Կինը և հինգ ամսական երեխան մահացել են Նյու Յորքի նավահանգստում՝ Ազատության կղզու մոտ, նավակի շրջվելու հետևանքով, հայտնում է NBC News-ը։
Նյու Յորքի ոստիկանության տվյալներով, 27-ամյա կինը և մանկիկը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են NYU Langone Health Brooklyn հիվանդանոց, սակայն հետագայում բժիշկները արձանագրել են նրանց մահը։ Նրանց անունները առայժմ չեն հրապարակվում։
Եվս 12 մարդ փրկվել և թեթև վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ, հայտնել են Նյու Յորքի հրշեջ ծառայությունից։
Ոստիկանությունն առայժմ մանրամասներ չի հայտնել նավակի և դրա օպերատորի մասին։ ԱՄՆ առափնյա պահպանությունը հաստատել է, որ նավակը քարշակվել է դեպի ափ, որից հետո այն անցել է ոստիկանության տնօրինության տակ։
Քննությունը շարունակվում է։ Առայժմ ձերբակալություններ չեն կատարվել։
Ազատության կղզին գտնվում է Նյու Յորքի նավահանգստում և զբոսաշրջիկների շրջանում հայտնի վայր է։ Կղզում է գտնվում Ազատության արձանը, որը Ֆրանսիայի կողմից նվիրաբերվել է ԱՄՆ-ին և բացվել 1886 թվականին։