Ծանր է Փաշինյանի վիճակը – Հրապարակ

Ծանր է Նիկոլ Փաշինյանի վիճակը։ Ծանրն այն բառը չէ, և սովորական բառամթերքով հնարավոր չէ նկարագրել։
Շեքսպիրի հերոսը կասեր՝ «Լինել, թե չլինել, այս է խնդիրը․․․»։ Փաշինյանն այստեղ վերջակետ կդներ և չէր շարունակի՝ «Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ», որովհետև նրան չի հետաքրքրում հոգեպես ազնիվ լինելը։ Նրան միայն մի բան է հուզում՝ անպայմա՛ն լինել։ Ինչ գնով ուզում է՝ լինե՛լ։ Ու նրա խաղը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև հենց դա է վկայում։

Բայց ողբերգության մեջ գալիս է մի պահ, երբ հանգուցալուծումն անխուսափելի է, և պետք է որոշել՝ ԵԱ՞ՏՄ, թե՞ ԵՄ։ Իսկ վերջնական որոշումը կարող է գուժել Փաշինյանի «չլինելը»։ Հենց դրա համար ասում է՝ մի քիչ էլ սպասենք։ Ինչքան հնարավոր է՝ երկարաձգել իր լինելը։

Գալուզինն արդեն հայտարարում է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին կայանալիք կազմակերպության գագաթնաժողովում։
Բայց ինչո՞ւ։

Շեքսպիրյան ողբերգություն։ Չէ՞ որ ինքը այնքան լավ է խաղում երկուսի միջակայքում։ Եթե թեքվի մի կողմի վրա, մյուս կողմը «սուր կհանի»։ Այսօր խաղն արդեն հասել է 50/50-ի։ Գրեթե հավասարեցնել է ուզում ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի շեմերը։
Ազգային ժողովում՝ «փայլուն հանդուրժողականություն է»։ Ընդդիմությանն այնպես են խփում, որ հետքը չերևա, բայց դա չի խանգարում մյուս կողմի խաթրն էլ առնել՝ Կաթողիկոսն է հետապնդվում, նոր քրեական գործեր են շարվում․․․ Եվ նրանցից շատերը, ովքեր հետապնդվում ու ձերբակալվում են, ռուսական կողմնորոշում ունեն։
Փաշինյանին երկու կողմից էլ զգուշացնում են՝ ժամանակը սպառվում է։

Սա է ամբողջ ողբերգությունը։ Նա ուզում էր լինել բոլորի հետ՝ այնքան, որքան իրեն ձեռնտու է։ Բայց աշխարհաքաղաքականությունը սուպերմարկետ չէ, որտեղ կարող ես մի դարակից վերցնել անվտանգությունը, մյուսից՝ եվրոպական աջակցությունը, երրորդից՝ քաղաքական լեգիտիմությունը։ Վերջում հաշիվը ներկայացվում է։
Եվ Գալուզինի հայտարարությունն այդ հաշվի առաջին թերթիկն է։

Ահա թե ինչու այսօր Փաշինյանի վիճակն իսկապես ծանր է։ Նա կանգնած է ընտրությունը հետաձգելու հնարավորության կորստի առաջ։ Ու որքան էլ փորձի ձգել, որքան էլ նոր ձևակերպումներ գտնի, որքան էլ «մի քիչ էլ սպասենք» ասի, մի բան արդեն ակնհայտ է՝ թպրտալու տեղը գնալով փոքրանում է։

Եվ հիմա հարցն արդեն միայն ԵԱՏՄ-ն կամ ԵՄ-ն չէ։

Հարցն այն է՝ որքա՞ն կարող է պետության արտաքին քաղաքականությունը մնալ անձնական քաղաքական գոյատևման գործիք։
Պետության ռազմավարական հարցերը հնարավոր չէ անվերջ թողնել «հետո»-ի վրա՝ միայն սեփական իշխանության «հիմա»-ն երկարացնելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *