Ամերիկացիների մեծամասնությունն աջակցում է սոցիալական ցանցերի գործունեության նկատմամբ պետական վերահսկողության խստացմանը, այդ թվում՝ օգտատերերի տարիքի պարտադիր ստուգմանը՝ երեխաների մուտքը հարթակներ սահմանափակելու համար։ Այդ մասին են վկայում Reuters/Ipsos-ի հարցման արդյունքները։
Հարցվածների 61%-ը նշել է, որ սոցիալական ցանցերին անհրաժեշտ է ավելի խիստ պետական վերահսկողություն։ Այս դիրքորոշումը պաշտպանել են դեմոկրատների 71%-ը և հանրապետականների 62%-ը։ Անկախների շրջանում աջակցության մակարդակն ավելի ցածր է եղել։
Միևնույն ժամանակ, հարցվածների 66%-ը կողմ է արտահայտվել այնպիսի օրենքների ընդունմանը, որոնք սոցիալական ցանցերին կպարտավորեցնեն օգտագործել տարիքի ստուգման գործիքներ, որպեսզի մինչև 16 տարեկան երեխաներին թույլ չտան մուտք գործել հարթակներ։ Հանրապետականների շրջանում նման նախաձեռնությանը աջակցել է 74%-ը, դեմոկրատների շրջանում՝ 69%-ը։
Հարցումն անցկացվել է տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ աճող ճնշման ֆոնին՝ անչափահասների վրա դրանց ազդեցության պատճառով։ Ամերիկյան ավելի քան մեկ տասնյակ նահանգներ արդեն ընդունել են օրենքներ, որոնք կարգավորում են երեխաների մուտքը սոցիալական ցանցեր։ Սակայն ոլորտային NetChoice միավորումը, որի կազմում են Meta-ն, TikTok-ը և Snap-ը, դատարաններում վիճարկում է նման պահանջները՝ պնդելով, որ դրանք խախտում են խոսքի ազատության իրավունքը։
Ամերիկացիների 85%-ը կարծում է, որ սոցիալական ցանցերը կարող են երեխաների մոտ կախվածություն առաջացնել։ Հարցվածների համադրելի մասնաբաժինը կարծում է նաև, որ դրանց օգտագործումը կարող է բացասաբար ազդել անչափահասների հոգեկան առողջության վրա։
Միևնույն ժամանակ, սոցիալական ցանցերը շարունակում են մնալ հանրաճանաչ․ հարցվածների 70%-ը նշել է, որ սիրում է ժամանակ անցկացնել նման հարթակներում, իսկ 35%-ը դա համարում է սթրեսի աղբյուր։ 52%-ը խոստովանել է, որ չափազանց շատ ժամանակ է անցկացնում սոցիալական ցանցերում, մինչդեռ 43%-ը դրա հետ չի համաձայնվել։
Reuters/Ipsos-ի հարցումն անցկացվել է առցանց՝ ԱՄՆ-ի 4505 չափահաս բնակիչների մասնակցությամբ։ Սխալի սահմանը կազմում է մոտ երկու տոկոսային կետ։