
Հարցազրույց Կենտրոնի նախկին թաղապետ, քաղաքաշինարար Վիկտոր Մնացականյանի հետ
– Դեռ Խորհրդային Միության տարիներից խոսում են Կոնդը քանդելու, կառուցելու կամ վերակառուցելու մասին: Վերջերս նորից շրջանառության մեջ դրվեց այդ քնող ու արթնացող քաղաքաշինական թեզը: Ի՞նչ դիտարկումներ ունեք այս առիթով:
– Ամենաառաջին քայլը եղավ` կառավարությունը, իշխանությունները հասկացան, որ կոնդեցուն չպետք է նեղացնել, որ Կոնդի հետ չպետք է վարվեն այնպես, ինչպես Ֆիրդուսու հետ վարվեցին կամ Հյուսիսային պողոտայի, երբ կոպեկներով վերցրին տները, հետո շենքեր սարքեցին: Եվ ամենակարեւորն այն է, որ հինը չքանդվի: Հայփոստի շենքն էլ են հիմա ուզում քանդել, թե տեսքն այն չէ: Բայց խոսք են տվել, որ չեն քանդելու, այսինքն` քաղաքաշինական ծրագրով Հայփոստի շենքը պիտի մնա: Իսկ շենքը մեր Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ Էդուարդ Սարապյանի գլուխգործոցներից է:
Արդեն փորձն ունենք, թե ինչպես վարվեցին «Դվին» հյուրանոցի հետ: Քանդեցին, բայց շենքը մնաց: Քանդեցին հարկերը, բարձրացրին առաստաղները, բայց շենքը պահպանվեց: Երիտասարդական պալատը քանդելու պաշտոնական հիմնավորումը եղել է այն, թե առաստաղները ցածր են: Գնում ես Լաս Վեգասի ամենալավ հյուրանոցներ, մեծ մասի առաստաղները ցածր են, ձեռքդ բարձրացնում ես` կպնում է առաստաղին: Եվ արդյունքում Երեւանը զրկվեց Երիտասարդական պալատից: Իսկ «Դվինը» պահպանվեց թեկուզ իր նախնական արտաքինով, բայց շենքը մնաց: Այդպես կարող են Հայփոստի շենքի ապակիները փոխել, կառույցն ամրացնել: Նույնկերպ կարող են վարվել «Զվարթնոց» օդանավակայանի դեպքում: Դրանք Երեւանի ինքնության մասն են:
– Վերակառուցել` պահպանելով շենքերի պատմականությունն ու մշակութային արժեքը: Նույն մոտեցումն էլ պետք է Կոնդի՞ նկատմամբ ունենալ՝ որպես հին թաղի եւ պատմամշակութային արժեքի, Երեւան քաղաքի հիշողության: Ինչո՞ւ պետք է պահպանել Կոնդը:
– Եթե Կոնդն ընդամենը թաղ է, իսկ ո՞րն է Կոնդի հզորությունը: Կոնդը միակ թաղն է, որ իր աշխարհագրական դիրքով էլ է առանձնանում: Ինչպես ունենք երեւանցու համար ԿինոՄոսկվան, Բոքսի հայաթը, Չարխի հայաթը կամ, մի քիչ հեռու գնանք՝ Մուխանաթափը եւ այլն: Դրանց համեմատ Կոնդն ամենաբարձրն է իր աշխարհագրական դիրքով եւ ամենահինն է:
Կոնդը չես կարող դիտարկել առանց Կոզերնի, բայց Խորհրդային Միության ժամանակ Կոզերնը քանդեցին: Երեւանի ամենահին գերեզմաններն այնտեղ էին: Կոնդում դեռ ինչ-որ հին բան պահպանվել է, իսկ Կոզերնից ընդհանրապես բան չի մնացել: Դրանք մեր ինքնության փաստերն են, անձնագրերն են, որոնց համար մենք պետք է պայքարեինք: Մի ֆրանսիացի ճանապարհորդ հիշատակել է, որ այստեղ 13-14-րդ դարերում մեծ աշտարակներ են եղել: Նկարը կա այդ աշտարակի, բայց չենք կարողանում գտնել, թե որտեղ է եղել, որովհետեւ մարդն ուզեցել է տղայի համար տուն սարքել եւ մի գիշերում քանդել է՝ ինչ պատահի: Իսկ ոչ մեկի պետքն էլ չի եղել, որովհետեւ ասել են` շուտով Կոնդը քանդելու են, ո՞ւմ է պետք: Չեն հասկացել Կոնդի իրական արժեքը, արժանիքները ո՛չ Սովետի ժամանակ, ո՛չ Սովետից հետո: Շատ հարցերի պատասխաններ ունենք հայերս, հատկապես՝ երեւանցիներս, Կոնդում:
Ձորագյուղն ամբողջովին ջնջեցին, բայց հիմա ամենակարեւոր տեղերը, կամրջի կողքերը տալիս են, որ շինարարություն անեն: Գառնիի ձորում Քարերի սիմֆոնիան պահպանում են, գնում տեսնում ես որպես բնական հուշարձան: Գալիս ես Երեւան, տեսնում ես Հաղթանակ կամուրջը, կոնյակի գործարանը, ուրիշ պատմական կառույցներ եւ տեսնում ես, որ ժամանակակից շենքեր են սարքում ձորում, փակում տեսարանները: Ձորում չէր կարելի թույլ տալ նման բաներ: Թողես՝ միայն խոսեն ձորից:
– Բայց կան մարդիկ, որ ուզում են վաճառեն տները, ուղղակի թողնեն ու գնան, մարդիկ էլ կան, որ ակնկալում են պետական աջակցություն, որպեսզի իրենց տները բարեկարգեն եւ շարունակեն ապրել: Ի՞նչ ընդհանուր մոտեցում սպասել, որ լինի խելամիտ:
– Ով ուզում է իր տունը վաճառել, թող վաճառի գնա, բայց իրեն չեն կարող ստիպել, որ ծախի` այլ ելք չունենալով: 2018-ից հետո, մինչեւ վերջերս, ինչ-որ բիզնեսմեններ էին հայտնվում, այդպես երբեմն-երբեմն տարբեր մարդիկ, ուզում էին ստիպել այս մարդկանց, որ վաճառեն տները, բայց չստացվեց: Տեսեք, Նորագյուղի դեպքում էլ է նույն խնդիրը: Նորագյուղն ընդհանուր 80 հեկտար է, որի կեսն է խիտ բնակեցված, ուզում են մարդկանց տան շուկայական արժեքի 30 տոկոսը, դա խայտառակություն է: Դու չես կարող, անկախ նրանից` կոնդեցի կլինի, նորագյուղցի կլինի, թե ֆիրդուսցի, ստիպես, որ ցածր գնով վաճառի իր տունը:
Հիմա Կոնդում ռեալ գինը շուկայական արժեքով ամենաքիչը 3-4 հազար դոլար է քառակուսի մետրը: Իսկ եթե մարդն այդտեղ ապրում է, իր պապն է ապրել, հիշողություններ ունի եւ չի ուզում գնալ, բայց դու ուզում ես տունը քանդել եւ իրեն տանել, ուրեմն դու իրեն պիտի տաս արժեքի 300 տոկոսը: Ոչ թե լինի ինչ-որ մի կառուցապատողի թելադրանքը, որ որոշել է այդտեղ շենքեր սարքել, այդպես չի կարող լինել: Այ, հենց այստեղ են պետությունները, քաղաքային իշխանություները կայանում, երբ դու տեր ես կանգնում քո բնակչին:
Հիմա պետությունը Կոնդի առումով շահեկան վիճակում է: Դեմիրճյանի ժամանակ էլ էին ուզում Կոնդի խնդիրը լուծել, բայց այն ժամանակ ամեն տան վրա գրանցված էր 20-30 ընտանիք, որոնց՝ բոլորին պետք է բնակարանով ապահովեին: Դրա համար էլ Կոնդը չկառուցվեց: Իսկ հիմա օրենսդրությունը փոխվել է, վճարում են ըստ քառակուսի մետրի: Կոնդեցին հասկացավ, որ էլ իմաստ չկա՝ բերել մարդկանց գրանցել, որ տուն ստանան:
– Հիմա Կոնդն ինչպե՞ս պետք է կառուցվի, անհատական մոտեցմա՞մբ` բնակչի հայեցողությամբ, թե՞ ընդհանուր քաղաքաշինական ծրագիր պետք է գործի:
– Կոնդը, որպես հին թաղամաս, պետք է ունենա իր թաղապետի ինստիտուտը: Նույնը` Սարի թաղի դեպքում: Չեն կարող Կոնդը, Սարի թաղը չունենալ թաղապետ: Հատկապես Կոնդի վերաբերյալ, որպես պատմական թաղ, կառավարությունը պետք է առանձին օրենք ընդունի, ինչպես ժամանակին մենք քննարկում էինք Փոքր կենտրոնի մասին օրենքը: Կոնդը պարտադիր պետք է ունենա թաղապետ, գեղագիտական խորհուրդ, քաղաքաշինական խորհուրդ, որպեսզի ամեն մարդ չկարողանա ինչ ուզենա, այն էլ անի: Պատկերացնո՞ւմ եք՝ մի օր մարդիկ որոշեն ու տները քանդեն եւ տուֆից կամ տրավերտինից ինչ-որ բան սարքեն` ամեն մեկն իր ուզածով: Պարզ է, որ այդ մոտեցմամբ Կոնդի գեղագիտությունը կորելու է: Պետության խնդիրը հենց այդտեղ պետք է լինի: