է պակիստանցի նախարարը։

Դրանից մեկ օր առաջ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն էլ հայտարարել էր, որ համաձայնագիրը ուղղված չէ Իրանի կամ որևէ այլ երկրի դեմ։

Միևնույն ժամանակ, Պակիստանի ռազմական փորձագետները կոչ են արել նոր պայմանագիրը չհամեմատել ՆԱՏՕ-ի հետ՝ չնայած կոլեկտիվ պաշտպանության մասին դրույթին։ Նրանց գնահատմամբ, համաձայնագիրը կնքվել է տարածաշրջանային իրավիճակի սրման ֆոնին, սակայն այն չպետք է դիտարկել որպես Իրանի դեմ ուղղված քայլ։

Երեք երկրներն ունեն տարբեր ռազմական և տնտեսական հնարավորություններ։ Պակիստանն ունի զգալի ռազմական ներուժ և մուսուլմանական երկրների մեջ միակ միջուկային տերությունն է, Սաուդյան Արաբիան տիրապետում է խոշոր ֆինանսական ռեսուրսների և տարածաշրջանում զգալի ազդեցության, իսկ Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, ունի մեծ զինված ուժեր և զարգացած պաշտպանական արդյունաբերություն։

Պակիստանն ու Սաուդյան Արաբիան տասնամյակներ շարունակ պահպանել են սերտ ռազմական կապեր և 2025 թվականի սեպտեմբերին ստորագրել են փոխադարձ պաշտպանության մասին առանձին համաձայնագիր։ Թուրքիան և Պակիստանը վերջին տարիներին նույնպես ընդլայնել են ռազմական և ռազմարդյունաբերական համագործակցությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *