Միայն շոուներ եւ փիառ. բլեֆների ու փուչիկ փչելու մեծ մասնագետները

Ինչքա՜ն հնչեղ ու ձախողված պրոյեկտների մեկնարկ են տվել ՔՊ-ական իշխանություններն այս 8 տարում եւ հետո ինչպես են ծածուկ, անաղմուկ այդ պրոյեկտները թաղել գզրոցներում ու մոռացել դրանց մասին: Քանի՜-քանի բարձրտեխնոլոգիական գործարան է բացել այս տարիներին Նիկոլ Փաշինյանը` գործարանի սեփականատիրոջ հետ խրոխտ քայլել, Հանրային հեռուստատեսությունն էլ աչքալուսանք-ռեպորտաժներ է նկարահանել` միամիտ ընտրողին հավատացնելով, թե շատ շուտով «Նյու Վասյուկի» ենք ունենալու` մեր կյանքը դեպի լավն է գնալու, երկիրը ծաղկելու է, բայց կարճ ժամանակ անց ամեն ինչ մոռացվել է:

ԱՆԻՖ-ի պատմություն, հեռուստացույցների գործարան, Հյուսիս-Հարավ մայրուղի, որից նախընտրական փուլում մի փոքր հատված իբրեւ թե բացվեց, նոր հիմնված ջերմոց, որը չի կարողանալու արտադրած ծաղիկն իրացնել: «Հին Երեւան» պատմամշակութային թաղամաս, որն այդպես էլ չի ավարտվում, ակադեմիական քաղաք, Նորագավիթի տրանսպորտային էստակադա, Կասկադի անավարտ մասի կառուցապատում, Աջափնյակի մետրոյի կայարան, որոնք այդպես էլ չեն սկսվում: Ազգային ավիափոխադրող «Ֆլայ Առնա», «Մասդար» ծրագիր, Գյումրիում «Ռենեսանս» թաղամասի կառուցում… Ո՞ր մեկը թվարկես` մեգանախագծերի հաշիվն ենք կորցրել եւ դրանց ձախողումների պատմության մեջ խճճվել:

Ինչքա՜ն հանրային միջոցներ են այս նախագծերի ֆինանսավորման անվան տակ վատնվել, ոչ նպատակային ծախսեր արվել, ինչքա՜ն մարդու են խաբել սրանց մեկնարկի մասին հայտարարելով: Պարզ է, որ այս իշխանությունը բյուջեի փողերի հանդեպ մի ուրիշ կարգի վայրի մոտեցում ունի` դրանք ծախսում է կատաղի եռանդով, առանց հաշվելու ու խնայելու: Միայն ԱՆԻՖ-ի վրա վատնված տասնյակ միլիոնավոր դոլարները կբավարարեին, որ աղքատ խավի անապահովության նպաստները վճարվեին, կամ արցախցիներին հատկացվող գրոշները` տուն ձեռք բերելու համար տրամադրվող, մի քիչ ավելացվեին: Փաստ է, որ նրանց մի փոքր մասն է միայն կարողացել պետության տրամադրած սերտիֆիկատներով բնակարաններ ձեռք բերել, այդ 2-3 միլիոն դրամը շատ քիչ է բնակտարածք ձեռք բերելու համար: Դե իսկ պետական ապարատի վերնախավին տրամադրված միլիոնավոր դրամների պարգեւավճարները կարող էին շատ ավելի կարեւոր նախագծերի վրա ծախսվել:

Բայց այս իշխանությունը փիառի եւ շոուների մեծ վարպետ է եւ նախագծերի, խոշոր ներդրումների, իրական շինարարության ու մեծ ձեռնարկների բացակայությունը կոմպենսացնում է տեսարաններով: Դրանցից մեկն էլ վերջին ամիսներին այդքան թմբկահարված Firebird AI-ի եւ համաշխարհային տեխնոլոգիական
ընկերության` NVIDIA-ի հետ համատեղ արհեստական բանականության գործարանի պաշտոնական բացման արարողությունն էր, որը կայացավ 2 օր առաջ եւ որը նախատեսված էր բացառապես մարդկանց վրա տպավորություն թողնելու համար։ Այս նախագիծն իրականացնողները, ֆինանսավորման սկզբունքները, բովանդակությունը, հետեւանքները, էներգետիկ եւ այլ ծախսերը, էկոլոգիական ազդեցությունը մեր միջավայրի վրա, տնտեսական ռիսկերը, կուտակային հիմնադրամների առնչությունը… բազում հարցեր են առաջացրել մասնագետների մոտ, որոնք տագնապած են, որ սա կա՛մ հերթական վտանգներով հղի ձեռնարկն է, կա՛մ հերթական բլեֆը, մեր բյուջեի ու երկրի վրա դրվող նոր բեռը եւ առաջիկայում պայթելիք հերթական փուչիկը:

Իսկ եթե այս շոուներից ու խոստումներից մի փոքր վերացարկվենք, կտեսնենք, որ մեր երկրում ոչինչ չի ստեղծվում, ոչինչ չի կառուցվում, բայց լիքը բան ամեն օր փլվում է, ոչնչանում, հետաճ ապրում, նվազում ու վերանում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *